Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոչ թե Հայաստանի և Սփյուռքի, այլ՝ համազգային օրակարգ
2019-02-27 22:53:45

Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ովքեր ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով: Հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների և երազանքների իրագործումն է:

Բազմիցս ասել եմ. շատ երկար ժամանակ տառապանքների մեջ, չարչարանքների մեջ մեր ժողովուրդը երազել է, մենք երազել ենք նոր հաղթանակների, նոր երջանկության և նոր միասնության մասին: Ուզում եմ ասել, որ եկել է երազանքները կյանքի կոչելու ժամանակը և այսօրվա ձեր ներկայությունը վկայում է, որ մենք միասնական ենք և վճռական երազանքները կյանքի կոչելու ճանապահին, լինի դա տնտեսապես Հայաստանը հզորացնելու, լինի Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման, լինի մեր երազանքների իրացման հարցը:

Մենք մեր ձեռքերով պետք է կերտենք մեր ապագան, այնպես, ինչպես մեր ձեռքերով կերտել ենք մեր ներկան: Մեր ճակատագիրն այլևս արևելքներում, հյուսիսներում և հարավներում չէ, այլ մեր ձեռքերում և մենք որպես արժանապատիվ քաղաքացիներ` մեր ձեռքը պետք է վերցնենք մեր ճակատագրի ղեկը և որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է առաջնորդնեք նորանոր հաղթանակների: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այս երազանքների իրականացումը յուրաքանչյուրիցս, առավել ևս ինձնից, կառավարությունից է կախված»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով  հանդիպման և մթնոլորտի համար։

Նրա խոսքով՝ հանդիպումից այնքան էներգիա, ուժ է ստացել, որ Հայաստան վերադառնալուց հետո իր առաքելության մեջ լինելու է կրկնակի, եռակի, քառակի ջանասեր: 

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Իրան կատարած այցին և բանակցությունների արդյունքներին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին ու այլ թեմաների: