ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմավիրի այգիներում էտի և ձևավորման աշխատանքներ են
2019-02-27 13:26:38

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Արմավիրի մարզի պտղի այգիներում արդեն մեկ ամիս սկսվել են էտի աշխատանքները: Այն նպաստում է ծառերի երիտասարդացմանն ու որակյալ բերքատվությանը: Խանջյան գյուղում ավելացել են պտղի նորատունկ այգիները, որը պայմանավորված է բերքի իրացմամբ: Նրանց բերքը վերջին տարիներին կանոնավոր արտահանվում է, իսկ մի մասն էլ՝ վաճառվում չրագործներին:

Արարատյան դաշտում արդեն երկու տարի գրեթե ձմեռ չի լինում և ձյուն չի գալիս: Օդի ջերմաստիճանը 10-ն աստիճանից բարձր է և այգեգործները հունվարի վերջից սկսել են ծառերի էտը: Ղազար Թաթոյանն արդեն ավարտել է իր այգու էտն ու օգնում է հարևանին:

«Ծառերը նոսրացնում ենք, էտում, որ բերքը լավ լինի, հիվանդությունները ուշ բռնեն, սրսկումները տեղ հասնեն: Խիտ ծառերից հնարավոր չէ նորմալ բերք ստանալ: Հիմա լավ շիվերը պաշտպանում ենք, կիսաչորացածները հանում, որպեսզի ծառերը ուժ ունենան լավ բերք տալու»:

Ծառերի էտն ու ձևավորումը կամայականորեն չեն արվում, հեռացնում են չորացած շիվերը, կարճացնում ճյուղերը,և ձևավորում այնպես, որ արևն ամբողջությամբ տարածվի ծառի վրա: Դրանով է նաև պայմանավորված բերքատվությունն ու պտղի ապրանքային տեսքը, համը, եթե բնությունը բացասաբար չի ներգործում: Այգեգործները տարեց-տարի հմտացել են այս գործում: Արմավիրի մարզի Խանջյան գյուղը մասնագիտացած է եղել պտղաբուծության ու խաղողագործության մեջ, սակայն ոռոգման ջրի, բերքի իրացման և այլ խնդիրների պատճառով գյուղացիները ստիպված քանդել էին այգիները:

Վերջին տարիներին խանջյանցիները դարձյալ սկսել են հիմնել պտղի նոր այգիներ, հիմնականում՝ դեղձի, ծիրանի, սալորի, խնձորի: Խանջյանում անցած տարի քանդվել է մոտ 20 հա խաղողի այգի, քանի որ ունեցել են իրացման դժվարություններ, այն փոխարինվել է պտղով: 20 տարվա մանկավարժական վաստակ ունեցող Աբրահամ Գենջոյանն անցած տարվանից հրաժարվել է նաև մանկավարժությունից և իր եռանդը ներդրել գյուղատնտեսության մեջ: Հարևանները նրան ֆերմեր են կոչում:

«Մեր հողերում երևի մի 20 տոկոսն է վարելահող մնացել՝ առվույտի տակ, մնացածը ապտղի այգիներ են»:

Խանջյան գյուղի հողերի մի մասը գտնվում է մերձարաքսյան, մի մասը ուրց-կոտայք-Շամիրամ հողային գոտում: Արմեն Արոյանը տնամերձ հողամասում 5 տարի առաջ հիմնել է խնձորի, ծիրանի և սալորի այգի: Անցած տարի քաղել են առաջին բերքը, այս տարի ակնկալում է բարձր բերքատվություն:

«Կավահողեր են, հողի վերին շերտում կավը շատ է, չի թողնում այս հատվածում դեղձ լինի, դրել ենք, չորացել է: Ծիրանն ու խնձորն են աճում, արմատներն ամուր են»:

Կայուն արտահանումն ու Արմավիրի մարզում չրանոցների հիմնումը ոգևորել է գյուղացիներին, քանի որ լուծվել է գյուղացու ամենամեծ հոգսը՝ իրացումը: Սահականուշ Արոյանը մասնագիտությամբ լրագրող է: Աշխատանքին զուգահեռ նա մշտապես կապված է հողին: Անցած տարվանից զբաղվում է չրագործությամբ: Սեփական հողատարածքում 8 տարի առաջ դեղձի ու սալորի նոր այգի է հիմնել, որց 2 տարի է բերք ստացել:

«Թունաքիմիկատնրն էին անորակ, բավականին տուժվեցինք: Հիմա քիչ-քիչ որակը բարձրացել է, արդեն կան տարբեր երկրների արտադրանքներ, որոնց ազգեցությունն ավելի արագ է, բացի այդ ընտրությունն է մեծացել»:

Գյուղացիները սովորաբար դժգոհ են թունաքիմիկատների ու պարարտանյութերի որակից: Ղազար Թաթոյանն ասում է, որ թունաքիմիկատները 50 տոկոսով են ազդեցություն թողնում, բացի այդ որակազրկվել է վրացական ազոտական պարարտանյութը:

«Ռուսականն ու պարսկականն ավելի որակյալ են: Մեր գյուղացիները վրացական չեն առնում, օգուտ չի տալիս»: Լավ բերք ստանալու համար գյուղացիները ակնկալում են եղանակային լավ պայմաններ և կանոնավոր ոռոգում:

0:00
0:00