ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Չեմպիոնները վերադարձան հայրենիք
2018-11-12 14:24:09

Այսօր`նոյեմբերի 12-ին, Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից հայրենիք է վերադարձել Հայաստանի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանը և մեր մյուս ծանրորդները:

Լրագրողների հետ զրույցում 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը նշել է, որ ԱԱ-ում գրանցած ֆանտաստիկ հաջողությունը նվիրում է ողջ հայ ազգին և իր հաջողությամբ ուրախացողներին։

«Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով վերադարձա: Շատ ուրախ եմ ու հպարտ: Ինչ վերաբերում է համաշխարհային ռեկորդին, ապա դա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Շատ լավ էինք պատրաստվել այս առաջնությանը ու ուրախ եմ, որ կարողացանք հասնել ցանկալի արդյունք»,- ասել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են։

«Իմ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է, որին ձգտում եմ: Հույս ունեմ, որ այնտեղից էլ ոսկե մեդալով կվերադառնամ»,-եզրափակել է նա:

Զվարթնոց օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, մեծ թվով երկրպագուներ:

Հայ ծանրորդները 2 ոսկե և 5 արծաթե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում ու ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:

109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է 1 փոքր ոսկե, 1 փոքր արծաթե մեդալ և երկամարտի արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն: 109+ կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը նվաճել է 3 արծաթե մեդալ (երկուսը՝ պոկում և հրում վարժություններում, մեկը՝ երկամարտում):

Եվս մեկ փոքր արծաթե մեդալ է նվաճել 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:

Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոն

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն