ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ապահովագրությունը կդարձնի՞ գյուղատնտեսությունը կանխատեսելի
2019-03-02 13:53:28

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Ամենառիսկային համարվող գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ինստիտուտի ներդրումը ի վերջո կյանքի է կոչվում: Պիլոտային ծրագրով ընտրվել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերը: Կապահովագրվեն կարկուտից, հրդեհից ու գարնանային ցրտահարությունից, կապահովագրեն խաղողն ու ծիրանը: Ապահովագրության 50 տոկոսը կվճարի գյուղացին, 50 տոկոսը՝ պետությունը: Գյուղատնտեսության ռիսկային համարվող ոլորտում 2018-ին անկումներ են գրանցվել:

Բանջարեղեն՝ մասնավորապես կարտոֆիլ, լոլիկ ու ձմերուկ. այս տեսակների պակաս գրանցվեց: Պատճառները, ըստ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի, տարբեր են՝ ոչ բարենպաստ եղանակ, հիվանդություններ.

«Որոշ չափով այն պայմանավորված է ցանքատարածությունների կրճատումով: Հատկապես խոսքը վերաբերում է բանջարեղենին: Պետք է նշեմ, որ միայն լոլիկի պակասը շատ ընդգծված նկատվեց շուկայում, երբ աննախադեպ բարձր գներ էին»:

Պետրոսյանի փոխանցմամբ, գյուղացիների մեծ մասը ոռոգման ջրի հետ կապված իրական մտահոգություն ունեին: Սա էլ դարձավ հողերը չմշակելու պատճառներից հերթականը: Նվազել են նաև հացահատիկային բույսերի ցանքատարածությունները: Սակայն բերքի ծավալները, ըստ Գառնիկ Պետրոսյանի, բարձր են եղել.

«Բերքատվության բարձրացման հաշվին հանրապետությունում ավելի քան 30 հազար տոննա բերքի արտադրության ծավալների աճ է գրանցվել»:

ԱՎԿ տվյալները մատնանշելով՝ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ անասնագլխաքանակում նույնպես անկում է գրանցվել: Անկման պատճաներից մեկն էլ վիճակագրական ճշգրտումներն են.

«3 օրինակ, եթե դիտարկում ենք խոշոր եղջերավորների մասով, օրինակ՝ կովերի գլխաքանակը 2017թվականին շուրջ 296 հազար, հիմա՝ շուրջ 267 հազար, մոտավորապես 30 հազարի նվազում ունենք: Խոզերի գլխաքանակը՝ 175 հազար, որից մայր խոզերը՝ 32 հազար՝ 2017-ին, 2018-ին՝ 167 հազար, մայր խոզերը՝ 31 հազար:

Գրանցված անկումները, զրուցակցիս դիտարկմամբ, նաև ոլորտի գրավչության նվազմամբ ու մրցունակության անկմամբ են պայմանավորված:

Արտակ Մանուկյանն այս ոլորտում համակարգային խնդիրներ է մատնանշում, ընդգծում՝ Հայաստանի տնտեսության համար կարևորագույն այս ոլորտը նաև ռիսկային է: Ռիսկերը մեղմելու նպատակով էլ մեր երկրում գյուղացիական ապահովագրության պիլոտային ու կամավոր ծրագիր է մեկնարկում: Ոլորտի պատասխանատուի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանի խոսքով՝ պայմանագրերը կնքվել են, բայց բուն պոլիսների վաճառքը կարծում եմ մարտի մեկից չենք հասցնի, քանի որ մասնավոր ընկերությունենրը իրենք են սկսում վաճառքի պրոցեսը:

Գյուղացիական ապահովագրության ինտիտուտը ոլորտին կանխատեսելիություն է տալիս՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝

ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

«Կարծում եմ, որ սուբսիդավորման մեխանզիմներից մենք պետք է աստիճանաբար անցում կատարենք հենց կանխատեսելիության մեծացմանը, քանի որ, երբ մենք վառելիքի սուբսիդիա ենք տալիս, անուղղակիորեն սուբսիդավորում ենք վառելիքի մատակարարին կամ՝ ներկրողին: Մենք պետք է փորձենք հնարավորինս հասցեական դարձնել: Այս պահի դրությամբ խոսվում է խաղողի ու ծիրանի Արմավիրի ու Արարարտի մարզերում կամավոր հնարավորությունների մասին»:

Զրուցակիցս կարծում է, որ ի տարբերություն այլ ապահովագրական տեսակների, սա ավելի մեծ ռիսկայնություն ունի, հատկապես Հայաստանում: Պարզաբանում է.

«Վնասի հատուցման գնահատման մասնագետներ չկան մեր բուհերում: Այս առումով էլ ես բավականաչափ մտահոգություններ ունեմ»:

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ ընտրել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերը: Սկզբնական փուլում կապահովագրեն կարկուտից, հրդեհից ու գարնանային ցրտահարությունից, որի համար երկու մարզ է սահմանվում՝ Արարատ ու Արմավիր, խաղողի ու ծիրանի հետ կապված ապահովագրական տեսակներն են վաճառվելու:

Գումարի 50 տոկոսը պետությունն է սուբսիդավորելու, չորս տիպի ապահովագրական գումար է սահմանվել: Գյուղացին ինքը կընտրի՝ որ պոլիսը վերցնի:

2023-ին արդեն ապահովագրությունը ավելի շատ ծածկույթ կունենա ու ՀՀ բոլոր մարզերը կընդգրկի:

0:00
0:00