Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՆ-ՊՎԾ հակասությո՞ւն. Հեմոդիալիզի պետգնման խնդրի նոր մանրամասները
2019-02-28 18:50:21

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում 2019թ.  փետրվարի 25-ին պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք՝ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը և նրանց կողմից ենթադրյալ հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տարոն Աբրահամյանը ձերբակալվել են:

Պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հայտարարած հեմոդիալիզի սարքավորումների պետգնման գործընթացին անօրինական միջամտության համար:

Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։ Ձերբակալված պաշտոնյաների շահերի պաշտապանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալները չեն ընդունում իրենց մեղքը:

Թեման, բացի տեխնիկականից, նաեւ քաղաքական կողմեր ունի՝ վերագրվելով առողջապահության նախարարի եւ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի միջեւ կոնֆլիկտին:

Պետական վերահսկողության ծառայության 2 աշխատակիցների ձերբակալման, ապա կալանավորման թեման նոր զարգացումներ է ստանում: Աղմկահարույց խնդիրը սկսվել է այն պահից, երբ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող ու հանրապետության ամենախոշոր բուժկենտրոններից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը, հայտարարել է հեմոդիալիզի պարագաների պետգնման մրցույթ:

 Հաջորդ օրը պետական վերահսկողության ծառայությունից ստացվել է գրություն, թե պետք է վերանայել մրցույթի տեխբնութագրերը՝ «Ռադիոլուրին» մանրամասնում է բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը:

Առաջարկ-գրությունը հիմք է ընդունվել, ու պայմանները վերանայվել են: Հասկանալով հանդերձ, որ սա ֆինանսական նոր խնդիրներ է առաջացնեում, հանվել է պահանջը, որ սարքավորումներ մատակարարող ընկերությունը հետագայում նաեւ սպասարկում իրականացնի, քանի որ վարչապետին ենթակա վերահսկողական ծառայությունից ստացված գրությունը կասկած չի հարուցել: Կասկածներ ծագել են այն ժամանակ, երբ ծառայության 2 աշխատակիցները սկսել են հետեւողականորեն միջամտել մրցույթի անցկացմանը ու փորձել հասնել նրան, որ հաղթի իրենց նախընտրած ընկերությունը:

« Գործընթացի ընթացքը մեզ կասկածելու շատ ու շատ առիթներ տվեց: Մենք հասկացանք, որ այս տենդերի հետ կապված իրենց միջամտություններն ավելանում են, անձնական հետաքրքրություններ կան այս կամ այն հետ կապված, որից էլ տարբեր հարցեր առաջացան»:
Պետգնման մրցույթում առաջ եկած խճճված հարցերը  փոխանցվել են առողջապահության նախարարին: Վերջինս էլ խնդրահարույց հարցով դիմել է իրավապահ մարմիններին: ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում արդեն պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել: Կալանավորվել են ՊՎԾ 2 աշխատակիցներն ու նրանց կողմից ենթադրյալ հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը: ԱԱԾ հաղորդագրությունում շեշտվում է՝

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները, ունենալով պետգնումների գործընթացը վերահսկելու իրավասություն, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործել են իրենց պաշտոնեական դիրքը: 2018-2019թթ. ընթացքում ապօրինի միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար բուժսարքավորումների գնման ընթացակարգերին: Առերևույթ անձնական շահագրգռվածությունը կապված է եղել նրա հետ, որ ցանկացել են հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Մինչդեռ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը կարծես անուղղակիորեն չի ընդունում իր աշխատակիցներին առաջադրված մեղադրանքը: Դավիթ Սանասարյանն այսօր  նախ հայտարարել է՝ այո, եթե իր աշխատակիցները մեղավոր են, պետք է պատասխանատվություն կրեն:

Բայց միաժամանակ շեշտել է՝  կալանավորվածներն իր լավագույն աշխատակիցներից են, որոնց մեղքը դեռ պետք է ապացուցվի: Նա նաեւ կոչ է արել ԱԱԾ-ի իր գործընկերներին՝ նախաքննական փուլում պահել գաղտնիությունը, ապա բավականին կոշտ ձեւակերպումով ընդգծել՝ իրենց առաջարկով ազատականացվել է մրցույթի անցկացումը, պետգնումների ոչ մրցակցային շուկան մրցակցային է դարձել: 

«Մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվի նման ինֆորմացիա: Հեմոդիալիզի շուկան շարունակելու ենք ուսումնասիրել, անկախ նրանից ով է ցանկանում, ով՝ ոչ, անկախ այն բանից՝ ում շահն է այստեղ տրորվում: Պետության շահն այստեղ պետք է պահենք: Մրցակցային շուկա չի եղել: Կոնկրետ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սպասարկել է միայն մեկ կազմակերպություն: Մենք առաջարկ ենք արել, ու դրա արդյունքում 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին:  

Ոչ բաց ու ոչ մրցակցային մրցույթների խնդիր չկա՝ իր հերթին հայտարարում է ՍԳԼ-ի տնօրեն Արման Հովակիմյանն ու մատնացույց անում իրենց հայտարարած ու անցկացրած մյուս բազմաթիվ մրցույթները: Տարիներ շարունակ մեկ անձից գնումներ կատարելու մեղադրանքները պետք է ուղղել բուժկենտրոնի նախկին ղեկավարությանը՝ ասում է:

Իսկ առողջապահության նախարարությունն եւ բուժկենտրոնի ներկայիս ղեկավարությունն առաջին են ու ամենաշահագրգռվածը  մրցույթների թափանցիկ ու արդյունավետ անցկացման առումով, թեեւ այստեղ շատ զգայուն հարցեր կան: Հովակիմյանը բացատրում է՝ օրենքի պահանջը՝ պետգնում կատարելիս նախապատվություն տալ ամենացածր գնային առաջարկին, որոշ ռիսկեր է ենթադրում մարդկանց առողջության համար գերկարեւոր ապրանքների ու ծառայությունների որակի առումով:

«Պետք է շտկումներ արվեն, քանի որ նվազագույն գնային առաջարկով վերցնելիս մենք լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ»:

Բայց սա հարցի այլ կողմն է: Մյուս կողմում այն ինտրիգներն են, որ փորձ է արվում գտնել այս պատմության մեջ: Դիտարկումներ են հնչում, թե այսպիսով միմյանց դեմ են դուրս եկել առողջապահության նախարարն ու ՊՎԾ ղեկավարն այն առումով, որ առողջապահության նախարարն է ԱԱԾ-ին ուղարկել նյութեր ՊՎԾ-ի աշխատակիցների մասով: Ու հիմա էլ ՊՎԾ ղեկավարն է փոխադարձ մեղադրանքով հանդես գալիս, թե ԱՆ մրցույթներն ազատ չէին: «Ինտրիգ չկա ու չի կարող լինել»,- հայտարարում է պատմության հիմնական դերակատարներից Արման Հովակիմյանը:

« Առողջապահության նախարարն, ինչպես նաեւ ես անձնապես մեկ նպատակ ունենք՝ բարելավել առողջապահության ոլորտը: Ու թող բոլոր ինտրիգներ փնտրողները հավատացած լինեն՝  ամենակարեւոր հարցերից մեկը ծախսերի նվազեցումն է»:

Ի վերջո՝ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները չարաշահե՞լ են իրենց վերահսկողական լիազորությունն ու ապօրինի միջամտե՞լ են պետգնման գործընթացին, թե՞ իրականում նպաստել են մրցույթների ազատականացմանը, հիմնական այս հարցի պատասխանը կտան իրավապահ մարմինները: Իսկ մինչ այդ առողջապահության նախարարությունում փորձում են ապահովել, որ տեխնիկական ու իրավական խնդիրների պատճառով քաղաքացիներին մատուցվող կյանք փրկող, բարդ և վտանգավոր հեմոդիալիզի միջամտությունը չընդհատվի:

0:00
0:00