ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալման մասին տեղեկությունը ոչ հերքվում, ոչ հաստատվում է
2019-02-26 19:06:03

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ողջ օրվա ընթացքում լրատվամիջոցները սպասում էին Ազգային անվտանգության ծառայության և Պետական վերահսկողական ծառայության պարզաբանումներին  մամուլի այն հրապատակումների վերաբերյալ, համաձայն որոնց  Վերահսկողական ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել:  Երկու կառույցներն էլ առանց հերքելու կամ հաստատելու մամուլի տեղեկությունները խոստանում էին հանդես գալ պաշտոնական հայտրարություններով, որոնք մինչև այս պահը  դեռ չեն հնչել:

Երևանի պետհամալսարանի մոտ ընթացող բողոքի ակցիան այսօր մի պահ  ընդհատվեց ՝ ակցիայի հետ կապ չունեցող հայտարարությամբ:  «Ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ»:

Այսօր առավոտից մամուլը Դավիթ Ադյանի անունը շրջանառում է Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված  4 պաշտոնյաների թվում: 

Նա ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետն է: Մինչև Պետհամալսարանի մոտ այս հայտարարությունն անելը՝ ֆեյսբուքում էր գրել, որ իր ղեկավարած  ստորաբաժանումը  ուսումնասիրություն է իրականացնում Բժշկական համալսարանում, իսկ պետհամալսարանի մոտ ընթացող ակցիային եկել էր  անձամբ հերքելու իր ձերբակալությունը:

«Այնքան տհաճ է, երբ քնած ես, ու անհանգստացած զանգում են, քննարկում են, որ ձերբակալված ես: Երբ այս ակցիայի ժամանակ էլ իմ ձերբակալությունը շահարկվեց, եկա անձամբ հերքելու»:

Դավիթ Ադյանը նույն պնդումն իր եղբոր մասով չի անում, թեև մամուլը գրել է նաև նրա ձերբակալման մասին: Հորդորում է, այդ պարզաբանումը ստանալ Պետական վերահսկողական ծառայությունից:

Ծառայությունը, սակայն, ողջ օրվա ընթացքում չշտապես մեկնաբանել իրավիճակը: Միայն  հայտարարություն տարածեց, ըստ որի  մամուլի տեղեկությունները ՝ ՊՎԾ աշխատակիցների մասին, խեղաթյուրված են,  իսկ մանրամասները խոստացավ  ներկայացնել ավելի ուշ:

Դրանք դեռ չեն ներկայացվել: Վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալման մասին լուրերն առայժմ չի մեկնաբանում նաև ԱԱԾ-ն:  Այստեղ ևս խոստանում են ավելի  ուշ հայտարարություն տարածել: «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ կա՞ն ձերբակալվածներ,  քրեական գործ հարուցվե՞լ է, թե ոչ, ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հորդորեց սպասել,  վստահեցնելով, որ   կառույցի  քննչական դեպարտամնետը շուտով  հանդես կգա հայտարարությամբ:

Մամուլի հրապարակումների համաձայն՝  հնարավոր ձերբակալություններն առնչություն ունեն առողջապահության ոլորտում գնումների  գործընթացի, մասնավորապես հեմոդիալիզի պարագաների  մրցույթների հետ:

«Ֆրեզեն» ընկերությունը, որը հեմոդիալիզի սարքավորումների ներկրողն է Հայաստանում, օրերս վերահսկողական ծառայությանը մեղադրել էր իր գործունեությանը խոչընդետելու , ավելին ՝ պետական մակարդակով բիզնեսը խլելու մեջ: 

«Հետք»-ի հետ զրույցում ընկերության ղեկավարը փաստեր էր ներկայացրել,  որոնք վկայում էին մրցույցթների գործընթացին Վերահսկողական ծառայության աշխատակիցների միջամտությունների մասին:  Դրանց արձագանքելով՝ Դավիթ Սանասարայնը նախ բացատրել էր, որ ծառայությունը  ոչ թե «Ֆրեզեն» ընկերության աշխատանքն է ստուգել, այլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ուսումնասիրության արդյունքում  պարզել,  որ տարիներ շարունակ կոնկրետ մեկ կազմակերպությունից մատակարարում կա, հետևաբար  նաև  մենաշնորհի վտանգ: Լրագրողները Սանասրայանին փոխանցել էին նաև ընկերության ղեկավարի այն պնդումը, թե հնարավոր է պետական պաշտոնյաների ձերբակալություններ լինեն:

«Այդքան նմա՞ն եմ ձերբակալվողի: Ես նման հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում: Այդ ալիքը, կարծում եմ,  վկայում է, որ մեր գործունեությունը նոր, ավելի նպատակասլաց փուլ է մտնում»:

Սա Դավիթ Սանասարյանի պարզաբանումն էր՝ երկու օր առաջ լրագրողների հարցին ի պատասխան: Կառույցն ու կառույցի ղեկավարը այսօր դեռևս մեկնաբանություն չեն տվել:

0:00
0:00