ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աննա Հակոբյանն ամփոփել է «Իմ Քայլը» հիմնադրամի գործունեության արդյուքները
2019-02-21 16:10:02

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

Մեր ստացած միջոցներն ավելի պակաս են, քան մեր ստանձնած պարտավորությունները. այսօր հրավիրած ասուլիսին հայտարարել է «Իմ Քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Նա հաշվետվությամբ ամփոփել է հիմնադրամների վեցամսյա գործունեությունը, պատասխանել նաեւ լրագրողներին հուզող հարցերին, որոնք առնչվել են նաեւ վերջին շրջանում բավականին բուռն քննարկված թեմաների հետ:

Աննա Հակոբյանը նշել է, որ քննադատություններին լուրջ է վերաբերում, հետեւություններ անում, իսկ իրականության հետ կապ չունեցող լուրերին, պարզապես, որեւէ կերպ չի վերաբերում:    

 

Անցած 5-6 ամսում «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հավաքագրել է շուրջ 859 մլն դրամ, որից ծախսվել է  236 մլն դրամը: «Ժպիտների քաղաք» հիմնադրամ մուտք է եղել 264 մլն դրամ: Հիմնադրամի շահառուները քաղցքեղով հիվանդ 100-ից ավելի երեխաներ են: Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծախսերը անցած 5 ամսում կազմել են 70 մլն դրամ:

Հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նկատում է, որ եթե պետական միջոցներից 50 մլն դրամով ավելանա այս ոլորտի ծախսերը եւ ինչպես հայտարարել է առողջապահության նախարարը՝ քաղցկեղի բուժումը դառնա անվճար, ապա, միեւնույնն է, հիմնադրամի անելիքները շատ են առողջապահության ոլորտում:

 

Արձագանքելով լրագրողների հարցադրումներին՝ Աննա Հակոբյանն այսօր անդրադարձավ այն տեղեկություններին, թե տարբեր գերատեսչություններում տրված աղմկահարույց պարգեւավճարները փոխանցվել են «Իմ քայլը» հիմնադրամին:

Նա ասաց, որ առաջին անգամ է նման բան լսում, ապա հավելեց, որ «Իմ քայլը» հիմնադրամին 110 տարբեր կազմակերպություն եւ անհատ է նվիրատվություն կատարել: Նա բացառեց ստիպողաբար նման փոխանցումների առկայությունը:  

 

Աննա Հակոբյանն անդրադարձավ նաեւ հիմնադրամի՝ գրասենյակի հետ կապված մամուլի քննարկումներին առնչվող հարցին: Հերքեց տեղեկությունները, թե հիմնադրամը տեղավորվել է նախագահի նստավայրում: Նա շեշտեց, որ հիմնադրամի համար որեւէ կառավարական շենքի հատկացման եւ նման այլ հարց չի քննարկվել: Հիմնադրամը հիմա պարզապես փորձում է գտնել հարմար տարածք, որը նաեւ մատչելի կլինի՝ վարձակալելու համար:     

 

Լրագրողներից մեկն Աննա Հակոբյանից հետաքրքրվեց «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին: Արշավը սպասվածից ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ ասաց նա:  Տեղեկացրեց, որ այս պահին դադար է վերցրել՝ քննարկումների եւ հետագա քայլերն ավելի ճիշտ կազմակերպելու համար: Տիկին Հակոբյանը խոստացավ՝ այդ առումով կլինի լրացուցիչ հայտարարություն:

 

0:00
0:00