ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աջակցություն կտրվի նաեւ կաթ վերամշակող ընկերություններին
2019-02-28 17:00:06

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գյուղատնտեսության ոլորտում  տրվող աջակցության ծրագրերը ընդլայնվում են: 2017 թվականին մեկնարկած վերամշակող ընկերություններին տրվող աջակցության ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց: Պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններին այս տարի կմիանան նաև կաթ վերամշակող ընկերությունները:

«Գյուղատնտեսություն արտադրողները՝ վերամշակողները, նաև կաթը, կարող են  արդեն պետությունից մեկ տարի ժամկետով 1,5 մլրդ դրամ վերցնել, որպեսզի կարողանան ձեռք բերել ապրանքը, վերամշակել: Գումարը փոխանցում ենք անմիջապես ֆերմերին»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելուց հետո հստակեցրեց  գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

Աջակցության այս ծրագիրն սկսվեց 2016 թվականի աղմուկից հետո, երբ խաղողի  բերքն առատ էր, սակայն վերամշակող ընկերությունները չէին կարողանում այն մթերել, քանի որ ռուսական ռուբլին արժեզրկվել էր:

Չէին կարողանում վճարել գյուղացիների պարտքերը: Գեղամ Գևորգյանի խոսքով, 2017-2018 թթ. ծրագրից օգտվել է 51 տնտեսավարող՝ շուրջ 7 մլրդ դրամի չափով, սուբսիդիան կազմել է 150.8 մլն դրամ:

«2018 թ. ընթացքում այս ծրագրի արդյունքում մթերված պտուղ- բանջարեղենի, խաղողի դիմաց տարեվերջին չվճարված գումարը կազմել է ընդամենը 0.7%, 2017թ.` 5,9, 2016թ.՝ 9,2%- ի դիմաց: Ընդհանուր ծրագրի շրջանակում արդեն կնքված է բերքի գնման մոտ ութուկես հազար (8457) պայմանագիր»:  

Նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը հստակեցնում է՝ նախնական հայտերի եզրակացության ուղարկելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆերմերային տնտեսությունը կդիմի ֆինանսական կառույցին: Համապատասխան գործընթաց անցնելուց հետո նախարարությունն արդեն մոնիտորինգ կիրականացնի: 

«Կանխավճարի ինստիտուտն ենք մտցնում, ընկերությունները կարող են այս գումարը կանխավճարի համար տրամադրել: Կաթի գնման համար նույնպես հնարավորություն է տրվում»,- ասում է Գևորգյանը:

2018-ին գյուղացիները պարբերաբար դժգոհում էին կաթ մթերող ընկերություններից: Նրանք իրականացվող գնային քաղաքականությունից էին բողոքում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հետաքրքրվեց՝ «Կաթի մթերումը սեզոնային բնույթ է կրում, հիմնականում մթերումն իրականացվում է արոտային սեզոնին, այդ ժամանակաշրջանում կաթի գինը նվազում է՝ առաջացնելով գյուղացիների դժգոհությունը։ Արդյո՞ք այս նախագծով որոշակիորեն կարգավորում ենք այդ հարցը, այդ խնդիրը լուծո՞ւմ ենք, թե՞ ոչ»:

Հիմնականում այս խնդիրների կարգավորմանն  է ուղղված նախագիծը՝ հստակեցրեց Գեղամ Գևորգյանը:  Կաթի դեֆիցիտի դեպքում բարձր տոկոսադրույքով վարկեր են ներգրավում կաթ մթերող ընկերությունները, ուստի խնդիր է առաջանում:

Այժմ նման  խնդիրներ չպետք է  լինեն: Կառավարությունը ոչ թե անմիջապես է միջամտում տնտեսվարողին, այլ՝ անուղղակի:

0:00
0:00