ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեր ռուս գործընկերները Բաքվում հակահայկական ակցիայի են մասնակցել․ Արարատ Միրզոյան
2019-02-27 18:02:36

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
                    

Վերջին օրերին ռուսաստանյան լրատվամիջոցներում զուտ ադրբեջանական քարոզչական նյութերի՝ ադրբեջանական կեղծիքի տարածումը, ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, արդյունք է այն բանի, որ պետական համակարգի կտրուկ փոփոխման արդյունքում ինչ-որ մեխանիզմներ դեռ չեն աշխատում:



Փորձագետը նկատում է, որ առնվազն ռուսական լրատվամիոցներում, երբ Ադրբեջանը կարողացել է մեծ գումարներով հակահայկական քարոզչական նյութեր տեղադրել, հայկական կողմին հաջողվել է առանց այդպիսի գումարների, դրանց պատասխանները տալ: Փորձագետի խոսքով՝  այսօր կա խնդիր: 

«Մեդիադաշտում ինչ-որ լարվածություն դեռ նկատվում է: Ակնհայտ է, որ ռուսաստանցի խմբագիրները, լրագրողները, որոնք շատ հստակ արդեն քանի տարի սեւ-սպիտակ հակամարտության մեջ են մտած արեւմուտքի հետ, եւ դա դարձել է իրենց «կաշվի մի մասը», շատ դժվարությամբ են ընկալում այսօրվա հայաստանյան քաղաքականությունը, որը դուրս է այն սխեմաներից, որոնք կան բոլոր ԵԱՏՄ-ի երկրներում: Դա, իհարկե, ինչ-որ ժամանակ դեռ խնդիրներ կառաջացնի»:

Դա, սակայն, մեզ չպետք է շատ նյարդայնացնի եւ խնդիրները պետք է փորձել լուծել՝ հավելեց Սամվել Մարտիրոսյանը:

Խնդրին այսօր անդրադարձել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում ունեցած ելույթում նա նկատել է. որ`   

«Ստիպված եմ ցավով փաստել, որ չնայած մեր երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ մասնակցել են ընդգծված հակահայկական ուղղվածությամբ ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում և որը ուղղված է տարածաշրջանում կայունության խախտմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 Որոշ շրջանակներ և երրորդ երկրներ, իրենց լոբբիստական շահերից ելնելով և կիրառելով կասկածելի մանիպուլյացիոն հնարքներ, մեդիա դաշտում փորձում են  սեպ խրել մեր հարաբերություններում՝ նշել է Արարատ Միրզոյանը: Նմանօրինակ փորձերը դատապարտված են ձախողման ի սկզբանե՝ հայտարարել է ԱԺ խոսնակը:

Մեզ հետ զրույցում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նկատեց, որ  Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում է եւ բավականին ակտիվ աշխատում դրսի լրատվամիջոցների, դիվանագիտական կորպուսների, քաղաքական գործիչների հետ եւ ամեն տարի նույն տրամաբանությամբ: 

«Պետք էր, ըստ երեւույթին, կամ նախապես փորձել դա կանխել, կամ օբյեկտիվ պատկերը ցույց տալու համար, փորձել որպես հակակշիռ հայկական կողմի տեսանկյունը ներկայացնել, պահանջել: Եթե դա չի ստացվել անել նախապես, կա մեխանիզմ լրատվամիջոցներում՝ պատասխանի իրավունք: Այդ հնարավորության, այսպես ասած, պատուհանը դեռ բաց է եւ կարելի է դիմել ռուսական լրատվամիջոցներին եւ պահանջել ներկայացնելու հայկական կողմի դիրքորոշումները»:

Սամվել Մարտիրոսյանը չի կարծում, թե այսօր տեղեկատվական անվտանգությանը կարեւորություն չի տրվում: Ըստ նրա՝ հիմա այդ, այսպես ասած, հակադարձման համակարգը վերականգնվում է, սակայն, ժամանակ կպահանջվի:

Ցավոք սրտի Ադրբեջանի հետ տեղակատվական պատերազմում մենք վերադիրքավորվելու ժամանակ չունենք՝ շեշտեց Անժելա Էլիբեգովան.

«Մենք արդեն, այսպես, թե այնպես, ամիսներ ենք կորցրել, եւ Խոջալուի շուրջ Ադրբեջանի գործողությունները դրա եւս մի փաստող հանգամանք է: Ամբողջ նյութական բազան վերջին տարիների ընթացքում արդեն ստեղծվել է: Ամեն ինչը կա, ուղղակի, պետք է դա ճիշտ օգտագործել, ճիշտ խողովակներում՝ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից  դուրս. ուղղակի պետք է տարածել: Չեմ հասկանում ինչն է խնդիրը» Էլիբեգովան,- նշեց Էլիբեգովան: 

Այն, որ ադրբեջանական քարոզչությանը հաջողվում է լրատվամիջոցներով միակողմանի տեղեկատվություն տարածել, ըստ Սամվել Մարտիրոսյանի, դժվար է գնահատել որպես արդյունք եւ հաջողություն Ադրբեջանի համար: Նա կարող է շատ մեծ ռեսուրսներ ներդնել, բայց չդառնալ ընկալելի.

«Այսօրվա դրությամբ Ադրբեջանի քարոզչությունը, այսպես, թե այնպես, ունի մի լուրջ պրոբլեմ: Այդ պրոբլեմի անունը Իլհամ Ալիեւ է: Այդ մարդն այնքան է վերջին տարիներին  վարկաբեկվել՝ որպես կոռումպացված, որպես բռնապետ, որ այդ ամենի ֆոնի վրա հակահայկական քարոզչությունը երկրորդ պլան է գնում, որովհետեւ շատ կարեւոր է, թե ով է խոսում, ոչ միայն՝ ինչի մասին է խոսում»:

Այս առումով, փորձագետի ձեւակերպմամբ, մենք ունենք, այսպես ասած, «լուրջ դաշնակից» ի դեմս կոռուպցիոն սկանդալներով հեղինակազրկված Իլհամ Ալիեւի: Ամեն դեպքում, փորձագետի խոսքով,  տեղեկատվական հակամարտությունը անընդհատ գործընթաց է  եւ միշտ շահեկան դիրքերում լինելու համար պետք է զգոն լինեն եւ ակտիվ աշխատեն նաեւ մեր դեսպանությունները, մանավանդ, կոնկրետ ժամանակահատվածներում:

Խոսքը խոջալուի իրադարձությունների, հունվարյան Բաքվի ջարդերի եւ փետրվարի այս օրերին տեղի ունեցած սումգայիթյան ջարդերի օրերի մասին է: Հենց այս շրջաններում էլ ակտիվանում են նաեւ ադրբեջանցի «հաքերների» գրոհները հայկական կայքերի վրա, ուստի տեղեկատվական անվտանգության փորձագետը հորդորում է զգոն լինել համացանցից օգտվելիս:     

0:00
0:00