ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այս տարի 175 թեքահարթակ կկառուցվի
2019-02-23 16:09:28

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երևանում 2013 թվականից մինչ 2018 թվականը քաղաքապետարանի միջոցներով կառուցվել է 2450 թեքահարթակ: Սակայն սրանից բացի թեքահարթակներ են կառուցվել նաև մասնավոր ընկերությունների կողմից, որոնց վերաբերյալ  քաղաքապետարանում տվյալներ չկան:  Քաղաքացի Վահե Գարոյանը դժգոհեց թեքահարթակների անհարմարությունից:

«Բարեկամության մետրոյի թեքահարթակից, օրինակ, հնարավոր չէ օգտվել»:

Քաղաքապետարանը թեքահարթակների խնդրին տեղյակ է: Տեղյակ է, որ դրանք  կառուցվել են  սահմանված նորմերին անհամապատասխան: Շատ թեքահարթակների ստորին մասն ավելի բարձր է կառուցվել, քան՝ եզրաքարի սահմանված բարձրությունն է: Դրան գումարած էլ թեքությունն է բարձր:

« Մենք այս տարվա պլանավորված թեքահարթակների կառուցման աշխատանքների բնութագրերը մանրակրկիտ նկարագրել ենք: Այնուամենայնիվ, եթե կան ավելի նեղ մասնագիտական չափորոշիչներ, որոնք կարող եք տրամադրել և պարզել, որ մենք դրանք հաշվի չենք առել, դրանք կներառենք հաջորդ բնութագրերում»,- ասում է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

2019 թվականին  քաղաքապետարանը նախատեսում է կառուցել ևս 175 թեքահարթակ, որոնց բնութագրերում մանրակրկիտ նկարագրված է հարմարավետությունը՝ ասում է քաղաքապետի տեղակալը: 

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը զրույցում նշեց, որ վերջին տարիներին կառուցված թեքահարթակները հիմնականում չափանիշներին համապատասխանում են:

Շատ վտանգավոր են հատկապես դեպի շենքեր մուտքն ապահովող  թեքահարթակները, որոնց պատասխանատուները շենքը շահագործողներն են: Դրանցից շատերը սխալ են կառուցված եւ վտանգավոր են:

«Այնտեղ իրոք կան շատ մեծ սխալներ: Բազմաթիվ են սխալ  ու վտանգավոր կառուցված թեքահարթակները»:

Մայթեզրերին ավելի վաղ կառուցված թեքահարթակներն ունեն խնդիրներ՝ ասում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարը:

«Ես կոնկրետ կդժվարանամ հիմա ասել»:

175-ից բացի ևս 50 թեքահարթակ կկառուցվի տեսողության խնդիրներ ունեցողների համար: Ծրագիրը փորձնական է եւ արժանացել է հասարակական կազմակերպությունների հավանությանը: Մրցույթում հաղթած «Կոտայք շին» ընկերությունը գարնանից կսկսի թեքահարթակների կառուցման աշխատանքները: Նորերին զուգահեռ, կնորոգվեն նաև հները:


0:00
0:00