ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մասնագետներին վախեցնում են վարկերի տրամադրման մեխանիզմները
2019-02-22 12:05:24

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում վարկերի տրամադրմամբ սկսել են զբաղվել նաեւ թերթի կրպակները՝ խոստանալով ավելի արագ ու հեշտ ձեւակերպել գումարի տրամադրումը: Խոստման պես հնչող այս հայտարարություններն ու գովազդները իրականում մարդկանց գրավող հատկություն ունեն՝ նկատում են հոգեբանները: Ֆինանսական համակարգի մասնագետներն էլ իրենց զգուշացումներն են փոխանցում:

Մոտենում եմ թերթի կրպակին՝ հետաքրքրվելու՝ ինչպե՞ս են կրպակային պայմաններում տրամադրվում խոստացվող արագ վարկերը: Կրպակավարուհին հաճախորդներին սպասարկման ընթացքում արագ ներկայացնում է վարկի պայմաններն ու ընթացքում չի մոռանում անմիջական խորհուրդներ տալ:

«Մի ամսով է տրամադրվում՝ առավելագույնը 150 հազար դրամ՝ առանց տոկոսի: Չանգալ է, էլի, բալես: Ընկնում ես մեջը, խրվում մնում: Եթե մի ամիս անց՝ նույն օրը՝ նույն ժամին չմուծես՝ արդեն ամեն օր 1000 դրամի տուգանք է գալիս»:

Վաճառողուհին նաեւ բացատրում է՝ տեղում գումարը չեն տալիս, իրենք լրացնում են փաստաթղթերը, ստուգում տվյալները, ապա արդեն հաստատված վարկի հայտով ուղարկում բանկ՝ գումարը ստանալու: Դիմողները քիչ չեն, բայց մերժվողներն էլ՝  նկատում է: Երբեմն էլ գումարն ակնկալվածից պակաս է տրամադրվում՝ կախված մարդու եկամտից, ունեցած վարկերից:

«Վաայ, էս խիստ է ահավոր, դու գիտես հե՞շտ է տալիս: Էնքան են մերժվում»:

Կրպակավարուհին մի կողմից ներկայացնում է վարկի պայմանները, մյուս կողմից՝  խորհուրդ տալիս լավ մտածել վարկի տակ մտնելուց առաջ:

«Եթե վարկն ուշացրիր՝ իմացիր՝ կորած ես: Ամեն օր հազար-հազար դրամ գալու է: Բոլորին եմ էսպես անկեղծ խորհուրդ տալիս: Գիտե՞ս քեզ նման քանի աղջիկ ու թոռ ունեմ»:

Հետո զրուցակիցս շտապում է ճշգրտել՝ միայն այստեղ տրամադրվողից չէ, առհասարակ պետք է վարկերից զգուշանալ, ապա անցնում է սեփական մտահոգություններին՝

«Տո, այ բալա, ախր կրպակը... ես լրագրավաճառ եմ: Ես ի՞նչ գործ ունեմ վարկի հետ: Ես ֆինանսական աշխատո՞ղ եմ: Դա պետք է բանկն անի»:

Վարկերի տրամադրումն ավելի հասանելի ու մոտիկ լինելը ինչպե՞ս է գրավում մարդկանց՝ հետաքրքրվում եմ հոգեբան Էդուարդ Մադաթյանից: Վարկի ստացումը հետաքրքիր հոգեբանական մեխանիզմ է՝ բացատրում է զրուցակիցս: Մարդն այս պահին ստանում է մի բան, որի դիմաց ոչինչ չի վճարում: Սա նրան հոգեբանորեն ավելի հեշտ է տրվում, մինչեւ, սակայն, այն պահը, երբ պետք է սկսի մարումները: Վարկերի գովազդները շատ ագրեսիվ են, ու տոկոսով գումարի տրամադրումը ներկայացվում է այնքան գրավիչ, կարծես խոսքը նվիրատվության մասին է: Հոգեբան Մադաթյանին սա ոչ միայն մտահոգում է, այլեւ վախեցնում:

«Ի՞նչ է նշանակում գովազդել մարդուն պարտքով փող տալը: Մարդը, որին իրոք գումար է անհրաժեշտ, պետք է փնտրի ու գտնի իրեն ավելի հարմար տարբերակը, պետք է կարողանա կարդալ վարկի պայմանագրերը: Բայց բազմաթիվ մարդիկ գնում, վարկավորվում են՝ առանց հասկանալու՝ ինչ պարտավորության տակ են մտնում: Սա արդեն վախենալու է»:

Երբ վարկն ավելի մոտիկ է ու ավելի հեշտ է տրամադրվում, մարդն ավելի արագ է տրվում այն վերցնելու մտքին ու գայթակղությանը՝ նկատում է հոգեբանը:

«Ինքը չի փնտրում, չի գտնում իրեն ավելի հարմար տարբերակը: Այսինքն՝ մարդն անգիտակցաբար չի պատկերացնում նաեւ դրա վճարման պրոցեսը: Որովհետեւ եթե ես պատկերացնեմ դրա վճարման հետագան, ես կփորձեմ գտնել այն տարբերակը, որ ես քիչ կորուստ ունենամ»:

Որքան վարկերը մոտենում են քաղաքացուն, այնքան մեծանում է սոցիալապես անապահով մարդկանց թիվը, քանի որ նրանց փաստացի տրվում է հնարավորություն՝ մի կարճ շրջան ծախսել վարկը, ապա շատ ավելի երկար ժամանակ մարել այն: Վարկերով գայթակղվելը միայն հայկական ֆենոմեն չէ՝ նկատում է հոգեբանը, բայց հայերին բնորոշ է առանց հատուկ նպատակի ու ծրագրի, պարզապես ծախսի համար վարկ վերցնել:

«Ամբողջ ազգը վարկի տակ է: Մենք գնում են այ-ֆոն 10՝ ունենալով 60 հազար դրամ ամսական եկամուտ: Մենք ունենք բարեր ցուցադրողականություն»:

Կենտրոնական բանկը պարբերաբար քաղաքացիներին զգուշացնում է՝ վարկեր վերցնելիս դիմել միայն իրենց լիցենզավորած կազմակերպություններին: Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն էլ «Ռադիոլուրին» փոխանցում է իրենց մտահոգող վիճակագրությունը: 2018-ին նախորդ տարվա համեմատ վարկային կազմակերպությունների դեմ քաղաքացիների բողոքներն ավելացել են ավելի քան 6 անգամ:

«Եթե 2017-ին վարկային կազմակերպությունների դեմ մենք ունեցել ենք 22 գրավոր բողոք, ապա 2018-ին 136 բողոք է ստացվել»:

Վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել են նաեւ վարկային կազմակերպությունների օգտին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության բռնագանձումները: Սա վկայում է, որ վարկառուների ավելացմանը զուգահեռ՝ ավելացել են նաեւ վարկ մարել չկարողացողները: Սա, թերեւս, արդեն հստակ ցուցում է՝ վարկ վերցնելիս առավել զգոն ու զգուշավոր լինել:

0:00
0:00