ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կկարողանա՞ ՀՀԿ-ն դառնալ գլխավոր ընդդիմադիր ուժը
2018-11-12 19:09:31

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ՀՀԿ-ն պատրաստվում է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին՝ խորհրդարանի հիմնական ընդդիմադիր ուժը լինելու հայտով:

Որոշումը հրապարակվել է երեկ` ՀՀԿ խորհրդի նիստից հետո: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝
ստեղծված իրավիճակում Հանրապետականը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

ՀՀԿ-ի ցուցակի մասին անվանական  բացահայտումներ երեկ չեղան, բայց ասվեց հիմնականը՝ համամասնական ցուցակում կընդգրկվեն կուսակցության քաղաքական թիմը ներկայացնող առանցքային գործիչները,  բոլորը անխտիր կպայքարեն նաև ռեյտինգային ընտրակարգով, կոնկրետ տարածքներում:  Համամասնական ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով ի դեպ, երեկ  ՀՀԿ խորհրդի նիստում  ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ՝ այդ պաշտոնում փոխարինելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Ոչ նա, ոչ էլ  կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկա քարոզարշավում ներգրավված չեն լինի:

Բայց Հանրապետականը ընտրապայքարին լրջորեն  կներգրավվի:  ՀՀԿ-ն անելիք ու ասելիք և ամենակարևորը   ապացուցլու բան ունի՝ ասում է Վիգեն Սարգսյանը:


« Գիտենք մեր երկիրը շատ մանրամասն, գիտենք այն խնդիրները, որոնք կան և ամենակրևորը՝ գործող իշխանությանն ունենք ապացուցելու բան»:

Կարևոր մյուս թեզը՝ ՀՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է հստակ հայտով՝ միակ, իրական ընդդիմադիրի: Վիգեն Սարգսյանն ասում է՝ դաշտի բոլոր մյուս ուժերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցել են Փաշինյանին: ՀՀԿ-ն տարբերվում է քաղաքական բոլոր խաղացողներից:

«Ես չեմ կարծում, որ մյուսներն ընդդիմադիր են: Ընդդիմության մեկ հայտ կա, և դա Հանրապետականի հայտն է: Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ազնիվ է իր ձգտման մեջ՝ նոր Հայաստան կառուցելու, ինքը մենակ մնալով քվեախցիկում՝ քվեարկելու է Հանրապետական կուսակցության օգտին»:

ՀՀԿ խորհուրդը նաև  հայտարարության նախագիծ է ընդունել, որը մեկ շաբաթ քննարկելուց հետո հաստատման  կդրվի կուսակցության գործադիր մարմնի նիտում: Սա 15 էջանոց փաստաթուղթ է , որտեղ նախկին իշխող ուժը  մանրամասնորեն բացատրում է, թե որտեղ է տեսնում իր անելիքը, վերլուծում է իր սխալներն ու բացթողումները , հիշեցնում արձանագրած հաջողությունները:

Այն, որ իր արածն ու չարածը, նաև անելիքը Հանրապետականը քաղաքական փաստաթղթով է ներկայացնում, որպես  փաստ դրական է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է  քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը, բայց նաև արձանագրում ՝ հայտարարության մեջ անկեղծության պակաս կա:

«Ցավոք, այն անկեղծությունը, որ ակնկալում էի տեսնել որպես ընտրություններին մասնակցելու հիմնավորում , փաստաթղթում  չկար: Հենց առաջին կետով ասում են, որ 2017-ին Սերժ Սարգսյանը վարչապետ առաջադրվեց իր փորձը փոխանցելու համար: Կներեք, բայց այդ թեզին Հայաստանում ոչ ոք չի հավատում»:


15 էջանոց փաստաթղթում Հանրապետականը համարյա 5  էջ  խոսում է իշխանության տարիներին արձանագրած հաջողությունների մասին, փոխարենը սխալներին ու բացթողումներին հազիվ 1 էջ է տրամադրում:

«Եթե իրենք նման պատկառելի հաջողություններ  գրանցած լինեին,  դժվար լիներ այն ինչ եղավ: Այստեղ նույնպես անկեղծ չեն: Ինչ վերաբերում է սխալներին, լավ է, որ ՀՀԿ-ն հասկանում է, որ հասրակությանը բացատրի իր սխալները, բայց իրենք կարծում են, որ իրենց սխալների մեծ մասը վերաբերում են ներկուսկացական սխալներին, բայց ՀՀԿ-ի սխալները շատ ավելի խորքային են: Ցավում եմ, որ այդ բանաձևումն էլ  ճիշտ չեն տալիս»:  

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հայտին՝ որպես միակ ընդդիմադիր ներկայանալու, զրուցակիցս կարծում է, որ քաղաքագիտական առումով թիրախավորումը ճիշտ է: Այլ հարց, թե որքանով այդ մոտեցումը հավանություն կգտնի հանրության մեջ: Շատ ավելի միանշանակ է վերլուծաբան Արմեն Բաղդսարայանի մոտեցումը: Նա կարծում է, որ ՀՀԿ-ն գլխավոր ընդդիմադիրի կարգախոսն ընտրել է ՝ գործող իշխանությունների նկատմամբ  հիաթափության  հնարավոր  ալիքը  նկատի ունենալով:

«Բայց ՀՀԿ-ն չի կարող լինել հիմնական ընդդիմություն այն պարզ պատճառով, որ հասարակության՝ իշխանություններից դժգոհ հատվածն իր հույսերն ամենևին ՀՀԿ-ի հետ չի կապում: Հազիվ թե գտնվի մեկը, որ կարծի, թե ՀՀԿ-ն կարող է սխալներ ուղղել: Սխալներ ուղղող լիներ 10 տարում կուղղեր»:  

Վերլուծաբանը կարծում է, որ ՀՀԿ-ի գործունեության քաղաքական գնահատականը տրվել է ապրիլին ու շատ ժամանակ չի անցել այդ գնահատականը արմատապես փոխելու համար: Ինչ վերաբերում է տասնամյակների ընթացքում կուտակած  փորձն ու գիտելիքն օգտագործելու ցանկությանը,  հորդորում է՝ նոր Հայաստանի կառուցմանն ուղղել միայն դրական փորձը:

Բոլոր ֆիբրերով դեմ ենք Փաշինյանի նախաձեռնություններին, մարտահրավերներ ենք տեսնում, մյուսները ընդդիմություն չեն, ընդդիմությոան մեկ հայտ կա: Հարցը մեկն է՝ ընդդիմություն ունենալու ենք, թե ոչ:

0:00
0:00