ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեծ պատմություն՝ ոչնչի՞ց. ՊՈԱԿ-ների օպտիմալացումը՝ քննարկման փուլում
2019-02-28 19:01:48

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մի քանի օր է թատրոններում ու թանգարաններում, մշակութային ՊՈԱԿ-ներում ու ֆեյսբուքյան Հայաստանում ամեն ինչ ոչ մշակութային աշխուժության մեջ է: Պատճառը՝ օրեր առաջ լրատվական օրակարգ մտած շրջանառվող տեղեկությունն է՝ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող ՊՈԱԿ-ներն առաջարկվում է լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել:

Շրջանառվող առաջարկը հարցականներ ունի:


Վերջին օրերին ոչ մշակութային այս թոհուբոհի մեջ մի քանի տասնյակ մշակութային ՊՈԱԿ-ների մեջ ամենաշատը երևաց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը. նախարարության ներկայացրած առաջարկով, եթե թատրոնը ամբողջությամբ մնա պետական դոտացիայի տակ, ուրեմն պետք է ունենա ժանրային առաձնահատկություն:

Շրջանառվող առաջարկը հարցականներ ունի՝ մեկը՝ ի՞նչ է նշանակում մնալ պետական դոտացիայի տակ՝ ժանրային առանձնահատկություն ունենալու պայմանով:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը պատասխանում է՝ խոսքը սկսելով փաստաթղթից. իսկ ո՞վ է ասել, որ ներկայացված առաջարկն անպայման պետք է հաստատվի:

«Շատ հնարավոր է, եւ կարծում եմ, դա հենց այդպես էլ կլինի, որ առաջարկը չհաստատվի, քանի որ լավը չէ այս թատրոնի համար: Սա ընդամենն աշխատանքային թուղթ է։ Ամիսների վերլուծության արդյունքն է»:

Համազգայինում փաստաթղթի առաջարկ կամ սևագիր լինելուն չեն հավատում: Պետական բյուջեից թատրոնին հատկացվող դոտացիան մասնակի է՝ տարեկան 67 մլն. դրամի չափով, որն էլ ամբողջությամբ ուղղվում է թատրոնի անձնակազմին տրվող աշխատավարձի ֆոնդին:

Այս կամ այն թատրոնը փակելու որոշում հանդիսատեսն է կայացնում՝ պատասխանում են Համազգայինից: Թատրոնի առանձնահատկությունը հասկանալու համար հրապարակային Նազենի Ղարիբյանին այսօր երեկոյան «Հաղթանակի գենեզիս»-ը դիտելու են հրավիրում՝ վստահությամբ, որ եթե գա, կհասկանա այդ առանձնահատկությունը:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը պարտադիր պետք է պետական լինի՝ թատրոնի տնօրեն Արմանն Նավասարդյանն է ասում:


«
Սոս Սարգսյանը քիչ բան չի արել հայոց պետականության համար: 1991 թվականին, պատերազմի օրերին, ցուրտ-մութ տարիներին շատ թատրոնններ նույնիսկ աշխատավարձեր չէին կարողանում տալ իրենց դերասաններին, Սոս Սարգսյանը հիմնեց այս թատրոնը»:

Խնդիրը միայն թատրոններում չէ, թանգարաններում էլ հարցեր կան՝ ինչո՞ւ առաջարկել Ալեքսանդր Սպենդիրայանի անվան տուն-թանգարանը դարձնել Եղիշե Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանի մասնաճյուղ, ենթակայության ներքո աշխատող կառույց կամ մի մաս:

Ի՞նչ է սա նշանակում՝ Ալեքսանդր Սպենդիրայանի տուն-թանգարանի այցելուն այլևս նրան պատկանող իրերը չի՞ տեսնելու, հասցե՞ն է փոխվելու, թե՞ փոփոխությունը մեկ այլ տեղում է:

Սեղանին դրված է միայն կառավարման արդյունավետության խնդիրը՝ Նազենի Ղարիբյանը պատասխանում է: Այդ օպտիմալացումը չի նշանակում կրճատել, այլ՝ լավացնել:

«Մի բան հաստատ է. մեր մոտիվացիան թատրոնները փակելը, պետական հոգածությունից դուրս վտարելը չէ, այլ՝ ինչպես անելը, որ իրենց ստեղծագործական գործունեությունն օպտիմալանա»:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Մի կաթիլ մեղրի կամ ոչնչից մեծ պատմություն՝ Ղարիբյանն ասում է, ինչպես կուզեք ստեղծված իրավիճակն անվանեք:

Բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին այսօր շրջաբերականներ են ուղարկել՝ երկուշաբթի նախարարությունում հանդիպելու համար:

Համազգայինում դեռ շրջաբերական չեն ստացել, ստանան՝ հանդիպմանն անպայման ներկա կգտնվեն:

Իսկ մինչ այդ, մի քանի րոպեից համազգայինցիները կբարձրանան բեմ՝ խաղալու իրենց «Հաղթանակի գենեզիս»-ը՝ հույսով, որ դալիճում նաեւ Նազենի Ղարիբյանին կտեսնեն:

0:00
0:00