ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարտի 1-ի գործ. 10 ամիսն ավելի արդյունավետ, քան 10 տարին
2019-03-01 18:47:21

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Մարտի 1-ի» քրեական գործի քննությունը վերջին 10 ամիսներին արձանագրեց ավելի մեծ արդյունք, քան նույն գործով քննությունը՝ վերջին 10 տարիներին: Իրավական հարթությունում այսօր արդեն որոշակի հստակություն կա. կան մեղադրվողներ, հետախուզվողներ: Վերջին 10 ամսվա ընթացքում իրականություն դարձավ նաեւ ՀՀ երեք նախագահների հարցաքննությունը:

Նախկին 4 պաշտոնյայի առաջադրված մեղադրանք՝ 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար, մեկ կալանավորված, երկու հետախուզվող: «Մարտի 1»-ի գործով  իրավական հարթությունում սա է պատկերը: Կոնկրետ մեղադրանք գործի շրջանակներում առաջադրվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ Արմեն Գեւորգյանին:

2008-ի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյան.

« Վարույթն իրականացնող մարմնի կողմից այս չորս պաշտոնյաների նկատմամբ մեղադրանքների ուղարկումը դատարան շատ կարեւոր է այնքանով, որ առաջնորդներին, ովքեր վճռորոշ դեր են ունեցել մարտի 1-ի կազմակերպման առումով, կարելի է ասել, որ 70-80 տոկոսով ամբողջացված է այդ սուբյեկտների շրջանակը եւ գտնում եմ, որ ակնհայտ հիմնավոր է առաջադրված մեղադրանքը»:

Իրավական հարթությունում այս գործով կա մի նրբություն: Հայաստանում երբեք նախադեպ չի եղել եւ դատարանները երբեք չեն բախվել «սահմանադրական կարգ տապալելու» հոդվածին: Փաստաբան Արա Ղազարյանի համար իրավական հարթությունում առաջին խնդիրներից մեկը սա է.

«Մենք բոլորս մեր տրամաբնությամբ փորձում ենք դա մեկնաբանել, բայց չկա դոկտրինալ մեկնաբանություն, չկա նախադեպային իրավունք եւ օրենսդրությունն էլ չէի ասի, որ հստակ է: Ուստի մնում է, որ կոնկրետ գործով դատարանի կողմից մեկնաբանությունը, իսկ կոնկրետը միայն Ռոբերտ Քոչարյանի գործն է եւ մի անի այլ գործեր, որոնք նույնանման են, նույն փաստական հանգամանքներից են բխում: Այսինքն՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել, կան արդյոք չափանիշներ եւ չափորոշիչներ, որով դա չափվում է: Մենք չգիտենք, որովհետեւ երբեք չի կիրառվել: Ուստի ինձ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են դատարանները մեկնաբանելու այս նորմը, հատկապես, երբ գործն արդեն մտել է դատարան»:

«Մարտի 1»-ի գործով փաստաբանին հուզում է նաեւ մեկ այլ փաստ. ինչո՞ւ գործը սկսվեց «վերեւից», այլ ոչ թե «ներքեւից»: Արա Ղազարյանը համոզված է՝  ներքեւից՝ կրակողներից սկսելու դեպքում  բացահայտումը կլիներ ավելի մեծ ծավալի եւ հիմնավոր: Իրողությունների փոփոխությունից հետո կրակողների գործը նորից քննելու մասին  վկայում  է թերեւս Վահագն Հարությունյանի հանդեպ հայտարարված հետախուզումը: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ:  

«Վահագն Հարությունյանը մեղադրվում է պարկուճները, իրեղեն ապացույցները ոչնչացնելու մեջ: Նույն վիրավորների, զոհերի, կրակողների եւ փամփուշտների նույնականացումը բացառելու նպատակով է արվել: Այստեղ խնդիրը հենց այդտեղ է: «Չերյոմուխայի» դեպքում կոնկրետ չորս կրակողները հայտնի են, բայց հրազենային վնասվածքով տեղի ունեցած մահերը, այս դեպքում պարկուճները շատ կարեւոր նշանակություն են ունեցել եւ իրենք դա շատ լավ գիտակցելով ուղղակի ոչնչացրել են: Փոխարինել են ինչ որ պարկուճներով, որոնք իրականում կիրառված հրազենների հետ կապ չեն ունեցել»,- ասում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբկցությունից պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Հատուկ քննչական ծառայությունն ամեն դեպքում չի սեւեռվել միայն բարձրաստիճան պաշտոնյաների վրա: Առաջին իսկ օրվանից այդ կառույցին է փոխանցվել փաստահավաք խմբի ողջ աշխատանքը՝ 5 զեկույցի տեսքով: Սեդա Սաֆարյանն ասում է, որ այն ժամանակ իրենք հիմնականում կարեւորում էին սպանությունների բացահայտումը:

Սաֆարյանն, ի դեպ, նորից է սկսել ծանոթանալ գործին: Այս անգամ դատարանում պաշտպանելու է Արթուր Ավագյանի շահերը: 2008-ի մարտի 1-ին երիտասարդը ծնոտի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում, վնասվել էր լեզուն: Այս քրեական գործը բաղկացած է 76 հատորից:

«Սկսել եմ, բայց դեռ առաջին հատորն էլ չեմ ավարտել, որովհետեւ մի քանի օր առաջ են այդ գործը տրամադրել: Բայց նաեւ իմանալով, թե փաստահավաք խմբում նյութերի ինչ բազա կար, ես գտնում եմ, որ նյութերը բավարար են»:

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վերջին 10 ամսվա ընթացքում իրականություն դարձավ նաեւ ՀՀ երեք նախագահների հարցաքննությունը: Երեկ տարածված լուրերի համաձայն, որը ՀՔԾ-ում ոչ հերքում են, ոչ էլ հաստատում, արդեն հարցաքննվել է նաեւ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

0:00
0:00