ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ-ում տնտեսական հեղափոխության խոստումը ռուս ներդրողներին չի ոգեւորել
2019-02-25 18:13:30

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, տարբեր առիթներով ամենատարբեր հարթակներում մշտապես հավաստիացնում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները՝ մատնանշելով Հայաստանում ռուսական կապիտալով գործող շուրջ երկու հազար ձեռնարկության ցուցանիշը:

Իսկ որքանո՞վ են քաղաքական իրադարձությունները տնտեսական գործակցության նոր հեռանկարներ բացել հայ-ռուսական դաշտում. կարծիքները, սակայն, ոչ բոլոր դեպքերում են լավատեսական:

Հայաստանում քաղաքական իրողության փոփոխությունը ռուս գործարարների ներդրումային տրամադրություններն առանձնապես չի փոխել՝ ասում է Ռուսաստանի նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպանը:


Իհարկե, ժողովրդավարական գործընթացները հարգանքի են արժանի, բայց ձեռնարկատերերի մեծամասնության համար դրանք դեռ ներդրումային գործակցության համար որոշիչ չեն:

«Կարծում եմ՝ ռուս ներդրողների մեծամասնության համար Հայաստանը միշտ էլ եղել ու մնում է ներդրումների համար բաց երկիր: Ներդրումների ավելացում եւ շրջանակի ընդլայնում հնարավոր է, եթե Հայաստանի տնտեսությունը սկսի ավելի արագ զարգանալ: Ցավոք, բոլոր դժգոհում են համատեղ նախագծերի կամ ներդրումների սղությունից, սակայն հարցն այն է, որ մեր տնտեսությունները թույլ են զարգանում, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում»:

Հայաստանում տնտեսական հեղափոխության մասին լուրերը դեռ իրական հիմք չեն ռուս գործարարների համար՝ շտապելու ներդրում կատարել Հայաստանում՝ նկատում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Հայ-ռուսական բարձրաստիճան հանդիպումների տնտեսական օրակարգից Նիկոլ Փաշինյանն առանձնացրել ու շեշտել էր, որ ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ քննարկում է մի շարք կարևոր ներդրումային նախագծեր, այդ թվում` արդյունաբերական:


Սակայն, Բոստանջյանի դիտարկմամբ, պաշտոնական մակարդակում թվեր ու ժամկետեր դեռ չեն նախանշվում ու, ըստ էության, կոնկրետ ներդրումային ծրագրեր դեռ հայտնի չեն՝ ասում է զրուցակիցս: 

« Այս պարագայում Հայաստանում դեռ բացահայտված չեն այն բոլոր գոնե կարեւոր խնդիրները, որոնց կտրվածքով մենք թե հայրենական, թե օտարերկրյա ներդրողների համար կարող ենք ստեղծել գրավիչ պայմաններ»:

Բոստանջյանի դիտարկմամբ՝ այժմ ընթանում են ներդրումների որոնողական աշխատանքներ: Փաշինյանի հավաստիացումները հուսադրող են, սակայն դրանք դեռ միայն խոստումների մակարդակում են: Իսկ խոստումները պահանջում են երաշխիքներ ու առկա ռիսկերի, խնդիրների իրական լուծումներ: Ուստի տնտեսագետների ու գործարարների շրջանում տրամադրությունները դեռ սպասողական են՝ կարծում է Բոստանջյանը:

« Իրական երաշխիքներ, իմացեք, բացակայում են: Դրանք խոստումներ են: Իսկ խոստումները երբեք հիմք չեն հանդիսանում»:

Բոստանջյանի դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսության մեջ գազի, էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներից զատ այլ ոլորտներ ռուս ներդրողներին կարծես առանձնապես չեն հետաքրքրում:

Եվս մեկը կա՝ ասում է Ռուսաստանի նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպանը: Գինեգործությունն է՝ մատնանշում է Բորիս Տիտովը: Բայց սա էլ դեռ տեսական դիտարկում է:

Այս ու այլ ոլորտներում հայ-ռուսական տնտեսական գործակցությանը նոր թափ հաղորդելու քայլերը Հայաստանի նոր իշխանության հետ դեռ մտքերի փոխանակման մակարդակում են՝ ասում է: Առայժմ մի միջոցառում է նախանշվում:

Քննարկվել է հայ-ռուսական գործարար ֆորումի անցկացումը:

Խոսելով Հայաստանում ռուսական կապիտալի պաշտպանվածության մասին՝ ռուս գործարարների շահերի պաշտպանը փոխանցեց՝ իրեն հասել են տեղեկություններ «Հարավկովկասյան երկաթուղու», «Գազպրոմի» ֆինանսական վերջին խնդիրների մասին, բայց այս ընկերություններն իրենց չեն դիմել:

Ամեն դեպքում Ռուսաստանի նախագահին առընթեր այս կառույցում պատրաստ են զբաղվել գործարար հարցերին առնչվող խնդիրներով, եթե այդպիսիք կանհանգստացնեն Ռուսաստանում գործող հայ եւ Հայաստանում գործող ռուս գործարարներին՝ շեշտում է Բորիս Տիտովը:

0:00
0:00