ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հին վտանգներն ու նոր իրողությունը
2018-11-12 18:03:29

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 14-ին լրանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցող ուժերի առաջադրումների վերջնաժամկետը:

Սպասվում է, որ մեծամասնությունը դիմելու է ԿԸՀ հենց վերջին պահին: Այժմ կուսակցություններում վերջին հստակեցումներն են՝ ցուցակները պատրաստ են, բայց դեռ պետք է որոշումներ կայացվեն, թե ռեյտինգային ընտրակարգով ով եւ որտեղ է առաջադրվելու:

Այս ընտրությունների թերեւս ամենամեծ խնդիրը հենց այս ընտրակարգն է:

ԸՕ-ի փոփոխությունները հիմնավորում էին հենց ռեյտինգայինի առաջացրած խնդիրներով:  Փաստն այն է, որ նոր ԸՕ-ով ընտրություններ կազմակերպելը չհաջողվեց:

Փորձենք հասկանալ, թե նոր իրողություններում արդյո՞ք պահպանվելու են հին վտանգները:  

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր դեռ Աժ-ում էր, բայց ընդամենը մի քանի օրից նա Երեւանից տեղափոխվելու է Սյունիք: Հանրության մեջ տեսակետ է շրջանառվում, թե քաղաքական գործչին իր հարազատ կուսակցությունն է «աքսորում»: Ո՞րն է մայրաքաղաքից հեռանալու պատճառը՝ փորձենք պարզել հենց իրենից.

«Տեսակետը սխալ է, ես կարծում եմ, որ կայացած քաղաքական գործիչը պիտի վստահության քվե ունենա նաեւ ոչ իր բակում»:

Այսպիսով՝ «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 12 ընտրատարածքում, որն իր մեջ ընդգրկում է Սյունիք եւ Վայոց Ձոր մարզերը: Գնում է այնտեղ քարոզարշավը լիարժեք իրականացնելու համար:

Առաջիկա ընտրություններն ընդհանրապես աչքի են ընկնելու նրանով, որ շատերի կողմից մերժվող ռեյտինգային ընտրակարգով, այնուամենայնիվ, առաջադրվելու են բոլորը: Ընտրապայքարի մեջ մտնելու ցանկություն ունեցող քաղաքական միավորները որոշումներ են կայացրել իրենց թեկնածուներին ռեյտինգայինով առաջադրել բոլոր ընտրատարածքներում:

Սա լրացուցիչ միջոց է կուսակցությանը ձայներ բերելու համար: ԲՀԿ-ից դուրս եկած եւ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը հիմնած նախկին պատգամավոր Վահան Բաբայանը համոզված է, որ հին ԸՕ-ը՝ իր ամենամեծ թերությամբ՝ ռեյտինգային ընտրակարգով իրականում ձեռնտու էր եւ հին, եւ նոր իշխանություններին:

Լրացուցիչ ձայների մեծ կարիք այս ընտրություններում ունենալու են «Ազատ դեմոկրատներ»-«Հանրապետություն» կուսակցությունների «Մենք» դաշինքը: Նրանք չգնացին մեկ կուսակցության ցանկում տարբեր ուժերով առաջադրվելու ճանապարհով:

Այս դեպքում՝ խորհրդարան անցնելու համար իրենց կպահանջվեր հաղթահարել 5 տոկոսի շեմը: Հայտարարեցին դաշինքի մասին, իսկ դաշինքների դեպքում նշված է 7 տոկոսի շեմը: Ինչ որոշում են ընդունել ռեյտինգայինով առաջադրվելու համար՝ «Ռադիոլուր»-ին փոխանցում է «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Ռեյտինգային համակարգի հետ կապված՝ զուտ առաջադրումների առումով որեւէ խնդիր չկա: Կներկայացնենք ցուցակ, որտեղ ընդգրկված կլինեն հասարակության համար տեսանելի եւ հայտնի մարդիկ»:

Ամենաակտիվը այս հարցում լինելու է, թերեւս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նախարարների բոլոր պաշտոնակատարներն ու մարզպետներն արդեն հայտարարել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին: Հայտնի է, որ միայն Շիրակի մարզում՝ թիվ 11 ընտրատարածքում, օրինակ՝ ՔՊ-ն ունենալու է 15 թեկնածու: ՔՊ-ականներ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը առաջադրվելու են նույն՝ թիվ 10 ընտրատարածքում: Այդ փորձն արդեն ունեցել են՝ ասում է մարզպետը:


Մարզպետն արդեն պաշտոնապես հայտարարել ու հավաստիացրել է, որ իր ձեռքի տակ ունեցած վարչական լծակներից չի օգտվելու: Անգամ բոլոր դպրոցներին, պետական հիմնարկներին հրահանգվել է
«արջի ծառայություն չմատուցել ոչ մեկին»:

Նոր իրողությունների պայմաններում անգամ ռեյտինգային ընտրակարգի բոլոր ռիսկերը վերացած համարել չի կարելի՝ կարծում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը: Ճիշտ չի համարում ավագանու ընտրությունների օրինակի վկայակոչումը, քանի որ այս ընտրությունների դեպքում ռեյտինգային առաջադրում չի եղել, պայքարել են բացառապես կուսակցությունները, ոչ թե անհատները:

Արատավոր երեւույթները բացառելուն վաղուց պատրաստ է ոստիկանությունը: Համենայնդեպս՝ դեռ մեկ շաբաթ առաջ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երաշխավորում էր, որ առաջիկա ընտրություններում ընտրակաշառք չի լինելու:  

 

0:00
0:00