ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արդարադատության նախարարը կարող է այցելել ցանկացած բանտարկյալի. Զեյնալյան
2019-02-22 18:50:15

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ԱԺ-ում էր՝ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին քննարկմանը մասնակցելու համար: Օրակարգային հարցերից որեւէ մեկը չէր առնչվում «Մարտի 1-ի» հետ կապված քրեական գործերին:

 

Առիթից օգտվելով, սակայն, նիստից հետո նախարարը որոշ պարզաբանումներ տվեց: Իրավական հարթությունում այսօր ունենք մի իրավիճակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում զուգահեռ գտնվում են տարբեր գործեր «մարտի 1»-ի հետ կապված տարբեր կողմերից:
 

Արդյո՞ք նոր իշխանությունը հայտնվել է իրավական «կազուսի» մեջ, երբ ստիպված է պատասխաններ տալ նախկին իշխանությունների օրոք կայացրած վճիռների համար: Մյուս կողմից կան մտավախություններ, որ իշխանությունը միտումնավոր է հող նախապատրաստում ՄԻԵԴ-ի ապագա վճիռներն ընդդեմ ՀՀ-ի նախկին իշխանությունների դեմ պայքարում քաղաքական շահարկումներում օգտագործելու համար:
 

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ այցի ժամանակ ցանկացել է հանդիպել 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ: Նախարարն այսօր ԱԺ-ում չպարզաբանեց այդ հարցը, ինչպես նաեւ պատճառը, թե ինչ հիմնավորմամբ Քոչարյանը չի ցանկացել հանդիպել իր հետ:


 

 

«Եթե ես հայտնեմ պատճառները՝ ինչո՞ւ է նա մերժել, նշանակում է ես արդեն համաձայնություն եմ տալիս ձեր այն փաստին, որ ես հանդիպել եմ կամ չեմ հանդիպել: ՔԿՀ-ը, այդ թվում կալանավայրերը գտնում են իմ ենթակայության տակ, եւ ես կարող եմ այցելել բոլորին եւ ծանոթանալ պայմաններին: Իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում եմ հանդիպել, դա հրապարակման ոչ ենթակա տեղեկություն է: Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ, որովհետեւ այս տեղեկությունը փակ է»:  

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ի դեպ, «Մարտի 1-ի» գործերով գերակշռող մասով արդեն ավարտված է անհրաժեշտ թղթակցությունը ՀՀ հետ: Սա նշանակում է, որ առաջիկայում արդեն կկայացվեն վճիռներ: Այստեղ արդեն հարց է, թե ինչպիսին կլինեն դրանք:

 

Խնդիրն այն է, որ այսօր պատասխանող կողմ հանդիսացող իշխանությունը նախորդների ժամանակ հետապնդվել է հենց նույն գործերի շրջանակներում: Ահա այստեղ է, որ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը քաղաքական շահարկումների խնդիր է տեսնում եւ խոսում է իշխանության ինչ-ինչ «հրահանգների» մասին: Որպես հիմնավորում Ալումյանը մեջբերում է 2018 թվականի սեպտեմբերի 15-ին Փարիզում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված.  

 

«Թող գնան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր գործերը պարտվեն ՄԻԵԴ-ում եւ այդ գործերը հետ գան: Այ այդ ժամանակ իրենք պատասխան տան՝ էդ ո՞նց է եղել, որ տասնյակ գործերով ապօրինի դատավճիռներ են կայացվել: Սա քողարկված հրահանգ է մեր ներկայացուցիչներին, որ պարտավոր են եվրոպական դատարանում կառավարության անունից առարկել դիմումատուների գանգատների դեմ»,- ասաց Հայկ Ալումյանը:   

Այս հիմքով են Քոչարյանի պաշտպանները առաջնորդվում, երբ հայտարարում են, որ «Մարտի 1-ի» գործով Եվրոպական դատարանի վճիռները իշխանությունը փորձելու է  օգտագործել քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում: Այս մեղադրանքները չի ընդունում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Գործի առնչությամբ նոր իշխանությունների կեցվածքի այլ բացատրություն ունի:

 

«Այդ գործերը ներկայացրել է Եվորապական Դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Անկախ նրանից, որ Աժ-ում լսումների ժամանակ ընդդիմացել ենք դրան, դրա վերաբերյալ ներկյացրել ենք հակափաստարկներ, բայց ի պաշտոնե արդեն լիազորված լինելով իրականացնել ՀՀ անունից ասենք՝ միակողմանի հայտարարություն, հաշտության համաձայնության առաջարկություն՝ մենք որեւէ կերպ չենք միջամտել, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը, այն օպոնենտությունը, որն իրականացվել է գնահատվի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից»,- ասաց Զեյնալյանը:

 

Այս ամենի հետ զուգահեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդեն մի քանի հայց է ուղարկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Քոչարյանը մեղադրյալի կարգավիճակում է 2018-ի հուլիսի 26-ից: Այս ամսվա սկզբին ՄԻԵԴ քարտուղարությունը  Քոչարյանի պաշտպանական խմբին տեղեկացրել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում:

0:00
0:00