ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հետընտրական կրքեր Վարդանաշենում
2019-02-19 13:00:25

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»         
           

Ինչից են դժգոհում Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչները:  Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններից հետո  գյուղացիները բողոքում են  վերընտրված համայնքի  ղեկավար Արթուր Մանուկյանի անօրինական գործողությունների դեմ: Գյուղացիները  պահանջում են համայնքում իրականացնել ներքին աուդիտ:


Նոր իրողությունն ու իրավիճակի փոփոխությունը վարդանաշենցիները ցանկացան տեսնել  նաև իրենց գյուղում և ամիսներ առաջ պահանջեցին համայնքի ղեկավարի հրաժարականը: Համայնքապետ Արթուր Մանուկյանը նոյեմբերի 19-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ավագանուն և դադարեցրել լիազորությունները: Սակայն 2 ամիս անց նա իր թեկնածությունը կրկին առաջադրեց համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում և 50 ձայնի առավելությամբ նորից  ընտրվեց համայնքի ղեկավար:

Արթուր Մանուկյանի վերընտրվելը զայրույթի ալիք էր բարձրացրել գյուղում, և նրա հրաժարականը ներկայացրած գյուղացիները  երեկ առավոտյան փակել էին  գյուղապետարանը:

Համայնքապետարանի աշխատանքը սկսվել էր փոքր ինչ ուշացումով համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ազատ Գրիգորյանի ի և ոստիկանների միջամտությունից հետո:


Արտահերթ  ընտրություններին  համագյուղացիները որևէ խախտում չեն նկատել:

,,Ընտրություններն անցել են օրինական ձևով, ինչումն է հարցը, երբ բողոք է լինում, նաև հիմք պիտի լինի,,, ասաց ընտրողներից մեկը:

Համայնքի ղեկավարի  մյուս թեկնածու  Ալեքսան Սարիբեկյանը ընտրություններին ստացել էր 233 քվե, նրա կարծիքով ընտրություններն անցել են  նորմալ, բայց ընտրողների մեջ շատ են եղել անծանոթները.

,,Չգիտենք ովքեր են, ում բարեկամներն են, գալիս ընտրություն են կատարում,  ժամանակին  բերել,  գրանցել են, հիմա էլ օգտագործում են էդ ուժը,,:

Նախկին գյուղապետի  վերընտրվելու դեմ բողոքող գյուղացիները  պնդում էին, որ այլևս չեն կարող աչք փակել համայնքի ղեկավարի անգործության և չարաշահումների դեմ՝ մատնանշելով համայնքում խմելու ջրի, լուսավորության, ճանապարհների, մշակույթի տան, ծայրամասային փողոցների գազիֆիկացման խնդիրները:

Խմելու ջրի խողովակներն ամբողջությամբ քայքայված են և պոմպերի միացմանը զուգընթաց  փողոցների տարբեր հատվածներում ջրափոսեր են գոյանում: Խմելու ջուրը կրում են մշակույթի տան բակից :

,,1981թից դույլով ջուր ենք բերում մինչև հիմա,,:


,,Մենք ոնց որ Թուրքիայում ենք ապրում, ոչ գազ ունենք, ոչ ջուր: Բողոքեցինք դրա համար, ասեց՝ էս գյուղացիներին չի հասնում,,:

,,10 տարի միայ խոստումներ է տալիս, ոչ մի բան չի անում,,:

Գյուղացիները նշեցին, որ ամռանը խմելու ջրից  հաճախ հիվանդանում են աղիքային սուր ինֆեկցաներով: Սուրեն  Բաբաջանյանը տարիներ առաջ Վարդանաշեն համայնքի ավագանու անդամ է եղել: Պատմում է, որ նախկին դպրոցի շենքը ավագանու որոշմամբ անհատույց և անժամկետ տրվել է կարիքավորներին, բայց երեկ տեղեկացել է,  որ մարդկանցից փող է վերցրել:

Համայնքի մշակույթի տունը կիսաքանդ էր, դուռը երկաթե մետաղալարով փակված: Տեղացիները պնդում են, որ մինչև համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջելը չգործող մշակույթի տան վրա հաստիքներ են գրվել և աշխատողներ պահել: Այստեղ միայն մեկ դռան վրայի ցուցանակն էր հուշում նախկին գրադարանի մասին, իրականում գրքերը վերածվել էին աղբակույտի:


Համայնքի վերընտրված ղեկավար Արթուր Մանուկյանի հետ չկարողացանք հանդիպել, քանի որ համայնքում չէր, իսկ  բջջային հեռախոսն անջատված էր:

Համայնքի վերընտրված ղեկավարի  տան դիմաց մշտապես հոսող ջուր կար: Փողոցի բնակիչներից մեկն ասաց, որ խմելու ջրի համար իրենք սեփական ուժերով են հոր փորել և ամռանը կեղտոտ ջուր է գալիս, ձմռանը՝ մաքուր:

Վարդանաշենցիները որոշել են իրենց բողոքը լսելի դարձնել կառավարությանն ու պահանջել համայնքում ներքին աուդիտ, որպեսզի կարողանան բացահայտել համայնքի ղեկավարի չարաշահումները: Նրանք ցանկանում են, որ  պաշտոնյաները  հաճախակի այցելեն  սահմանամերձ համայնք և հետաքրքվեն գյուղի կյանքով:

0:00
0:00