ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եզդիական համայնքում տոն է՝ Խըդըր Նավին
2019-02-26 18:50:09

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Եզդիական համայնքում տոն է՝ Խըդըր Նավին՝ հոգեպես մաքրագործվելու և սրբերին երկրպագելու ծիսակարգով: Երիտասարդները տոտկա շոռ են ուտում՝ աղի բլիթ, իսկ տոնական սեղանին Բեխուն ուտեստն է:  Տոնը նշել են նաև Ջրվեժի միջնակարգ դպրոցնում՝ եզդիներին հատուկ երգ ու պարով, գույներով ու պայծառությամբ:

Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոցն այսօր եզդի աշակերտները գույնով ու պայծառությամբ, աշխուժությամբ ու երգ-պարով էին լցրել՝ եզդիական Խըդըր Նավիի տոնի առիթով:


Տոնին նախորդում է եռօրյա ծոմը՝ հոգեպես մաքրագործվելու և սրբերին երկրպագելու ծեսով: Եզդիները հավատում են, որ Խըդըրնավին ցանկություն ու նպատակներ կատարող ուժ է: Վառված խարույկի վրայից թռնել, ալյուրով լի սկուտեղը սրբատեղիի վրա թողնել, գուլպաների մեծ չիր ու չամիչ հավաքել՝ դպրոցի եզդի աշակերտներն են ներկայացնում:

Դպրոցում շուրջ 40 եզդի աշակերտ է սովորում՝ հայերի հետ կողք կողքի: Հաշտ են ու համերաշխ հայերի հետ, հայերենն էլ՝ իրենց մայրենի եզդիերենից լավ գիտեն:

«Մեզ համար հայոց լեզուն ավելի հեշտ է, որովհետև առօրյայում դա ենք օգտագործում, միայն տանն ենք եզդիերեն օգտագործում: Տարբերություն մեր դասընկերները չեն դնում, ոնց որ նույն ազգից լինենք»:

Միջոցառմանը պատրաստվել են մի քանի օր, պարապմունքներն անցկացրել դպրոցի միջանցքում: Ընկեր Փերիի գլխավորությամբ ու ծնողների աջակցությամբ՝ հայկական դպրոցում եզդիներն իրենց մշակույթը պահում են:


Դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանի ժպիտն ու ոգևորությունը միջոցառման ամբողջ ընթացքում դեմքից չիջավ: Ասում է՝ եզդիներն առաջվանը չեն՝ դպրոցի գերազանցիկներն են: Իր սիրելի աշակերտներին մեկ հորդոր ունի:

«Հպարտացեք, որ եզդի եք, որովհետև ես էլ հպարտանում եմ, որ հայ եմ»: Մեր գործընկեր Հասան Թամոնյանը՝ Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների բաժնի ղեկավարը, ավելի լավ պայմաններ եզդի ժողովրդի համար չէր էլ կարող պատկերացնել:

Ասում է՝ Հայաստանում կան բոլոր պայմանները եզդիների համար իսկական եզդի մնալու համար: «Եզդի դպրոցականը հայ դպրոցի կամարների ներքո կարողանում է անկաշկանդ իր մայրենիով խոսել»:

Ինչպես բոլոր տոներին, Խըդըր Նավիին նույնպես իրարից նեղացած եզդիները պիտի հաշտվեն՝ հետևում թողնելով եղածը, Երեխաների կոչն էր բոլոր նրանց, որոնք դեռ հաշտեցման քայլեր չեն ձեռնարկել: