ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախի ԱԺ-ի հայտարարությունը՝ Սումգայիթի կոտորածի տարելիցի կապակցությամբ
2019-02-28 11:04:37

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»

Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն են տարածել Արցախի խորհրդարանի խմբակցություններն ու անկախ պատգամավորները: Հայտարարության մեջ հիշատակվել են անցած երեսունամյակում Ադրբեջանի կողմից կատարված հակահայկական ոճրագործությունները. այդ շարքում 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեց հայ բնակչության կոտորած և բռնի տեղահանությունը, ցեղասպանությունը Գանձակում, Բաքվում, Հյուսիսային Արցախի և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերում:

«Հայ փոքրամասնության դեմ 1988-1990թթ. հետևողականորեն և նույն ձեռագրով կրկնվող հանցագործությունները Բաքվի իշխանությունների համար վերածվեցին պաշտոնական քաղաքականության՝ բնաջնջման իրական սպառնալիք դառնալով Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայության համար: Հենց ազգային արժանապատվության և ոտնահարված իրավունքների վերականգնման, ինքնության պահպանմանն էր ուղղված համաժողովրդական ազատագրական շարժումը, որն այդ նույն օրերին թափ էր առնում Արցախում»,- նշել են արցախցի պատգամավորները:

Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան կոտորածին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին և դատապարտելով խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները.

«Պնդում են, որ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական ակտերի անպատժելիությունը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների և Արցախի ժողովրդի դեմ պատերազմների,

վերահաստատում են հանձնառությունը՝ բռնությունների և տեղահանման ենթարկված ադրբեջանահայության իրավունքների վերականգնման հարցում,

հորդորում են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը,

կոչ են անում, որպեսզի Ադրբեջանն առերեսվի սեփական անցյալին, հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից ու դադարեցնի ցայսօր շարունակվող հայատյացության պետական քաղաքականությունը»:

Տեքստը խորհրադարանում ներկայացրել է Գեղամ Ստեփանյանը:

0:00
0:00