ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սասնա ծռերի» դատական նիստը կանցկացվի դռնփակ, բայց ոչ լրագրողների համար
2019-02-27 17:09:29

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր թեժ էր: «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով դատաքննությունն այսուհետ տեղի կունենա դռնփակ պայմաններում: Այսօր նաեւ գործող տուժածներից մեկը դիրքորոշում է հայտնել վերջին համաներման առնչությամբ: Դիրքորոշումը դատարանը պետք է հաշվի առնի հետագայում կայացվելիք դատավճռի ժամանակ:

«Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով նիստերն այսուհետ կքննվեն դռնփակ,  գործի շրջանակներում դատարանի դռները կբացվեն միայն լրատվամիջոցների համար: Դատավորի այս որոշումը այսօրվա նիստում գրանցված միջադեպի հետեւանքն է:

Դատարանն այսօր լսում էր «Սասնա ծռեր» խմբի գործողություններից տուժող ճանաչված ոստիկաններին: Դահլիճում վիճաբանությունը սկսեց այն պահին, երբ ցուցմունք էր տալիս ոստիկանության Երեւանի Շենգավիթի բաժնի նախկին պետ, այժմ կադրերի ռեզերվում գտնվող Արամ Հովհաննիսյանը: Այդ ընթացքում դահլիճի մյուս կողմում վիճաբանություն սկսեց «Սասնա ծռերի» համակիրների եւ ոստիկանի ընկերների միջեւ: Ընդմիջումից եւ կրքերը հանդարտեցնելուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց.  

«Գործի քննությանը ներկա գտնվող անձինք որեւէ կերպ չեն կարող զսպել իրենց, խախտում են հասարակական կարգը, ինչը անթույլատրելի է»:

Նույնաբովանդակ որոշում դատավորը մեկ անգամ արդեն ընդունել էր՝ մի քանի նիստ առաջ, բայց պաշտպանականը կողմի միջնորդությունը հաշվի առնելով՝ որոշումը վերանայել էր: «Սասնա ծռեր» խմբի համակիրները պնդում են՝ այսօր գործել է նախապես մշակված սադրանքը:

«Քաղաքացիները գալիս են այս կողմ, քաղաքացիական հագուստով ոստիկանները գալիս են հետեւներից նորից սադրանք անելու: Նույն այդ ոստիկանները, եթե հիշում եք, քաղաքացիական հագուստով սադրիչներ տարբեր դեղերը խմում էին՝ կադրերը կա նաեւ, եւ հետո հայտնվում էին այն տեղերում, որտեղ ծեծում էին քաղաքացիներին: Նույն վիճակն է: Այլ բան պահանջել շատ դժվար էր «օսիպյանական» ոստիկանությունից: Ոստիկանությունը մարտի 1-ին փողոցում ծնկաչոք ներողություն պետք է խնդրի: Մինչ օրս ոստիկանությունը պաշտոնապես ներողություն չի խնդրել մարտի 1-ի համար»,- ասաց «տոնածառի գործով» հայտնի մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:

Ամեն դեպքում այսօրվա դատական նիստում հասցրեց ցուցմունք տալ Արաբկիրի նախկին ոստիկանապետ, ներկայումս ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչյա Խոստեղյանը: 2016-ի հուլիսի 17-ի դեպքերի ժամանակ նա հրազենային վիրավորում է ստացել: Այսօր դատարանում իր կարծիքը ներկայացրեց վերջին համաներման առնչությամբ: Համաներման որոշման մեջ առանձին դրույթ է սահմանված սույն գործով անցնող անձանց վերաբերյալ:

«Հարգելի դատարան, առարկում եմ ես»:

Խոստեղյանը չգիտի, թե հստակ ում կրակոցից է նա վիրավորվել՝ առարկությունը ընդհանուր է: Այս կարգավորումների դեպքում ինչպես է համաներումը տարածվելու այս խմբի անդամների վրա՝ հարցի պարզաբանումը օրեր առաջ տվել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Բացառությունները նախատեսված են համաներման մասին օրենքով: Եթե ֆիզիկական բռնության ենթարկված անձը կամ պատանդառուն բողոքարկում է, ապա դրա մեջ մեղադրվող անձի նկատմամբ՝ չի տարածվում: Նրանք, ովքեր դրանում մեղավոր չեն, ովքեր կարդարացվեն դրանով կամ նրանց մեղադրանք չի առաջադրվել, եթե սահմանափակում չկա՝ համաներումը կկիրառվի»:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

0:00
0:00