ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ չի սուբսիդավորվելու «Ունիսոնը»
2019-02-21 11:45:24

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» կազմակերպությունն այս տարի պետական սուբսիդիա չի ստանա։ Սա հարուցել է կազմակերպության դժգոհությունը, ֆեյսբուքյան էջում եղել է կոշտ արձագանք։ Ինչո՞ւ չի սուբսիդավորվելու 2002 թվականից գործող «Ունիսոնը»:

Հաշմանդամության խնդիրներով զբաղվող «Ունիսոն» կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ կառավարությունն իրենց գործունեությունը չի սուբսիդավորելու։ Սոցանցում գրառումը բավականին էմոցիոնալ էր։

«Ունիսոն ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային զբաղվածության խնդիրը ՉԿԱՐԵՎՈՐԵԼՈՒ և մեր կազմակերպությանը պետական սուբսիդիայից զրկելու համար։ Այսուհետ գործելու ենք լրիվ անկախ և մեր հնարավորությունների սահմաններում իրագործելու ենք ՀԿ-ի առաքելությունը։ Ուստի վաղվանից դադարեցնում ենք հետևյալ ԱՆՎՃԱՐ ծառայությունների մատուցումը. 1) հոգեբանական աջակցություն, 2) իրավաբանական խորհրդատվություն, 3) չտեսնող անձանց համար համակարգչային դասընթացներ։ Փորձելու ենք այնուամենայնիվ լրիվ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ հիմունքներով աջակցել աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց»։

Գրառման պատճառների մասին պարզաբանում ստանալու նպատակով զրուցեցինք «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի հետ:

Արմեն Ալավերդյանի խոսքով, քանի որ կառավարության ծրագրով նախատեսված էր եռամյա սուբսիդավորում, 2019-ի հունվարին ևս այս ծառայությունները շարունակվել են, մատուցած ծառայությունների համար մարդկանց աշխատավարձ են վճարել, օրենքով նախատեսված կարգով վճարել են պետության հարկերը: Բայց կառավարությունը նրանց տհաճ անակնկալ է մատուցել:

Ավելի ուշ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացել են, որ կառավարության որոշմամբ նախարարության կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերը՝ մասնավորապես ՀԿ-ների սուբսիդավորումը, այսուհետ կիրականացվեն մրցութային կարգով:

Մրցութային կարգին Ալավերդյանը կարծեք դեմ չէ, նրա համար անընդունելի է կազմակերպություն-նախարարություն հարաբերությունների ձևաչափը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանի հետ: Վերջինը մեկ անգամ ևս ներկայացրեց կառավարության դիրքորոշումը՝ ՀԿ–ների սուբսիդավորումն այսուհետ մրցութային կարգով իրականացնելու վերաբերյալ, ապա տեղեկացրեց.

«Մրցութային փաթեթն արդեն նախապատրաստվել է և առաջիկայում կհայտարարվի մրցույթը: «Ունիսոն» ՀԿ-ն ևս կարող է մասնակցել այդ մրցույթին ընդհանուր հիմունքներով»:

Արդյո՞ք «Ունիսոն» կազմակերպությունը կմասնակցի մրցույթին՝ հարցրեցինք Արմեն Ալավերդյանին. «Բնականաբար չեմ մասնակցի մրցույթին»:

Նախարարության պաշտոնյան ակնկալում է, որ «Ունիսոնն», այնուամենայնիվ, կմասնակցի մրցույթին, քանի որ այդ ոլորտում լավագույններից է համարվում

Արմեն Ալավերդյանի այն դիտարկմանը, որ կազմակերպությունը նյութական խնդրի առջև է կանգնել, քանի որ այս տարի ֆինանսավորել է ծրագրեր, որոնք փաստորեն չեն փոխհատուցվելու, նախարարության պաշտոնյան ասաց, որ որևէ պատասխան չի կարող տալ այդ պահի դրությամբ։ Այդպիսին են ընթացակարգերը՝ նշեց:

0:00
0:00