ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանի նախագահը Հայաստան կժամանի մարտին
2019-03-02 11:04:02

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայությանը, գրում է, որ այցի մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Սա Զուրաբիշվիլիի առաջին այցն է Հայաստան՝ նախագահի կարգավիճակում։ Տարածաշրջանային այցերը նա սկսել է Ադրբեջանից: Վրաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Բաքու էր ժամանել փետրվարի 27-ին:

Վրաստանում ուշադրության էր արժանացել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին Զուրաբիշվիլիի հայտարարությունը։

Վրաստանի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն աղմկահարույց հայտարարություն էր արել: «Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար», - հայտարարել էր Սալոմե Զուրաբիշվիլին:

«Ալիք մեդիա»-ի հետ զրուցում քաղաքագետ Գելա Վասաձեն փորձել է հիշել, թե արդյոք նախկինում որևէ պաշտոնյա իր հայտարարություններում նշել է «Ղարաբաղի օկուպացիայի մասին»:

«Հնարավոր է և ասել են: Զուրաբիշվիլին, սակայն, հեշտությամբ արեց դա․ կապված է նաև իր կարգավիճակի հետ, քանի որ զրկված է իրական իշխանությունից: Դրանից պետք չէ հեռու գնացող եզրակացություններ անել, չնայած Զուրաբիշվիլին առանձնահատուկ հարաբերություններ ունի ֆրանսիացիների հետ, իսկ Ֆրանսիան, թերևս, Եվրոպայում Ադրբեջանի համար ամենախնդրահարույց երկիրն է: Այսինքն, Զուրաբիշվիլին Բաքվին դուր գալու համար ամեն ինչ արեց, թե ինչքանով դա նրան հաջողվեց, ժամանակը ցույց կտա», —ասել է Վասաձեն:

Վերլուծաբան, «Ախալցխա.Net» կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանն էլ նշյալ հայտարարության վերաբերյալ aliq.ge-ի հետ զրույցում ասել է.

«Նախկինում, որքան տեղյակ եմ Վրաստանի իշխանություններն ավելի զուսպ են եղել իրենց արտահայտություններում։ Նոր նախագահի հիշյալ հայտարարությունը կարելի է կապել այն բանի հետ, որ Սալոմե Զուրաբիշվիլին իր նախընտրական ծրագրի շրջանակներում Ջավախքում հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահը միայն ադրբեջանցիներին էր տալիս քաղաքացիություն, ինչը սխալ էր համարել՝ խոստանալով ուղղել այն: Ադրբեջանական համայնքն իր դժգոհություն էր հայտնել՝ Զուրաբիշվիլիին նույնիսկ սկսել հակաադրբեջանական գործիչ համարել։ Դրանից բացի վերջերս տեղի ունեցած ադրբեջանական աղմուկը ՄիխայիլԱվագյանի կիսանդրու վերաբացման շուրջ ևս կարծես առիթ հանդիսացավ նման կոշտ ձևակերպման»:

Այվազյանը չի բացառել, որ սա Զուրաբիշվիլիի ոճում հերթական հայտարարությունների շարքից է, սակայն, ըստ նրա, ամեն դեպքում պետք է պարզաբանում պահանջվի։