ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նպատակաուղղված աշխատելու ենք խաղաղ կարգավորման ուղղությամբ. Զոհրաբ Մնացականյան
2019-03-04 15:05:11

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության հարցերին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլում, արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ չեն վարվում: Նպատակաուղղված աշխատելու են բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խաղաղությանն այլընտրանքը բացառում են: «Դա չի նշանակում, որ բացակայում է վճռականություն հայկական որևէ կողմից: Բայց մենք նպատակաուղղված աշխատելու ենք խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-ասել է Զ. Մնացականյան:

Նա ընդգծել է, ոչ շատ հստակ պահպանում են ձևաչափը: Արցախի ղեկավարության կողմից տրվում են այն ուղղորդումները կամ նշանները, որոնք անհրաժեշտ են իրենց որպես բանակցող կողմ:

Խոսելով արտաքին քաղաքականության մեջ տնտեսական առաջնահերթությունների մասին՝ նա ասել է, որ աշխատում են էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման, ամրապնդման ուղղությամբ և այդ առումով հետաքրքիր է օրակարգը Իրանի հետ:

Հարցին, թե բավականին հավակնոտ ծրագրեր կան Հայաստանի կողմից՝ դառնալ տարածաշրջանում տարանցիկ երկիր նաև գազի առումով, նաև ճանապարհաշինության առումով. չկա՞ վտանգ կամ մտավախություն, որ Հայաստանը կարող է իր հարաբերությունները փչացնել արդեն առկա գործընկերների հետ, մասնավորապես՝ գազի մասին է խոսքը, նա պատասխանել է.

«Եթե մեր նպատակները բախվում են որևէ ավելի լայն աշխարհաքաղաքական իրավիճակների հետ, դա մեզ համար մարտահրավեր է, որը մենք ընդունում ենք և որը պահանջում է, որպեսզի մենք ներգրավվածության միջոցով կարողանանք ապահովել այն, ինչ-որ առաջնային է մեզ համար, և գտնել այն ձևաչափն այն ծավալի մեջ, որը հնարավոր է իրականացնել։ Դա շատ կարևոր իմաստն է մեր աշխատանքի։ Չենք կարող մեզ թույլ տալ հակասություններ մի տարածաշրջանում, որն արդեն դրա պակասը չունի, չենք կարող էլ ավելի վտանգել մեր անվտանգությունն այն պայմաններում, երբ որ միջազգային օրակարգում արդեն բավականին մեծ մարտահրավերներ կան, բայց մենք չենք կարող նաև առաջ չտանել մեր ազգային շահը»։

Անդրադառնալով Սիրիայում Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական առաքելությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ շատ հստակ է ձևակերպված, թե ինչու ենք գնացել այդ քայլին. «Կա քաղաքացիական բնակչություն Սիրիայում, կա առավել ևս քաղաքացիական բնակչություն, որը հայազգի է, որը դրա կարիքն ունի, և որ մենք արտահայտում ենք այդ կարողությունը՝ նպատակ ունենալով քաղաքացիական բնակչությանն ուղղված գործողություններ կատարել, որպեսզի նպաստենք նրանց դժվարությունների վերացմանը՝ շատ լավ գիտակցելով, որ այս ամենը կատարվում է մի միջավայրում, որտեղ կան բավականին մեծ հակասություններ։ Սա նույնպես այդ գործառույթներից է, որ՝ այո՛, ներգրավվածության միջոցով, այո՛, բացատրելով, այո՛, հասկանալի դարձնելով, թե ինչ ենք անում, այո՛, պաշտպանելով մեր դիրքորոշումը՝ մենք իրականացնում ենք այդ գործառույթը և շարունակելու ենք իրականացնել»։

Իսկ Բրյուսելում կքննարկվի՞ վիզաների ազատականացման հարցը և ե՞րբ է դա իրատեսական հարցին ի պատասխան արտգործնախարարն ասել է.

«Ես կարող եմ Ձեզ ասել, որ այս հարցը մեր օրակարգի ամենօրյա աշխատանքի թեման է, և մենք գործ ունենք մի իրականության հետ, որը վերաբերում է ընդհանուր միջավայրին, ընդհանուր մթնոլորտին, որն առնչվում է միգրացիոն հարցերին…Պետք է հասնենք մի վիճակի, երբ մենք կկարողանանք այդ մեկնարկը տալ: Դա մեր գերակայություններից մեկն է»: