ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալտհամերի տարածությունը
2019-02-22 13:30:40

Մարկ Գրիգորյան
Հանրային ռադիոյի համար


Պավել Ալտհամերը ավանգարդիստ քանդակագործ է։ Ավելի ճիշտ, ոչ միայն քանդակագործ։ Նա ժամանակակից արվեստի տարբեր՝ պերֆորմանսի եւ ակցիայի ժանրերում աշխատող արվեստագետ է։

Այս եզրույթները կբացատրեմ ավել ուշ, իսկ հիմա ասեմ, որ Ալտհամերին հրավիրում են աշխատելու աշխարհի տարբեր երկրներ։ Նրա ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Լեհաստանում, այլեւ ԱՄՆ- ում, Կանադայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում…Կարելի է համարձակորեն ասել, որ նա այն արվեստագետներից է, որոնք որոշում են եվրոպական ավանգարդ մշակույթի ներկան եւ ապագան։

Ավանգարդ մշակույթը Հայաստանում այնքան էլ հայտնի չէ, թեեւ հայ նկարիչների գործերը գնահատվում են աշխարհում։ Բարձր գնահատանքի ապացույցը, մասնավորապես, Հայաստանի մշտական մասնակցությունն է Վենետիկի բիենալեին՝ աշխարհի ամենահայտնի եւ հեղինակավոր ֆորումներից մեկին։

Նոր արտահայտչամիջոցների փնտրտուք, արվեստի ոլորտների ընդլայնում, ցուցասրահների սահմաններից, ու ոչ միայն ցուցասրահների, այլ նկարներին ավանդական շրջանակներից դուրս գալը. հենց սրանք են բնորոշում ժամանակակից արվեստագետների որոնումները։ Ավանդական ձեւերի երկրպագուներին դրանք կարող են դուր գալ կամ չգալ, սակայն ավանգարդն արվեստում նոր ուղիներ է փնտրում։ Իսկ որոնումները միշտ ուղեկցվում են վտանգներով։ Նկարիչը նկարը շրջանակի մեջ դնելով՝ ռիսկի չի գնում, իսկ եթե նկարը ստեղծվո՞ւմ է քաղաքի մի ողջ թաղամասի ֆոնին…
  


Եվ այսպես. պերֆորմանսը արվեստի գործ է, որն ստեղծվում է «այստեղ եւ այժմ» սկզբունքով։ Այսինքն՝ որոշակի տեղում որոշակի ժամին։ Դրան անպայման պետք է մասնակցի նկարչի մարմինը, սակայն ստեղծագործության մաս դառնում են նաեւ հանդիսատեսի եւ հեղինակի փոխհարաբերությունները։ Ու այսպիսով ունեցանք չորս բաղադրիչ, որոնք էլ կազմում են պերֆորմանս՝ ժամանակ, տեղ, մարմին եւ փոխհարաբերություն։

Իսկ ակցիան գեղարվեստական գործի ստեղծումն է, ընդ որում՝ էապես կարեւոր է դրա ստեղծման գործընթացը, այլ ոչ թե արդյունքը։ Ալտհամերն, անցկացնելով իր ակցիաները, կարծես ստեղծում է պայմաններ, իսկ ստեղծագործում են այլ մարդիկ։ Այսպես, օրինակ, ակցիաներից մեկում Ալտհամերի հարեւանները հագել են ոսկեգույն կոմբինեզոններ եւ քայլել իրենց թաղամասի փողոցներով, զրուցել անցորդների հետ։ Մեկ այլ ակցիայում ոսկեգույն են ներկել «Բոինգը», հետո նստել են այդ ինքնաթիռը եւ Վարշավայից թռչել Բրյուսել, որպեսզի այդկերպ նշեն Լեհաստանում ժողովրդավարական ընտրությունների քսանամյակը։
 

Սուրբծննդյան տիկնիկախաղ հեռուստացույցում
 

Ահա թե ինչ տեսա ներկայացվող ակցիայում. «Զահետա» արվեստի ազգային պատկերասրահի (որտեղ, ի դեպ, ցուցադրված են Պիկասոյի, Թուլուզ Լոտրեկի, Մալեւիչի եւ այլ անվանի նկարիչների գործերը) շենքի մոտ հարյուրամյա սոսուց կտրված մի քանի գերաններ էին։ Հենց այդ կտորներն էին առարկաները` օբյեկտները, որոնցով բոլոր ցանկացողները կարող են աշխատել։

Դեկտեմբերյան ցուրտ օրն այստեղ հավաքվել էր մոտ տասը մարդ։

«Արդեն շատ տարիներ է, որ օգտագործում եմ իմ մեթոդը՝ հրավիրել ուրիշներին»,- ասում է ձմեռային տաք կոմբինեզոն հագած Պավել Ալտհամերը։ Կանգնած ենք փողոցում։ Ցուրտ է։ Սկսեց ձյուն գալ, սակայն նկարչին դա ամենեւին չանհանգստացրեց։

«Մենք որոշել ենք,- շարունակում է Ալտհամերը,- որ դա կլինի քանդակային փորձ։ Բերել ենք այս գերանները։ Ի դեպ, ամենամեծ ծառն ընկել էր ուժեղ քամուց իմ ստուդիայից ոչ հեռու։ Այդպիսով՝ բնությունն ինքը իմ ակցիայի մասնակից է»։

Ալտհամերին շրջապատում է մարդկանց խումբ, որոնք ինչ- որ բան են անում՝ ուշադրություն չդարձնելով անցորդների վրա։ Մեկը բարակ թիթեղի մեծ թերթից կտորներ էր կտրում, մյուսը՝ ոսկեգույն ներկում հեռուստացույցի կմախքը, իսկ ոմանք ուղղակի զրուցում էին իրար հետ՝ երկու-երեք հոգով խմբերի բաժանված։

«Կարծում եմ՝ այստեղ գտնվող մարդիկ հասկանում են, որ մենք կոլեկտիվ ենք։ Մենք ինչ- որ առումով բնական կոլեկտիվ ենք։ Մեզ անգամ առաջնորդներ պետք չեն։ Մենք կարող ենք այնպես անել, որ  որոշակի խնդիրներ իրականացնելու ժամանակ առաջնորդներ ի հայտ գան։ Մենք խաղում ենք։ Խաղում ենք, ինչպես երեխաներ, այլ ոչ թե քաղաքական գործիչներ»։

Աստիճանաբար ակցիայի բոլոր մասնակիցները հավաքվեցին «ոսկեգույն հեռուստացույցի» մոտ՝ իրենց հետ բերելով թիթեղի այն կտորները, որոնցից ինչ- որ ֆիգուրներ էին կտրել։ Պարզվում է՝ դրանք ներկայացնում են սուրբ Մարիամին եւ Հովսեփին, օրորոցում պառկած փոքրիկ Հիսուսին, ինչպես նաեւ երեք թագավորներին՝ Բաղդասարին, Գասպարին եւ Մելքոնին։

Եվ հեռուստացույցը դառնում է սուրբծննդյան բեմի տիկնիկային ներկայացում, որն ինքն իրենով դառնում է շրջակայքի «կազմակերպված քաոսի» մաս, որտեղ հսկա գերանները ներկայացնում են ե'ւ Միցկեւիչի կիսանդրին, ե'ւ մերկ կնոջ իրան, ե'ւ խարույկ, ե'ւ թիթեղի կտորներ՝ դարսվելով եւ կարծես նմանվելով հեթանոսական զոհասեղանի…

Այդպես է ստեղծվում, այդպես է կազմավորվում Պավել Ալտհամերի գեղարվեստական տարածությունը։

«Մենք վարպետների ստեղծած արժեքները պահպանող  «Զահենտա» պատկերասրահի մոտ ենք։ Սակայն մենք հակառակ ենք գործում։ Մենք ասում ենք՝ եկեք մեզ վարպետ զգանք, վարպետ լինենք։ Վայրկյանի տերը լինենք եւ հաճույք ստանանք, որ նկարիչ ենք։ Եվ թող ձեզ չշփոթեցնի, որ հատուկ կրթություն չեք ստացել»։


Արվեստը՝ երջանկության վիճակ է
 

Փողոցում ցուրտ էր եւ մեր զրույցը շարունակվեց թանգարանի սրճարանում։ Ալտհամերը հանեց կոմբինեզոնը եւ հարմար տեղավորվեց բազմոցին։

Փողոցում տեսածիս տպավորությունը երկակի էր։  Մի կողմից տեսել էի ոգեւորված մարդկանց խումբ, որ հաճույքով ինչ- որ բան էր անում, արարում, ստեղծում սեփական արվեստի գործը։ Մյուս կողմից՝ նրանց գործունեության արդյունքը գեղարվեստական առումով ինձ վրա շատ էլ մեծ տպավորություն չէր թողել։

Նախ՝ համենայն դեպս, ուզում էի հասկանալ՝ ո՞վ էր այնտեղ ստեղծված գործի հեղինակը, ո՞վ էր նկարիչը։ Պարզվեց, որ Ալտհամերի պատկերացմամբ այսպես, թե այնպես նկարիչներն էին ծրագրի բոլոր մասնակիցները։

Պավել Ալտհամեր. Մարդիկ կարծում են, թե նկարիչ չեն, որովհետեւ տաղանդ չունեն։ Իսկ դա նշանակում է, որ նրանք են գնահատում իրենց։ Դա մարդկային սխալի աղետն է։

Արդյունքում՝ մենք զրկվում ենք երեխաների պես արարող լինելու փաստի հսկայական հաճույքից։ Սակայն ինչպե՞ս է պատահում, որ նրանք անհասկանալի կերպով կորցնում են հաճույքի այդ բնական զգացողությունը։ Ենթադրում եմ, որ երբ նրանց մոտ ինչ- որ բան լավ չի ստացվում, անմիջապես սկսում են քննադատել իրենք իրենց։

Մարկ Գրիգորյան. Եվ նրանք հաճախ շատ խիստ են իրենք իրենց նկատմամբ։

Պ. Ա. Այո, եւ չի կարելի դրան ուշադրություն չդարձնել։ Սակայն կարեւոր է, որ դա ձեզ դժբախտ է դարձնում։

Մ. Գ. Այսինքն՝ արվեստի շնորհիվ բարձրացնո՞ւմ եք մարդկանց ինքնագիտակցությունը։

Պ. Ա. Դա ինքնակրթության համար ամենալավ միջոցն է, մեթոդը եւ լծակը։ Կարծում եմ, որ արվեստը հենց դրա համար էլ գոյություն ունի։

Մ. Գ. Ստացվում է, որ տեղերով փոխում եք արվեստն արարողին եւ առարկան։ Չէ՞ որ սովորաբար մենք պատկերասրահ գնում ենք արվեստի ստեղծագործությունով հիանալու համար, որը հեղինակից առանձին արժեք է։ Ձեր ընկալմամբ՝ գլխավորը գործընթացն է, երբ կերտվում է ստեղծագործությունը։ Եվ այդ դեպքում արժեք է դառնում այն ստեղծող նկարիչը։

Պ. Ա. Գիտեք, արվեստը հաղորդակցության միջոց է։ Բարեկամական։ Դուք անգամ կարող եք քննադատ լինել, սակայն իրականում խաղում եք քննադատի դեր։ Դուք դրանից հաճույք եք ստանում, որպես դերասան խաղում եք քննադատ։ Որպես ազատ հոգի։ Իսկ ազատ հոգին վեր է այդ բոլոր «կրոններից»՝ արվեստից, քաղաքականությունից, այլ համակարգերից։

Ըստ իս, արվեստն իր բոլոր ավանդույթներով, որոնք ես զգում եմ, ինքնաճանաչման հրաշալի միջոց է։ Դրա հետ մեկտեղ դատողությունները պետք է մի կողմ թողնել։ Չէ՞ որ մեր ուղեղն այն բոլոր «խաղերի» մաս է, որոնց կարող ենք անվանել հակամարտություններ կամ պատերազմի մշտական վիճակ։

Մ. Գ. Իսկ ո՞վ է ում հետ պատերազմում։

Պ. Ա. Օրինակ, երբ ես սկսում եմ շատ մտածել, երբ իմ գաղափարներն ու կոնցեպտները շրջափակում են իմ բնական զգացողությունները, իմ բնական էներգիան, ես դադարում եմ խնդությունն զգալ։ Եվ դա իմ մարմնում սկսվող գլոբալ պատերազմի առաջին քայլն է։ Այնժամ իմ ձեռքերն սկսում են նյարդայնանալ (շփում է ձեռքերը), սկսում եմ խաղալ իմ սեփական կոնցեպցիաներով, եւ դա ինձ խելագարեցնում է։

Սկսում եմ բարկանալ։ Իսկ այն վիճակը, երբ դժբախտ եմ, կարող է այլ մարդկանց հետ ինչ- որ միասնություն ստեղծել։

Մ. Գ. Նշանակում է արվեստը, արարումը եւ երջանկության վիճակը ձեզ համար փոխկապակցվա՞ծ են։

Պ. Ա. Արվեստը վիճակ է, երբ հաղթահարում եք ամեն ինչ, անգամ դժբախտությունը։ Եվ արվեստի միջոցով կարելի է հաղթահարել շատ դրամատիկ իրավիճակներ։

Մ. Գ. Այսպիսով, արարումը ձեզ երջանիկ է դարձնում։ Ստացվում է, որ արվեստի գործ ստեղծելիս, դուք այդ կերպ երջանկությունն եք զգում։ Սակայն երբ տեսնում եք ձեր աշխատանքի արդյունքը՝ նույնպես երջանի՞կ եք։ Այո՞։

Պ. Ա. Այո, բայց այդ երջանկության կառուցվածքն է տարբեր։ Նախ՝ զգում եմ խաղաղություն։ Զգում եմ ուժ եւ այսպես կոչված ներշնչանք, որն արարման գործողության է մղում։ Հետեւում եմ այդ զգացմունքին, բայց գնում եմ ինչ- որ բանի հետեւից, որին անհնար է տիրանալ։ Եվ դա է արվեստի կախարդանքը։  

Դուք գնում եք ինչ- որ բանի հետեւից, որը կարող է ձեզ բերել բոլորովին այլ արդյունքի։ Եվ դուք չեք հիասթափվի, թեեւ նման արդյունք հաստատ չեք սպասել։ Դրա համար էլ կարող եք ուշադրություն չդարձնել ձեր սպասումների վրա։ Կամ հակառակը՝ ընդունեք դրանք։

Ինչպես է կերտվում արվեստի գործը
 

Մ. Գ. Այդպիսով, կարող եմ ենթադրել, որ երբ ձեր նախագծերից մեկով մարդկանց նստեցրեցիք ոսկեգույն ինքնաթիռ եւ ուղարկեցիք Բրյուսել, դա անմիջապես մարդկանց երջանիկ դարձնելու գաղափարի՞ հետ էր կապված։

Պ. Ա. Այս նախագծում օգտագործել եմ մանկության հիշողությունները։ Սակայն այդ նախագծի հարթակը... ձանձրույթն էր։ Ձանձրույթը որպես դժբախտության մի վիճակ։ Մարդիկ ամենօրյա կյանքում հոգնած, մռայլ են երեւում, չեն ծիծաղում, անհարմար են զգում իրենց։ Այդ նախագիծը կազմել եմ խելագարության հասցնող ձանձրույթի պլատֆորմի վրա։

Եվ գիտեք, դա նման է իմ երեխաների հետ խաղին՝ հե՛յ, միասին ի՞նչ անենք։ Դուք պատրա՞ստ եք անել անբացատրելի բաներ։  Ընդ որում՝ ինձ մի հարցրեք՝ ինչո՞ւ։ Կամ միանում եք ինձ, կամ՝ ոչ։ Սա խաղ է։ Ոչ մեկը ոչ մեկին ոչինչ չի խոստանում եւ, ի վերջո, չկա հեփի-էնդ։

Այդ պահին, իհարկե, ոմանք սկսեցին վերլուծել՝ խիզախություն կունենա՞ն, որպեսզի ծրագրում ընդգրկվեն, թե՞ ավելի լավ է հեռու քաշվել։ Շատերը հարցրեցին. «Իսկ ի՞նչ եք կարծում»։  Իմ կարծի՞քը։ Ես ձեզ հրավիրում եմ, ահա իմ կարծիքը։ Եկեք միասին լինենք, կոլեկտիվ լինենք։  Սա խաղ է, եկեք միասին խաղանք։

Մ. Գ. Հասկանում եմ այդ կոնցեպցիան։ Եվ հասկանում եմ, որ հենվում եք հենց այդ կոնցեպցիայի վրա, երբ մի երգչախումբ հանել էիք Մոսկվայի փողոցներ։ Այդ երգչախումբը երգում էր «Ուրախ տղաներ» կինոնկարից շատ հայտնի երգ, այնպիսին, որ բոլոր անցորդներն էլ կարող էին նրանց միանալ։ Եվ դա յուրօրինակ հրավեր էր՝ եկեք երգենք միասին։ Իսկ որտե՞ղ է խաղը ձեր մեկ այլ ծրագրում, երբ մասնակիցներն ուղղակի հավաքվեցին եւ սկսեցին մաքրել փողոցները։

Պ. Ա. Օ՜, փողոցներ մաքրելը՝ շփում է։ Դա ճանապարհ է դեպի շփման շամանական արմատներ։ Շփումը կարող է բուժել։ Ստեղծել կարգուկանոն։ Որեւէ տարբերություն չկա փողոց մաքրելու, երաժշտական ստեղծագործություն գրելու եւ նկար ստեղծելու մեջ։ Բոլոր դեպքերում բերում եք ձեր ներքին կարգուկանոնը։ Ձեր ուրախությունը կիսում եք մարդկանց հետ։

Բայց փողոցներ մաքրելն ունի նաեւ ուսուցողական բնույթ։ Ես ուսանողներին ասացի. հեյ, երեխեք, զգո՞ւմ եք, զգո՞ւմ եք, որ գեղարվեստական գործ եք ստեղծում։

Մ. Գ. Ձեր շատ ստեղծագործություններում հանդիպում է ոսկեգույնը։ Ձեր հարեւաններին հագցրել եք ոսկեգույն կոմբինեզոն, մի ամբողջ «Բոինգ» եք ներկել, ունեցել եք նախագիծ ոսկեգույն ավտոբուսով, եւ հիմա տեսա ոսկեգույն հեռուստացույց։ Դրանում ինչ- որ իմա՞ստ կա։

Լուսանկարը՝ «Ֆիկսալ» պատկերասրահի

 

Պ. Ա. Իմա՞ստ։ Խորհրդանշական։ Ոսկեգույնը խորհրդանշում է մի բան, որն ունի մեծ արժեք։ Այն խորհրդանշում է՝ ինչ բարձր եմ գնահատում ես այդ նախագծերն ու մարդկանց հետ աշխատանքը։ Բայց միաժամանակ այն ոչինչ է։ Դրանք ուղղակի կոստյումներ են։

Մ. Գ. Ինձ դուր է եկել ձեր նախագծերից եւս մեկը, երբ ԱՄՆ- ում հրավիրեցիք անօրինական ներգաղթյալներին կոտրելու այն պատկերասրահի դուռը, որտեղ ձեր ցուցահանդեսն էր, իսկ հետո նորոգելու այն։

Պ. Ա. Մենք խոսեցինք հատիկի մասին, որից ծնվում է կոնցեպտը։ Եվ հատիկը, սերմն այստեղ հետեւյալն էր։ Մտածեցի՝ ի՞նչ խաղ եմ խաղում։ Ո՞վ եմ ես։ Ինչո՞ւ են Նյու Յորքի այս մարդիկ հրավիրել ինձ (Wrong Gallery համակարգողներ Մասիմիլիանո Ջիոնին եւ Ալի Սուբոտնիկը- խմբ.) ։ Ինչո՞ւ համար։ Ի՞նչ են նրանք ուզում, որ ես պատմեմ։ Ի՞նչ ընդհանուր բան կա Վարշավալի եւ Նյու Յորքի միջեւ։  Եվ գլխավորը՝ The Wrong Gallery պատկերասրահը այնքան փոքր է, գրեթե անտեսանելի։

Եվ աչքիս երեւում էր շարունակվող համաշխարհային խաղը, որը անվանում ենք պատերազմ եւ խաղաղություն։ Տեսեք, սա նման է նրան, որ գալիս է արարողների խումբը, որոնք պետք է կառուցեն հրաշալի քաղաքակրթություն։ Բայց նրանց հետեւում է այլ ալիք՝ բարբարոսները։ Նրանք գալիս են, որպեսզի ոչնչացնեն այն, ինչ կառուցել է առաջին խումբը։ Սակայն նրանց համար ոչնչացնելը ազատության ակտ է։ Դա ավերման շատ կրեատիվ գործողություն է։

Հիմա այդ երկու ընկալումները տեղավորում ենք մեկ շշի մեջ։ Ստացվում է, որ այդ երկու կոնցեպտներն իրենից ներկայացնում են ինչ- որ կոլեկտիվ տեսլական, թեեւ բաժանված են երկու հակադիր շարժումների։ Եվ ես պերֆորմանսով փորձում եմ հենց դա ներկայացնել։ Բայց այստեղ թաքնված էր հեգնանք, ես խնդրել էի նույն մարդկանց լինել ե'ւ բարբարոսներ, ե'ւ արարողներ։

Չէ՞ որ, ի վերջո, յուրաքանչյուրիս մեջ ապրում է ե'ւ բարբարոսը, ե'ւ արարողը։

Մ. Գ. Այո։ բայց եկեք փորձենք հասկանալ, արդյո՞ք դա արվեստ է։

Պ. Ա. Դուք պիտի որոշեք։ Ամենապարզ պատասխանը՝ դուք որոշեք։
 

Հարցազրույցը պատրաստվել է Հայաստանի հանրային ռադիոյի և լեհական Ադամ Միցկեվիչի ինստիտուտի համատեղ նախագծի շրջանակներում:

Լուսանկարները` Եվգենի Կլիմակինի և Մարկ Գրիգորյանի