ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
2019-03-04 14:21:55

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է Շիրակի թեմի առաջնորդին՝ վերջերս արքության աստիճանի արժանանալու առիթով և նշել, որ այն սրբազանի տարիների վաստակի, հայրենիքի և եկեղեցու հանդեպ սիրո ու նվիրումի գնահատանքն է:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու մեկ տարվա առթիվ՝ նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է լինել Հանրապետության նախագահի առաջին հյուրը նոր նստավայրում: Որպես գյումրեցի և որպես Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին Գյումրիի հանդեպ մնայուն ուշադրության համար:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ իր զրույցի մասին՝ Գյումրիի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ վերցնելու վերաբերյալ: «Սա ինձ համար սկզբունքային է, քանի որ դա թույլ չի տա, որպեսզի որևէ մեկը ոտնձգություն անի պատմական շինությունների նկատմամբ,-ասել է նախագահը: -Երկրորդը՝ հնարավորություն կտա որոշակի ծրագրեր, միջազգային ֆինանսավորում ներգրավել Գյումրիի կենտրոնի համար: Իմ նպատակն Է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել եւ աջակցել Գյումրիին»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ Գյումրին բարձր մակարդակի ուշադրության կարիք ունի և համաձայնել է Հանրապետության նախագահի հետ, որ Գյումրու պատմական կենտրոնը պետք է փրկել, վերադարձնել այն իր պատմական սքանչելի տեսքին, հատկապես եթե ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնել: Շիրակի թեմի առաջնորդը նշել է, որ այդ ամենի հետ մեկտեղ պետք է լուծվեն նաև քաղաքի մյուս խնդիրները:

Հանրապետության նախագահը առաջնահերթ կարևորել է նաև մարդկանց զբաղվածության հարցը: «Կարող ես լավագույն բնակարանը տալ մարդուն, բայց եթե նա աշխատանք չունի, չի կարողանում իր ընտանիքը պահել, դրա արդյունքը մենք բոլորս գիտենք: Եթե մարդիկ բավարար աշխատանք ունենան կարող են իրենց աշխատանքով բնակարան կամ տուն գնել»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ այսօր կան բոլոր նպաստավոր պայմանները և հնարավորությունները՝ գոնե առաջիկա երկու-երեք տարում առկա խնդիրները լուծելու համար՝ զրուցակիցներն համակարծիք են եղել, որ Գյումրին իր ներուժով մեծ ներդրում կարող է ունենալ ընդհանուր Հայաստանի զարգացման մեջ: