ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ խնդիրների են բախվում Հայաստան վերադարձող միգրանտները
2019-03-02 11:25:20

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«2018թ. Հայաստան վերադարձողների թիվը գերազանցել է մեկնողների թվին: Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար». Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց փետրվարին Գերմանիա կատարած այցի ժամանակ:

Ռադիոլուրի զրուցակիցները ևս փաստում են, որ կա հատկապես ԵՄ երկրներից վերադարձողների թվի կտրուկ աճ, ինչը պայմանվորված է այդ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացմամբ: Սակայն այդ հոսքին նպաստել է նաև ապրիլյան հեղափոխությունը:

Զրուցակիցս, որի անուն ազգանունը, նրա իսկ խնդրանքով, չեմ ներկայացնում, 2015  թվականին ընտանիքով մեկնեց Գերմանիա՝ առողջական խնդիրների պատճառով: Բարդ, ուռուցքային հիվանդությունը, որի ախտորոշումն այստեղ երեք տարի էր պահանջել, Գերմանիայում հաջողվեց բուժել:

Մոտ երեք տարի էր անցել, երբ համապատասխան ծառայությունից նամակ ստացան. «Գերմանիայում ապրելու համար այլևս որևէ հիմք չունեք, առողջական մյուս խնդիրները կարող եք լուծել արդեն Հայաստանում»:

Մեր հայրենակցի առողջական մյուս՝ ամենացավոտ խնդիրը ՁԻԱՀ-ն է, որը մինչ Գերմանիա մեկնելն էր աշխորոշվել: 2018 թվականի ամռանը այս հիվանդությամբ տառապող զրուցակիս չորս հոգանոց ընտանիքով հայրենիք վերադարձավ՝ բախվելով ամենածանր իրականության հետ:

«Բնակարանս վաճառել էին, հայրական տան գրանցումից ինձ հանեցին՝ իմանալով հիվանդության մասին: Ինֆորմացիայի խնդիր կա»:

Հիվանդությունը խանգարում է աշխատանքին, ամենապարզ մարդկային շփումներին, չունեն բնակարան, վարձված բնակարանի գումարն արդեն երկու ամիս չեն վճարել, հոսանքը հաճախ անջատում են: Զրուցակիցս չունի նաև հաշմանդամության կարգ: Նոր հետազոտությունների համար գումար է պետք: Սոցիալական որևէ ծրագրից ևս օգտվել չի կարողանում:

Գերմանիա գնալուց առաջ մի մեքենա էր վաճառել՝ երաշխավորագրով: «Մեքենայի գնորդին այժմ գտնել չի հաջողվում, որպեսզի գրանցումից դուրս գա, գոնե «Փարոս» ստանամ»,- ասում է: Սոցիալական խնդիրները շատ են, բայց ամենածանրն այս պահին ընտանիքի դստեր վիճակն է:

Զրուցակիցս պատմում է, որ երեխաները չէին ուզում վերադառնալ Գերմանիայից, այնտեղ շատ էին հարմարվել՝ ասում է: Հոգեկան ապրումներից ու նյարդային գերլարված վիճակից 12-ամյա աղջիկն այսօր տառապում է աղեստամոքսային ծանր հիվանդությամբ:

Վերադարձածներին օժանդակելու, նրանց վերաինտեգրման հարցերով Հայաստանում զբաղվում են հիմնականում հասարակական ու միջազգային կազմակերպությունները: Այս պահին նրանց ծրագրերում ընդգրկված անձանց  թիվը հասնում է 1600-ի: Այդ ոլորտում  ակտիվ է հատկապես «Հայկական Կարիտաս» կազմակերպությունը: Վերջինի՝ «Միգրացիա և զարգացում» ծրագրի  համակարգող Արմինե Եփրեմյանի տվյալներով, ծրագրին դիմած քաղաքացիների  թիվն այս պահին  337-ն է: Խոսքը 128 ընտանիքի մասին է:

Արմինե Եփրեմյանը նաև հետաքրքիր վիճակագրություն է ներկայացնում.«ԵՄ երկրներ գնացողների ցանկում մեծ թիվ են կազմում առողջական խնդիրներով մեկնածները»:

ԵՄ երկրներից արտաքսված ու Հայաստան վերադարձ քաղաքացիների թվի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության  Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանն ասում է՝ նման վիճակագրություն չի տարվում: Փոխարենը կան հստակ տվյալներ տարվա ընթացքում ստացված ռեադմիսիոն  հայցերի վերաբերյալ:

«Ռեադմիսիոն հայցերը վերաբերում են անձի քաղաքացիության պարզմանը»:

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռեադմիսիայի, այսինքն  «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակում 2018-ին Եվրամիության երկրներից ստացվել է 989 հայց: Ըստ Հայկանուշ Չոբանյանի, մեկ հայցում կարող են լինել տվյալներ մի քանի անձի վերաբերյալ: Նշված հայցերի  մոտ 85 տոկոսի դեպքում հաստատվել է անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու փաստը: Քաղաքացիությունը բացահայտելուց հետո նրանցից քանիսն է վերադարձել Հայաստան, վիճակագրությունը դարձյալ լռում է: Կան տվյալներ վերաինտեգրման աջակցություն տրամադրող ծրագրերից օգտվող  վերադարձած անձանց մասին: Որքանով են այս տվյալները հաստատում այն կարծիքը, որ հեղափոխությունից հետո ԵՄ երկրներից արտաքսված մեր հայրենակիցների թիվը կտրուկ աճել է, հարցին Հայկանուշ Չոբանյանն արձագանքում է

 «Հայաստանը միշտ համարվել է ապահով ու ժողովրդավարական երկիր, իսկ հեղափոխությունից հետո ՝ առավել ևս: Ներկա միտումները ցույց են տալիս, որ անգամ երկար տարիներ եվրոպական երկրներում գտնվող անձանց քաղաքացիությունը հաստատվելուց հետո  շատ արագ հետ են վերադարձնում»:

Վերադարձածներին օժանդակելու ուղղությամբ Միգրացիոն ծառայությունն ինչ-որ քայլեր փորձում է ձեռնարկել, մշակվում է գործողությունների ծրագիր, որը միտված է լուծելու թերևս ամենաառաջնային հարցերը՝ սոցիալական, առողջական  և այլն, բայց պետության դերակատարումն այս հարցերում, ինչպես արդեն նշվեց, առայժմ մեծ չէ:

0:00
0:00