ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊՎԾ-ն շարունակելու է ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան
2019-02-28 15:02:07

Անկախ այն բանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը՝ համոզմունք է հայտնել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում ՊՎԾ երկու աշխատակիցների կալանավորման մասին լրագրողների հարցերին:

«Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Այդ մարդկանց մեղքը դեռ պետք է ապացուցվի: ԱԱԾ-ի իմ գործընկերներին կոչ եմ արել, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը: «Մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաներ»,-ասել է Սանասարյանը:

ՊՎԾ-ն շարունակելու է ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան՝ «անկախ նրանից՝ ում շահն է այստեղ տրորվում, պետության շահը մենք պետք է պահենք»: «Վերջին օրերին հասցրել են նաև ինձ մահախոսական կարդալ, բայց գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու»,-ասել է Սանասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ում քննվող գործի հետ իր անունը կապելու խոսակցություններին:

ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք՝ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը և նրանց կողմից հովանավորվող տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են: Պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և 325-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը հոդվածներով: Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։ Այսօր ձերբակալված պաշտոնյաների շահերի պաշտապանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալները չեն ընդունում իրենց մեղքը: