ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազգային պատկանելության հիմքով հետապնդումն ու դատապարտումն անարձագանք չեն կարող մնալ
2019-02-28 12:51:02

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, ինչի արդյունքում Կարեն Ղազարյանը փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման:

«Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որեւէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանին որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ ներկայացնելն ակնհայտորեն ուղղված է եղել նրան ազգային պատկանելության հիմքով քրեական հետապնդման ենթարկելու և արդյունքում տևական ժամանակով ազատազրկման դատապարտելու նպատակով արհեստական հիմքերի ստեղծմանը»,-նշված է հայտարարությունում:

Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, հանձնաժողովի գնահատմամբ, Ադրբեջանում մարդու իրավունքների բիրտ ոտնահարման հերթական դրսևորումն է, որն ամբողջովին համահունչ է այդ երկրի իշխանությունների որդեգրած աղաղակող ստի և կեղծիքի տրամաբանությանը.

«Առանց ապացույցների կամ դրանց ակնհայտ կեղծմամբ Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված անհիմն քրեական հետապնդումը և հետագա դատապարտումը վկայում են վերջինիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչների ակնհայտ խախտումների մասին: Ընդ որում, նման իրավիճակը վկայում է նաև Կարեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա ազգային պատկանելության հիման վրա իրականացվող անհիմն քրեական հետապնդման, հետևաբար նաև՝ խտրականության արգելքի խախտման մասին:

Մարդու իրավունքների նման ակներև խախտումների փաստը լուրջ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրությանը՝ ձեռնարկելու համար հնարավոր բոլոր միջոցները՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության համար»:

Հանձնաժողովն ակնկալում է ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային, տարածաշրջանային և ունիվերսալ այլ մարմինների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը` Կարեն Ղազարյանի անվտանգությունը և իրավունքներն ապահովելու նպատակով՝ հաշվի առնելով նախկինում Ադրբեջանում հայտնված ազգությամբ հայերի նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքը:

«ԵԽ-ի և ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանի՝ նման հայատյացությամբ և ռասիզմով համեմված վարքագիծը լկտի ցինիզմի դրսևորում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների և ողջ միջազգային հանրության հանդեպ, որը պետք է համահունչ արձագանքի արժանանա միջազգային հանրության կողմից», - ասվում է հայտարարությունում:

Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշպանության բոլոր միջազգային միջկառավարական և ոչ կառավարական կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում հաստատակամորեն հետամուտ լինել Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանը:

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը սահմանափակում է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիական անձանց և զինծառայողներին միմյանց արտահանձնելու քաղաքական հանձնառության տեսական հնարավորությունը: