ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Մեկ կտուրի տակ» ծրագրով սկսել են հետաքրքրվել իրավապահները
2019-03-02 14:50:57

Լիանա Եղիզարյան

«Ռադիոլուր»

Վերջին շրջանում հազարավոր քաղաքացիների սկսել է մտահոգել խոստումնալից, սակայն բազմաթիվ հարցեր ու կասկածներ հարուցած «Մեկ կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը, որին դիմել են ու վճարովի գրանցվել: Ծրագրի շրջանակում էկոնոմ կարգի մատչելի տների շինարարության մեկնարկը խոստացվել էր արդեն մարտի մեկից, սակայն առայժմ կասկածելի են թվում եւ շինարարության մեկնարկը, եւ ծրագրի ընթացքը: Գլխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» փոխանցել են՝ ծրագրով սկսել են հետաքրքրվել:

Ձեռք բերել 100 քմ տարածքով նորակառույց տուն՝ առանց վարկի տոկոսի տակ մտնելու, վճարելով միայն մայր գումարը՝ շուրջ 21 հազար դոլար. մամուլում ներկայացված «Մեկ կտուրի տակ» ծրագրի պայմաններն անմիջապես գրավել են վաղուց սեփական տունն ունենալ ցանկացող մեր զրուցակցին: «Ռադիոլուրի» հետ զրույցում նա ներկայանալ չցանկացավ, սակայն մտահոգություններից խոսել չխուսափեց:

«Դիմել եմ «Մեկ կտուրի տակ» ծրագրին, մեզ ասել են՝ 10-15 օրվա մեջ ձեզ կզանգենք: Այդ օրերն անցել են, մեզ չեն զանգել: Իրենց տված համարներով զանգում եմ՝ կամ չեն պատասխանում, կամ անջատում են: Էսօր մի ուրիշ համար եմ տեսել, դրանով զանգել եմ, ասել են՝ չեն կարող ոչ մի մոտավոր օր ասել»:

Մյուս զրուցակիցս ավելի է առաջ գնացել: Ծրագրում գրանցվելու համար նախ վճարել է 2000 դրամ: Ապա նրան կոնկրետ տարածք են մատնանշել Աշտարակի ճանապարհին ու ասել, որ հենց այստեղ է մարտից սկսվելու իրենց տան կառուցումը: Բայց հաջողվել է պարզել, որ այս տարածքում արդեն շինարարություն է ընթանում՝ նշված ծրագրի հետ բոլորովին կապ չունեցող: «Մեկ կտուրի տակ» ծրագրին առնչվող նորությունները դրանում գրանցվածները ստանում են կամ իրարից՝ ով ինչ է հասցնում պարզել, կամ դրա ֆեյսբուքյան էջից: Բայց այս պահին ծրագրի ֆեյսբուքյան էջի գլխավոր տեղեկությունը, որը ոմն Լուսինեի անունից է, հետեւյալն է՝

«Այս էջը այլևս կապ չունի Մհեր Դերձյան /Միքայել Դալլաքյան անձի և իր ծրագրի հետ: Հասցե և հեռախոս չգիտեմ: Խնդրում եմ հարցեր մի տվեք ինձ, ես իրենց գործունեությունից տեղյակ չեմ : Իրենք ո՞ւր են, ի՞նչ են անում, ճի՞շտ են, թե՞ կեղծ՝ չգիտեմ: Սպասեք և ինքներդ կտեսնեք»:

Նույն էջում տեղադրված է տեսանյութ, որում ծրագրի մարզային նախկին պատասխանատու ներկայացող անձը խոսում է դրա՝ խարդախության շղթա լինելու մասին: Ապա եւ առկա է այն հրապարակման հղումը, որում նշվում է, թե «Մեկ կտուրի տակ» ծրագիրը խաբեություն է: Լրատվամիջոցներին կասկածելի է թվացել գայթակղիչ պայմաններով ծրագրի ընթացքը, որին արդեն դիմել է շուրջ 50 հազար մարդ: Բնակարանային ծրագրին գրանցվելու համար քաղաքացին վճարում է 2000 դրամ, ու եթե պարզվի, որ ծրագիրն իրականում խարդախություն է, բոլորը չէ, որ հետ կպահանջեն այդ գումարը, ու կստացվի, որ սրա հետեւում կանգնածները կլորիկ գումարի տեր կդառնան: Կասկածները խորացրել են որոշ համայքների ղեկավարների հավաստիացումները, որ իրենք նման ծրագրի մասնակից չեն ու այս նպատակով որեւէ հողահատկացում չեն արել: Քաղաքաշինության պետական կոմիտեից «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտեցին՝

«Այս ծրագրի առաջարկները ոչ մի կապ չունեն պետական բնակարանաշինության ծրագրերի հետ»:

Սա պետական ծրագիր չէ, ուստի դրա հետ կապված ռիսկերի ու վերահսկողության պատասխանատուն պետությունը չէ՝ հայտարարում է քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Արտավազդ Նազարեթյանը: Քաղշինպետկոմում էլ այս ծրագրին միանշանակ չեն վերաբերվում: Նախ՝ նույն ծրագրով 2 սուբյեկտ է դիմել իրենց, ու պարզ չէ՝ նրանցից կոնկրետ ո՞վ է այս ծրագրի հետեւում: Երկու սուբյեկտներն էլ էկոնոմ կարգի բնակելի տների առաջարկով են դիմել կոմիտե՝ կարծիքի համար ու ստացել պատասխան, որ նոր կոնստրուկցիաներով բնակելի տներ կառուցելու նյութերը պետք է համապատասխանեն շինարարական նորմերին ու տեխնիկական բնութագրերին: Բայց

«Իրենք չեն ներկայացրել որեւէ նախագիծ, որը կհամապատասխանի մեր նորմերին՝ սեյսմիկ նորմերին, շինարարական նորմերին, կամ հիմնավորում, որ իրենց կողմից օգտագործվելիք նյութերը համապատասխանում են մեր տեխնիկական կանոնակարգերին: Ոչ մի նման հիմնավորում մեզ չի ներկայացվել»:

Ու որ ուշագրավ է՝ քաղշինպետկոմի ներկայացուցիչը հայտարարում է՝ այս ծրագրով կառուցվելիք տների համար առաջարկված շինանյութը հիմնական տների համար պիտանի չէ:

«Կառուցման դեպքում դրանք ընդամենը կարող են լինել ժամանակավոր շրջանառու բնակելի ֆոնդ՝ դրանցում ժամանակավոր բնակեցնելու, օրինակ, այն մարդկանց, ովքեր ապրում են վթարային շենքերում»:

Քաղշինի հետ այս ծրագրով ներկայացածների կապն ավարտվել է ընդամենը մեկ շփումով՝ ասում է Արտավազդ Նազարեթյանը: Թե մասնավոր այս ձեռնարկն ինչ ընթացք է ստացել, տեղյակ չեն ու շտապում են շեշտել՝ իրենք, որպես այս ոլորտում պատասխանատու պետական կառույց, դրա հետ կապ չունեն, առավել եւս երաշխավոր չեն:

Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին՝ աղմկահարույց թեմայի շուրջ հրապարակումները ուշադրության են առնվել: ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝

«Խնդրո առարկայի վերաբերյալ մամուլի հրապարակումները ներկայումս ուսումնասիրման փուլում են, ինչի արդյունքում առաջիկայում կլուծվի դրանց հետագա ընթացք տալու հարցը»:

Ծրագրի պատասխանատուների հետ օրեր շարունակ կապ հաստատել չհաջողեց նաեւ «Ռադիոլուրը»: Հեռախոսազանգերը կամ անպատասխան են մնում, կամ անջատվում են, ինչպես մեզ դիմած քաղաքացիներն էին փոխանցում: Միակ դեպքում, որ զանգին ստացանք պատասխան, ունեցանք հետեւյալ երկխոսությունը:

«Իհարկե, կարող եք պարոն Դերձյանին հանդիպել, խոսել, բայց ժամ պետք է վերցնեմ Ձեզ համար: Այսօր չէ, հնարավոր չէ: Մի փոքր ուշ զանգահարեք, ես ժամ կվերցնեմ Ձեզ համար»:

Բայց նույն հեռախոսահամարին այլեւս պատասխանող չեղավ: Ուստի այդպես էլ չկարողացանք պարզաբանումներ ստանալ խոստումնալից, սակայն հարցեր հարուցող ծրագրի վերաբերյալ: «Ռադիոլուրը» հետամուտ կլինի դրանք ստանալ առաջիկայում, իսկ առայժմ հարկ է ընդգծել. անկախ նրանից՝ իրատեսակա՞ն է այս ծրագիրը, թե՞ ոչ, դրան դիմողները պետք է գիտակցեն՝ իրենք գործ ունեն մասնավոր սուբյեկտի հետ, որի հետ իրենց իրավահարաբերությունների պատասխանատուն պետությունը չէ: Ծուղակից խուսափելու ու դատարան չհասնելու համար ռիսկերը պետք է անձամբ ու առավել լրջորեն գնահատել:

0:00
0:00