Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների 5 քրգործերը կվերանայվեն
2019-02-21 16:40:35

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Աղմկահարույց 5 քրեական գործ առաջիկայում վերանայվելու է: Գործերը՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով են: Քննչական կոմիտեն եւ 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ այդ կապակցությամբ համաձայնագիր են կնքել: Որոշման մասին տեղեկությունն այսօր հրապարակվել է կառավարության ֆեյսբուքյան էջում: 

Այսօր, սակայն, սեւազգեստ մայրերը կրկին կառավարության շենքի մոտ էին: Նրանց մեջ էին նաեւ որդեկորույս այն ծնողները, որոնց երեխաների մահվան դեպքով քրեական գործերը պետք է վերաբացվեն:

Արդեն 9-րդ տարին է Նանա Մուրադյանի պայքարի տեղը նախագահի նստավայրի, խորհրդարանի, կառավարության եւ դատախազության շենքերի մոտ է: Ամեն անգամ փորձել է երկրի ղեկավարներին հիշեցնել տեղի չունեցած արդարադատության մասին: Տղան՝ Վալերիկ Մուրադյանը, բանակում ծառայեց 3 ամիս 20 օր: Մինչ օրս նրա մահվան պատճառը կասկածելի է ծնողների համար:

«Իմ տղային սպանել են Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի «Հայկազով» զորամասում: Սպանել են նրա համար, որովհետեւ ինքը ականատես է եղել վառելանյութի գողությանը»: 

Վալերիկ Մուրդյանի գործն այն 5 քրեական գործերի մեջ է, որոնք կառավարության որոշմամբ առաջիկայում վերաբացվելու են: Բայց տիկին Նանան սեւազգեստ մյուս մայրերի հետ այսօր կրկին կառավարության շենքի մոտ էր:

« Դատախազությունից, Քննչական կոմիտեից զանգեցին կանչեցին: Փաստաբանիս հետ գնացել են: Այդ քննիչը փաստաբանիս ասում է՝ դու իրավաբան, ես իրավաբան, ասեք՝ 9 տարի հետո, երբ իրեղեն ապացույցները ոչնչացրել են, գործերը կոծկել են, շեղել են, փորձաքննության չեն ենթարկել, հիմա ինչպե՞ս անեմ: Այսինքն՝ ինքն ինձ ասում է, որ գործը չի բացվելու՝ ինչը՞ բացեմ, եթե չկա»:  

Աղմկահարույց 5 քրեական գործերը վերանայելու համար Քննչական կոմիտեի հետ համաձայնագիր կնքած 10 իրավապաշտպան կառույցներից մեկում ընդգրկված իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  անկեղծացավ՝ վերաբացված գործերի վերանայման համար նախ լուրջ խնդիրներ կան:

«Ես հիմա ստիպված եմ լավատես լինել, բայց եթե անկեղծ ասեմ, արդյո՞ք մոնիտորինգային խումբը կարող է պարտադրել Քննչական կոմիտեին կատարել իր աշխատանքները պատշաճ եւ այն խախտումները, որ կմատնանշվեն՝ կկատարվեն իրոք մինչեւ վերջ եւ իրենք կհրաժարվե՞ն արդյոք իրենց հին գործելաոճից: Նրանք մինչեւ հիմա, հեղափոխությունից հետո էլ աշխատում են նույն ոճով: 

Անգամ իրեղեն ապացույցների բացակայության պայմաններում հնարավոր է վերականգնել արդարությունը՝ համոզված է իրավապաշտպանը: Հնարավոր է նախադեպեր ստեղծել:

« Աշխատանքներն ուղղված են լինելու հանցագործությունների բացահայտմանը, բայց եթե բացակայում են իրեղեն ապացույցները եւ դժվար էլ գտնել ու մեղավորներին պատժել, այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվեն քննչական մարմինները, ովքեր թերի են աշխատել, չեն բացահայտել այդ հանցագործությունները: Չկա այդ մշակույթը, որ եթե քննիչը թույլ է տվել կոպիտ խախտումներ քննության ընթացքում, խոչընդոտել է հանցագործության բացահայտմանը՝ նա պետք է պատասխանատվության ենթարկվի:

Հասարակական կազմակերպությունների հետ սպասվող համագործակցությունից լուրջ ակնկալիքներ ունեն Քննչական կոմիտեում: Վերաբացվող քրեական գործերի շրջանակներում պատրաստ են ընդունել բոլոր այն սխալները, որոնք ի հայտ կգան: Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան.

« Եթե կփաստվի որեւէ խախտում կամ հանցագործության դեպք, որը տեղ է գտել քրեական գործերի նախաքննության ընթացքում, ապա պատասխանատվությունը կլինի անխուսափելի: Սա առաջին անգամ է, որ նման ձեւաչափով գործունեություն է իրականացվում, մեզ համար շատ կարեւոր է հասարակական վերահսկողությունը եւ մենք վստահ ենք, որ այդ աշխատանքը տալու է իր դրական արդյունքները»:

Աշխատանքային ընթացակարգի պահանջով ամսական առնվազն մեկ անգամ  Քննչական կոմիտեում համատեղ նիստ կգումարվի, հնարավոր են նաեւ արտահերթ նիստեր: Առաջին 5 գործերի լրացուցիչ  քննությունից հետո  հերթով կանդրադառնան կասեցված կամ կարճված այլ գործերի, որոնց քննության ընթացքի անաչառությունը վստահություն չի ներշնչում: 

Վերաբացվող քրեական գործերն ընտրվել են հասարական կազմակերպությունների առաջարկով: Բացի Վալերիկ Մուրադյանի գործից վերաբացվում են նաեւ Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի գործերը, ինչպես նաեւ Մատաղիսի հայտնի գործը, երբ երկու զինծառայողի կյանք խլած հանցագործն այդպես էլ չհայտնաբերվեց:

0:00
0:00