ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավետիս Ահարոնյանի որդու հուշերը Թումանյանի մասին
2019-02-21 14:01:09

 Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ վերահրատարակվել է Վարդգես Ահարոնյանի «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը: «Նոյյան տապան» գրատանը գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր երեկոյան:

«Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1936 թվականին Բոստոնում: Հեղինակը Առաջին հանրապետության նշանավոր գործիչ Ավետիս Ահարոնյանի որդին է՝ Վարդգես Ահարոնյանը, որը եղել է Զորավար Անդրանիկի գրագիրը: Թիֆլիսում ապրած տարիներին մտերիմ հարաբերություններ են ստեղծվել Ահարոնյանի ու Թումանյանի ընտանիքների միջև: Վարդգես Ահարոնյանին սա հնարավորություն է տվել մոտիկից շփվելու և ճանաչելու Ամենայն հայոց բանաստեղծին, իսկ հետագայում նաև հիշողությունները հանձնելու թղթին:

Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով Ահարոնյանի գիրքը վերահրատարակելու նախաձեռնությամբ է հանդես եկել Համազգային հայ կրթական և մշակութային միությունը: Միության կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանի հետ ենք զրուցում. «Այնքան ջերմ է գրված գիրքը, որ թվում է, թե Թումանյանն է զրուցում ընթերցողի հետ»:

Գիրքը գրելու համար հեղինակն ունեցել է միայն մեկ արժանահավատ աղբյուր՝ սեփական հիշողությունը: «Թումանյանի ընտանիքը ոչ միայն թիֆլիսաբնակ հայ գրողների, այլև առհասարակ հայերի մեջ ամենաբազմանդամ ընտանիքներից մեկն էր»,- գրում է Ահարոնյանը: Այս առիթով գրքից մի դրվագ է մեջբերում Սպարտակ Ղարաբաղցյանը

«Երբ առաջին անգամ հանդիպեցինք Թումանյանի որդու՝ Մուշեղի հետ, ինձ իրենց տուն տարավ: Երբ սեղանատուն մտանք, տեսա մի երկար սեղան ու մոտ 20 պնակ վրան շարված: Եթե իմանայի, որ այսքան հյուր ունեք, չէի մնա ճաշին, ասացի Մուշեղին: Իսկ նա պատասխանեց, թե միակ հյուրը դու ես: Եվ իրոք, երբ սեղան նստեցինք, միակ դրսեցին ես էի»:

Հաճախ են ասում՝ եթե Թումանյանը լիներ մեծ ազգի գրող, կլիներ աշխարհինը: Զրուցակիցս փոքր ինչ այլ մոտեցում ունի. եթե Թումանյանի աշխարհը հասկանային այդ մեծերը, ավելի մեծ ու բարի կլինեին: Հոբելյանն առիթ է՝ վերադարձնելու աշխարհին Թումանյանին, որովհետև նա միայն մերը չէ, համոզված է Ղարաբաղցյանը: Արդյոք արե՞լ ենք ամեն ինչ նրան աշխարհին ներկայացնելու համար:

Ըստ Ղարաբաղցյանի, Ահարոնյանի գրքի վերահրատարակությունը ևս փորձ էր լցնելու այդ բացը: Մեզ ու աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնելու, ասելու՝ մի կտրվեք Թումանյանից, որովհետև Թումանյանը ձերն է ու նրանից պրծում չկա՝ բառի լավագույն իմաստով: «Թումանյանից երբեք չես հոգնում, կարդում ես և ուզում ես նորից կարդալ, հետը մի քիչ տխրել, ուրախանալ: Ուզում ես, որ այդ բարության փոշին նստի քեզ վրա: Ինչ ասեմ, Թումանյանը բոլորիս պապն է, իսկ պապը չար չի լինում»,- մեր զրույցն այսպես է ամփոփում Սպարտակ Ղարաբաղցյանը:

0:00
0:00