Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական ուժերը պատրաստվում են Մարտի 1-ի երթին
2019-02-28 19:00:40

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

2008-ի մարտի 1-ի տարելիցի առիթով տարբեր կուսակցություններ, խմբեր եւ անհատներ իրենց հարգանքի տուրքն են մատուցելու 11 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի զոհերի հիշատակին:

11 տարվա ընթացքում առաջին անգամ կառավարության մակարդակով երթ է նախապատրաստվում: Ենթադրվում է, որ ելույթներ չեն լինելու եւ այն չի քաղաքականացվելու: Իշխող ուժից նշում են, որ երթը որեւէ կուսակցության մենաշնորհը չէ եւ արդեն կոչով դիմել են բոլոր ուժերին` միանալ նախաձեռնությանը:

Արձագանքողները, սակայն, քիչ են: Յուրաքանչյուր կուսակցություն իր օրակարգով է պատրաստվում վաղվան:    

Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ տարիներ շարունակ հանրությունը սեւեռված էր այդ դեպքերին բանակի մասնակցությանը, մինչդեռ վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ  «մարտի 1-ի» դեպքերի համար ոչ պակաս պատասխանատու է նաեւ ոստիկանությունը: Ոստիկանությանն ուղղված պահանջը ձեւակերպել է «Հիմնադիր խորհրդարան»-ից քաղաքական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:

«Ոստիկանությունը մարտի 1-ին փողոցում ծնկաչոք ներողություն պետք է խնդրի: Մինչ օրս ոստիկանությունը պաշտոնական ներողություն չի խնդրել մարտի 1-ի համար»:

ՀԱԿ-ից նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը պատասխանողներից չի առանձնացնում միայն բանակին կամ ոստիկանությանը: Հավատում է՝ պատասխան են տալու բոլորը:

« Ոնց որ կազմակերպվել է համակարգված եւ բոլոր համակարգերն ընդգրկած, հկառակն էլ՝ նույնը պետք է լինի: Համակարգված պետք է նայվի դատախազը, դատավորը, ոստիկանը, որոնք շղթա են կազմել մարդկանց ճակատագիրը որոշելու»:

Ոստիկանապետը, ի դեպ, այսօր Աժ-ում էր: Խորհրդարանական մեծամասնությունը Վալերի Օսիպյանին հրավիրել էր դռնփակ նիստի: Պատգամավորները երբեք հնարավորություն չեն ունեցել առանձին խմբակցությունով ոստիկանապետին հրավիրելու, առավել եւս՝ նախադեպ չի եղել, որ ոստիկանապետն այդ հրավերն ընդուներ եւ գար խորհրդարան:

Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ոստիկանապետը բազմիցս  ասել է՝ իշխանությունից ստացել է հասարակական կարգ ապահովելու հրաման: Անձամբ Օսիպյանը ի՞նչ է տեսել 2008-ի մարտի 1-ի դեպքերից առաջ. «Զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր եւ այլն, բոլորս դա տեսել ենք»:

Համակարգում այսօր էլ աշխատում են ոստիկաններ, ովքեր աշխատել են 2008-ի մարտի 1-ին: Նրանք, սակայն, չպետք է հետապնդվեն, կարծում է ոստիկանապետը:

«Այո, կան ոստիկաններ, որովհետեւ եղել են ընդգրկված շատ մեծ անձնակազմ տարբեր ստորաբաժանումներից, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության»:

Հայ ազգային կոնգրեսը, ի դեպ, նոր նախաձեռնություն է սկսել: 2008-ի մարտի 1-ից հետո բոլոր քաղբանտարկյալները հերթով դիմումներ են ներկայացնելու դատախազություն՝ բողոքարկելու գործերն ու վճիռները: Քայլով փորձ է արվելու ապացուցել, որ գործել է հստակ համակարգ՝ ոչ մեկ պատասխանատուով:

Ավելի լուրջ բացահայտումներ Արամ Մանուկյանը սպասում է 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դատական գործից: Նախկին պատգամավորն ասում է, որ մշտական կապի մեջ է զոհվածների իրավահաջորդների փաստաբաններից Վահե Գրիգորյանի հետ:

«Սպասեք միայն, թե մեղադրանքը ինչպիսին է լինելու: Մեղադրանքը որ լինի, մանրամասները, երբ տեսեք, հավատացեք, սկսվելու են բոլորը մինչեւ վերջ, որովհետեւ այն, ինչ հրապարակվելու է բոլորիդ համար լինելու է նոր մեծ մասը: Ավելի կոնկրետ՝ առաջին անգամ եմ ասում. մարտի 1-ից հետո 150 մարդ նստել է բանտերում միջինը 1-6 տարի: Բոլորը կեղծված մեղադրանքներով, մեծ մասը մեկ ոստիկանի ցուցմունքով:

Ընդ որում այդ մեկ ոստիկանը միաժամանակ 4 հոգու համար կարող էր ցուցմունք տալ տարբեր տեղերից՝ կրկեսի մոտ, Հանրապետության հրապարակում, ազատության հրապարակում: Այդ բոլորը բացվում է:

Արդյո՞ք գործի բացահայտման ընթացքից գոհ է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ առհասարակ՝ ինչ է անելու հանրապետականը վաղը: Ժամանակին Սամվել Նիկոյանը ակտիվ խոսում էր այս թեմայով եւ դռնբաց քննարկումներ կազմակերպում Աժ-ում, բայց  նոր բացահայտումներից հետո հանրապետական նախկին պատգամավորն, ըստ էության ասելիք չունի:

«Ռադիոլուր»-ի հարցը լսելուն պես պարզապես անջատեց հեռախոսը: Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ֆեյսբուքյան գրառումով է անդրադարձել մարտի 1-ին, ըստ էության առաջին անգամ կառավարության մակարդակով նախաձեռած երթին:

Շարմազանովը հորդորել է դուրս գալ բարդույթից ու փորձել առաջ նայել, այլ ոչ թե մնալ ողբերգական ճահճի մեջ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ապա ոչ «Բարգավաճ Հայաստանը», ոչ էլ «Լուսավոր Հայաստանը» չեն միանալու իշխանության երթին: Նրանք առանձին՝ իրենց օրակարգով են հարգելու մարտի 1-ի զոհերի հիշատակը:

0:00
0:00