ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առաջարկն ընդունված է. օրակարգը հստակեցված չէ
2019-03-02 17:06:35

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը: Այս մասին նշել են ՄԽ համանախագահները՝ փետրվարին տարածաշրջան այցի արդյունքներով երեկ հրապարակած հայտարարության մեջ: Այսօր փորձենք հասկանալ, թե ինչ մթնոլորտում է նախապատրաստվում այդ հանդիպումը եւ ինչ ազդակներ կարող են լինել:

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման օրը, վայրը եւ օրակարգը դեռ հայտնի չեն: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պարզապես համաձայնություն են տվել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների առաջարկին, որը մինչև իրականություն դառնալը դեռ երկար պետք է նախապատրաստվի:

Մինչ այժմ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են երեք անգամ, վերջին՝ չպլանավորված հանդիպումը մոտ մեկ ամիս առաջ էր՝ Դավոսում: Երկու երկրների ղեկավարների զրույցը տեւել է մոտ մեկուկես ժամ: Դրանից հետո Հայաստանի վարչապետը պարզաբանել է՝ Ալիեւի հետ չի քննարկվել որեւէ դետալ, պարզապես զրուցել են փոխադարձ ընկալումների մասին: Իսկ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո մշտապես շեշտել է, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել , առավել եւս լուծումներ ընդունվել միայն Արցախը բանակցային սեղանին վերադարձնելուց հետո:

Հակամարտության հետ կապված վերջին ազդակը երկու օր առաջ տրվեց Հայաստանի վարչապետի Իրան կատարած այցի ժամանակ: Նիկոլ Փաշինյանն այնտեղ բառացիորեն հայտարարեց՝ «ուղղելու ենք այն պատմությունը, որ խլվել է մեր ձեռքից».

«Արցախի Հանրապետությունը պետք է Երկիր մոլորակի վրա գոյություն ունենա եւ հզորնա հավիտյան: Սա այլեւս ժամանակավոր պետություն չէ՝ ուրիշների կողմից մեզ որպես ողորմություն նետված: Այս պետությունը մենք կերտել ենք մեր սեփական ձեռքերով, մեր սեփական արյունով եւ հիմա էլ այս պետությունը մենք պահելու ենք»:

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագհներն իրենց վերջին այցից հետո հստակ տեղաշարժ են արձանագրել: Տարածված հայտարարությամբ հաստատում են եւ դրական գնահատում շփման գծում զոհերի թվի շարունակական նվազումը: Մեկ այլ նրբություն նույնպես կա համանախագահների հայտարարության մեջ: Խոսքը տարածաշրջանում հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ քննարկումների ակտիվացման մասին է: Ուշագրավ է, որ խաղաղության մասին մշտապես խոսում է հայկական կողմը: Վերջին այդպիսի ելույթը ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագող երկրներից մեկում՝ Ռուսաստանում Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանինն էր:

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ելնելով տարածաշրջանում ձեւավորված իրողություններից եւ հիմնարար սկզբունքներից: Տվյալ դեպքում՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Կարգավորումը տեսնում ենք բացառապես միջազգային հանրության կողմից ճանաչված միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»:

Վերջին օրերին ազդակներ ստացանք նաեւ Արցախից: Նախ՝ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը տարածված հայտարարությամբ ողջունեց ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի լիագումար նիստում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը: Մեկ օր առաջ էլ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Արցախում՝ երկրի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հստակ ձեւակերպեց.

«Այս ծրագրի իրականացման արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք: Ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները եւ շենացնեն երկիրը»:

Այս ամենին զուգահեռ՝ միջազգային հանրության առջեւ մոտ մեկ ամիս առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Փաշինյանը «խիզախ քայլ արել»: Պարզվում է, Գերմանիայի կանցլերը նկատի է ունեցել Հայաստանի խորհրդարանում վարչապետի այն հայտարարությունը, որտեղ Փաշինյանն ասել է՝ «ցանկացած տարբերակ ընդունելի պիտի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Փաշինյանը հույս ուներ, որ Ադրբեջանը կարձագանքի այդ հայտարարությանը, բայց, ինչպես խոստովանեց Գերմանիայում, ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա այդպես էլ չի արձագանքում։

Այս հայտարարության պատմությունն, ըստ Փաշինյանի, հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցություններում։ «Ու քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաեւ Ադրբեջանից, շատ մեծ հույսեր ունենալ չենք կարող»,- սա Փաշինյանը հայտարարեց Գերմանիայում:

0:00
0:00