ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախում հանրաքվեի ԿԸՀ հաստատած կարգը միանշանակ չի ընդունվում
2019-02-25 18:32:32

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախի նախագահի պաշտոնին հավակնող Սամվել Բաբայանը, ում մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին հնարավոր է  միայն սահմանադրական փոփոխությունների արդյունքում, վիճարկում է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կարգերը, որոնք կանոնակարգում են ստորագրահավաքի անցկացումը:

Նրա կողմնակիցների կարծիքով` իշխանությունները նպատակադրված  խոչընդոտներ են հարուցում: Այսօր արդեն Բաբայանը լրատվամիջոցներին հայտնել է նաեւ, որ  իրեն տարիներ առաջ առանց տեղյակ պահելու զրկել են Արցախի Հանրապետության քաղաքացիությունից:

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքների անցկացմանը վերաբերող իրավակարգավորումներն արել են՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  փորձով:

Արցախում օրենսդրական նախաձեռնության  իրավունք Սահմանադրությամբ քաղաքացիներն ունեն, բայց այդ իրավունքն իրացնելու հարցում օրենսդրական բաց կա:

Այդ բացը կլրացվի արդեն մշակված «Հանրաքվեի մասին» օրենքով: Սրբուհի Արզումանյանը համաձայն չէ Սամվել Բաբայանի թիմակիցների այն պնդումների հետ, թե ստորագրահավաքի սպասարկման կետերի տեղակայում համայնքապետարաններում կամ վարչակազմերում խոչընդոտում է քաղաքացիների իրավունքի իրացմանը: 

Սրբուհի Արզումանյանը կարծում է, որ ստորագրահավաքին հանրային  ծառայողների  ներկայությունը մի շարք խնդիրներ կբացառի:

Մեկ այլ խնդիր, որ,  ըստ Սամվել Բաբայանի կողմնակիցների, հարուցել են ԿԸՀ կարգերը, սպասարկման կետերի քանակն է։ ԿԸՀ նախագահը շեշտում է` նման կետերի  քանակի սահմանփակում չկա եւ 45 օրն էլ բավարար է համապատասխան  քանակությամբ ստորագրություններ հավաքելու համար:

Ի դեպ, Կենտրոնական  ընտրական հանձնաժողովի կարգերը ի չիք են դարձրել արդեն իսկ սկսված մեկ քաղաքացիական նախաձեռնություն: «Արդարություն» կուսակցությունը  մինչեւ կարգերի ընդունումը  ստորագրահավաք էր սկսել  սպաների  սպառողական վարկերի մասին օրինագծի նախաձեռնությամբ։

Կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանը  «Ռադիոլուրին» ասաց, որ իրենք դիմել էին ԿԸՀ, բայց այդ ժամանակ որեւէ կարգ չկար եւ ստորագրահավաքը նախաձեռնել են ըստ իրենց  պատկերացումների: Հիմա արդեն հավաքված 1300 ստորագրությունը, որը պահանջվածի համարյա կեսն է, այլեւս ուժ չունեն:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի այսօրվա հայտարարությանը, թե իրեն զրկել են ԱՀ քաղաքացիությունից,  ԱՀ ոստիկանությունում «Ռադիոլուրին» ասել են, որ հարցն  ուսումնասիրում են: