ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոստիկանները բացահայտել են թրաֆիքինգի դեպք
2018-11-12 15:08:05

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ինչպես և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ ռեստորանի սեփականատերը ներկայումս Հայաստանում չէ։

Ռեստորանի չորս աշխատակիցները հրավիրվեցին գլխավոր վարչություն։ Պարզվեց, որ ռեստորանի վարձակալը նրանց վստահությունը չարաշահել է՝ բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով։ Մասնավորապես, նրանց Հնդկաստանում հավաքագրել ու կազմակերպել է տեղափոխումը Հայաստան։ Այստեղ, բռնություն գործադրելով, վերցրել է նրանց անձնագրերը և օգտագործել վիճակի խոցելիությունը։ Այս հանգամանքը պայամանավորված է եղել ճանապարհածախսի վճարմամբ առաջացած ուռճացված պարտքով, ինչպես և լեզվին չտիրապետելու, տարածքին ծանոթ չլինելու իրողությամբ։ Այսպիսով, հնդիկ ռեստորանատերը ազգակիցներին ստիպել է առանց վարձատրության իր ռեստորանում կատարել տարբեր աշխատանքներ՝ նրանց ենթարկելով աշխատանքային շահագործման։

Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հայաստանը, ինչպես աշխարհի ցանկացած երկիր, ապահովագրված չէ թրաֆիքինգից: Սա  անդրազգայինկազմակերպված հանցավորության ձև է: Ամեն տարի հազարավոր մարդիկ են դառնում թրաֆիքինգի զոհ թե՛ սեփական երկրում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Հայաստանում թերեւս վիճակագրությունը նույնն է. զոհերի շարքում կանանց թիվն ավելի մեծ է: Ըստ Հայաստանի ոստիկանության տվյալների, 2008-2017թթ. թրաֆիքինգի զոհերի 73.5%-ը կանայք են, եւ միայն 26.5%-ը՝ տղամարդիկ, իսկ ընդհանուր զոհերի 20.4%-ը` անչափահասներ: