ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սևիլյան սափրիչ»-ը 14 տարի անց՝ երևանյան բեմում
2019-03-01 16:30:15

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Վառ ու ինտրիգային. իտալացի հայտնի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»-ը 14 տարի անց նորից երևանյան բեմում կլինի: Ռոսինիի՝ վառ, կոմիկ ու ինչ-որ տեղ գրոտեսկային կերպարները հայ ու իտալացի մենակատարները կկերտեն: Այսօր կատակերգական օպերայի վերջին՝ գլխավոր փորձն էր:

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճի բեմում մասետրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախումբն է՝ օպերային մեներգիչների հետ: Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»-ի երևանյան պրեմիերայից առաջ  վերջին՝ գլխավոր փորձն է:

Աղախին Բերտային մարմնավորող սոպրանո Ալինա Փահլևանյանը բեմ բարձրանալուց առաջ վերջին փորձերն է անում:


«Պետք է անընդհատ փռշտամ, սկզբում չէր ստացվում՝ շատ մանկական էի փռշտում (ծիծաղում է)»:

Կրքոտ սիրահար կոմս Ալմավիվան հայաստանյան եւ միջազգային բեմերի սիրելի Լիպարիտ Ավետիսյանն է: Դերը տենորի սիրելիներից  է, չնայած այնքան էլ հաճախ չի երգել:

«Կոմս Ալմավիվան կերպարային շատ տարբեր է՝ անընդհատ փոփոխվում է: Դերի հետ աշխատելը շատ հետաքրքիր է»:

Աննա Կասյանը կխաղա իր հոբելյանական 100-րդ  Ռոզինան: Ասում է՝ դերը զգում է մարմնով ու իմպուլսներով:  Որևէ դեր խաղալը խիստ անձնական է՝ մեկի համար դժվար, մյուսի համար՝ հեշտ,  մոտեցումներն են տաբեր:

«Ռոզինայի դերն ինձ համար կարծես ձեռնոց լինի՝ իմն է»:

«Սևիլյան սափրիչ»-ը Հայաստանում վերջին անգամ բեմում եղել է սրանից 14 տարի առաջ՝ 2005-ին, դարձյալ  Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բայց՝  համերգային կատարմամաբ:

Ինչո՞ւ որոշեց 14 տարի անց նորից բեմ բարձրացնել «Սևիլյան սափրիչ»-ը՝ Թոփչյանը պատասխանում է:


«Երբ իմացա, որ Լիպարիտ Ավետիսյանի ձայնով հնարավոր է երգել Ալմավիվա, երկար ժամանակ մտքումս եղած գաղափարը որոշեցի իրականացնել»:

Ունկնդիրը բեմում մի քանի էլեմենտներ կտեսնի՝ 18-րդ դարի իսպանական տան հարդարանք ու իրեր:  Մոդելավորողներ Գևորգ և Վարդան Թառլոյաններն են  հագուստների ու բեմի ձևավորմամբ զբաղվում:

Բեմի գույները նուրբ են, մեղմ ու պաստելային: Եղբայրներից Գևորգն է բացում փակագծերը:

«Գործողությունները կատարվում են տանը, դրա համար ընտրել եմ որոշ կահույք, ճոճվող աթոռ, սեղան: Մի խոսքով՝ ունկնդրի աչքը 18-րդ դարի Իսպանիա կտեսնի»:

Միայն երկու օր՝ մարտի 3-ին և 5-ին,  Ռոսինիի՝  ընդամենը 20 օրում գրված կատակերգական օպերան հայաստանյան բեմում կլինի: Մենակատարները խոստանում են՝ «Սևիլյան սափրիչ»-ի հայաստանյան պրեմերիան վառ, գունավոր ու ինտրիգային կլինի: