ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարտի մեկը՝ դասագրքերում
2019-03-01 18:00:14

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Կրթության ոլորտի մասնագետները դժգոհ են հայոց պատմության դասագրքերի բովանդակությունից և դրա դասավանդման մեթոդաբանությունից: Այս առարկայի դասագրքերը չեն արտացոլում իրական պատմությունը, ինչը պայմանավորված է քաղաքական կոնյուկտուրաներով:

Ինչպե՞ս է ներկայացված մարտի մեկի իրադարձությունները դասագրքերում և ինչպե՞ս գրել պատմություն, որը զերծ կլինի քաղաքական կոնյուկտուրաներից:

Պատմության դասագրքերում իրադարձությունները թյուր են ներկայացված և քաղաքական կոնյուկտուրայով է պայմանավորված: Կարծիքը  կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանինն է:  Փորձագետն օրինակ է բերում  90-ականների ու 2000-ականների պատմության դասագրքերը:

Մի ժամանակաշրջանում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացված է դրական լույսի ներքո, իսկ մյուս շրջանում՝ ավելի չեզոք: Դրանից հետո մարտիմեկյան գործողությունները բավականին կողմնակալ են  լուսաբանված դասագրքերում՝ ասում է: Դրանք պայմանավորված են քաղաքական կոնյուկտուրայով:

«Մեր օրերի մասին գրելն ամենադժվարն է, որովհետև այն մարդիկ, ում  մասին գրում ենք, մեր կոքին են, հասարակությունը մասնակցել է այդ պրոցեսներին,  ամեն մեկը տարբեր խրամատում է եղել, տարբեր բարիկադում: Կարծում եմ, որ դրանք պետք է ավելի փաստական գրվեն, ավելի չեզոք, ավելի ժամանակագրական: Պատմությունը սիրում է, որ մի փոքր ժամանակ անցնի , որպեսզի ավելի սթափ և օբյեկտիվ կարծիքը ներկայացվի»:  

Մարտի մեկի գործողությունների վերաբերյալ դպրոցական դասագրքերում  որևէ եզրակացություն չկա: Իրադարձությունները ներկայացված են չեզոք դիրքերից: Կարծիքը «Ռադիոլուրի» զրուցակից, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանինն է:  

«Գրված է, որ ողբերգական դեպքերի արդյունքում եղան 10 զոհեր և որ դա բացասական անդրադարձավ պետության միջազգային հեղինակության վրա: Ուղղակի փաստերի շարադրանք է,  և ոչ եզրակացություն: Իսկ շատերը  գտնում են, որ անհրաժեշտ է փոփոխել: Ես վերափոխելուն դեմ չեմ: Բայց քանի դեռ գործը շարունակվում է, այսինքն՝ դատական գործընթաց է, իմ կարծիքով մինչև վերջնական եզրակացություն չլինի, նորր կարելի է դրա հիման վրա անել եզրակացություններ»:

Թե ինչի արդյունքում եղան իրադարձությունները, դասագրքում գրված չէ: Միայն ներկայացված է, որ ոստիկանական զորքերի հետ բախման  արդյունքում տեղի է ունեցել ընդհարում՝ ասում է պատմաբանը:  Իսկ քաղաքական կոնյուկտուրայից զերծ պատմություն ներկայացնելու համար պետք է  փաստերի անկողմնակալ շարադրում և դրա հիման վրա եզրակացությունը թողնել ընթերցողին:

«Ժամանակակից պատմություն գրելը դժվար է»:

Պատմության դասագրքերի բովանդակությունից դժգոհեց կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ  Լուսինե Խառատյանը: Մեր պատմության  դասագրքերը գրվում են հին էսենցիալիստական մոտեցումներով: Դասագրքերում հիմնականում շեշտվում է հայ ժողովրդի յուրօրինակությունը, ծագման եզակիությունն ու պատմության ընթացքում  ինչ- որ կերպար կերտելը: Սակայն այսօրվա աշխարհն այդ մեթոդը չի ընդունում;  Պետք է օգտագործել բազմատեսանկյուն մոտեցում և հնարավորություն տալ աշակերտին քննարկման, որի միջոցով էլ  դպրոցականները տարբեր տեսանկյունից կդիտարկեն  իրադարձություններն ու այդ միջոցով կյուրացնեն նյութը:

«Պատմությունը պետք է գլոբալ վերանայել թե՛ մեթոդական առումով և թե՛ այս կամ այն իրադարձությունն ինչպես է  մատուցվում երեխային»:

Իսկ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը կարևորում է ակադեմիական բովանդակությունը: Կարևոր է, որ ուսումնառության և դասավանդման նյութերը  մշակվեն  ակադեմիական մեթոդաբանությամբ: Սակայն պատմաբանները հաճախ տալիս են այն պատմությունը, որն իրենք են հարմար գտնում: 

«Իսկ եթե մենք ունենանք պատմությունը պատմելու  մեթոդաբանություն, որը կլինի ակադեմիական մեթոդաբանություն գիտական մեթոդի կիրառմամբ, մենք կկարողանանք պատմությունն ուսումնասիրել և այն ներկայացնել, այդ դեպքում քաղաքական ենթատեքստերը  մենք կկարողանանք  նվազեցնել»։ 

Պատմությունը որպես այդպիսին չի փոխվել, սակայն դրա ուսումնասիրության մեթոդաբանությունն է փոխվել  աշխարհում:  Իսկ մեր դասագրքերը շարունակվում են գրվել ոչ այն մեթոդաբանությամբ, որով առաջնորդվում է  առաջանցիկ աշխարհը, կարծում է փոխնախարարը;

0:00
0:00