Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել
2019-03-04 09:08:55

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երեկ կեսգիշերն անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բրյուսել: Վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բրյուսելի Աբելագ օդանավակայանում վարչապետին դիմավորել է Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Աշխատանքային այցի առաջին օրը վարչապետը կմեկնի Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Լյուվեն քաղաք: Լյուվենի Կաթոլիկ համալսարանն աշխարհի 100 լավագույն բուհերի ցանկում է ընդգրկված: Այն եվրոպական բուհերի շարքում նույնպես լավագույնն է, զբաղեցնում է 7-րդ տեղն ու ունի 7 հազար ուսանող: Համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը մեր երկրի վարչապետին կծանոթացնի համալսարանի գործունեությանն ու ծրագրերին: Հայաստանի վարչապետի այցի շրջանակում նախատեսվում է նաև Փոխըմբռնման հուշագրերի ստորագրում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի, ինչպես նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև: Երկօրյա այցով Բյուսելում գտնվող վարչապետի աշխատանքային օրը սկսվի առավոտյան 9.30-ին:

Այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Եվրոպական խորհրդարան: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Այցի առաջին օրը կավարտվի հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ նախատեսված ընթրիքով:

Այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Եվրոպական խորհրդարանի շենք, որտեղ նրան կդիմավորի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ: Իսկ Եվրոպական հանձնաժողովի շենքում վարչապետին կդիմավորի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Աշխատանքային այցի երկրորդ օրը կամփոփվի համատեղ մամուլի ասուլիսով: