ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Մարդը միշտ պետք է հետապնդէ իր երազանքը»
2019-03-02 16:14:51

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Լիբանանահայ գործարար Արա Տագեսյանը ցանկանում է իրականացնել իր վաղեմի երազանքը, վերադառնալ արմատներին և հաստատվել հայրենիքում: Անցած տարվա իրադարձություններից հետո գործարարը հավատացել է Հայաստանի նոր իրողությանն ու արձագանքելով վարչապետի հորդորին, որոշել ներդրումներ անել հայրենիքում, զբաղվել գյուղատնտեսությամբ:

Արա Տագեսյանը ծնվել ու մեծացել է Բեյրությում, նախնիները Նոր Հաճնից են: Գաղթականի ընտանիքնում միշտ էլ պահպանվել է հայի դիմագիծը, հայրենասիրությունը: Արայի ընտանիքը Բեյրութում ոսկերչությամբ է զբաղվում, եղբոր հետ հիմնել են «Արմանոր» ոսկերչական ընկերությունը:

Բեյրութի ոսկերչական արհեստանոցում 25 աշխատող ունեն: Տարվա ընթացքում 7-8 անգամ միջազգային տարբեր տոնավաճառ-ցուցահանդեսների են մասնակցում: Արան Հայաստանը լավ է ճանաչում, մանկուց կապված է հայրենիքի հետ, բայց այստեղ հաստատվելու հիմնական մտադրությունը դեռ երազանք է մնում: Երազանքին քայլ առ քայլ է մոտենում:

«Վեց տարի առաջ, երբ որ նորեն այցելությամբ Երևան էինք, մեկ հարկաբաժին գնեցինք, որ Հայաստանի հետ կապված մնանք ավելի, և միշտ երթանք և գանք»:

Հայաստանյան բնակարանը հայրենիքին կապելու ավելի հզոր ուժ ունեցավ: Իսկ անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները նոր շունչ ու ոգևորություն են հաղորդել գործարարին: Նա հիմա էլ հուզմունքը կոկորդում սեղմած խոսում է այդ մասին:

«Մենք ունեցանք մարդ, որ բոլորի սրտովը կխոսի, որ ամեն մարդ ինչ կերևակայե, ինչպես կուզե տեսնել Հայաստանը, մանավանդ, որպես սփյուռքահայ, ինչ պատկերացում որ ունի երազական աշխարհի մեջ իր հայրենիքը ունենալու, այդ բոլորը, Նիկոլ Փաշինյանը կարծես բոլոր սփյուռքահայերու սրտից կխոսեր կոր»:

Արա Տագեսյանը ցանկանում է սեփական հողատարածք ձեռք բերել հայրենիքում և զբաղվել գյուղատնտեսությամբ:

Նպատակներին հետամուտ է: Նոր Հաճնեցու ժառանգն ասում է, որ Հայաստանում այնքան ցորեն պետք է արտադրեն, որպեսզի կախված չլինեն մեկ այլ երկրից, որ Հայաստանի ամբարները պետք է լցված լինեն հացահատիկով:

Գյուղատնտեսության բնագավառում փորձ չունի, սակայն կարողությունները կներդնի այն արդյունավետ մշակելու համար: Արա Տագեսյան ոսկերիչը կարո՞ղ է նաև Հայաստան զբաղվել ոսկերչությամբ. «Իհարկե, բայց այդքան դյուրին չէ: Ինքը այնպես չէ, որ մեկ հատ ճամպրուկ է, կառնես ուրիշ տեղ կերթաս, տարիներուն վաստակ կա, շրջանակ կա աշխատանքային, շատ դժվար է»:

Արա Տագեսյանի երազանքներն ու նպատակները մայր հայրենիքում հիմնովին հաստատվելն է: Մտածում է իր ներդրումներով զարգացնել գյուղական բնակավայրերը:

0:00
0:00