ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ձեզ բարեկենդան, մեզ բարի զատիկ
2019-03-03 18:00:53

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր» -Արմավիրի մարզ                                   

Այսօրվանից սկսվում է մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր: Մեծ Պահքն ունի 7 կիրակի՝ բուն բարեկենդանի,  արտաքսման, անառակի, տնտեսի, դատավորի, գալստյան և ծաղկազարդի:

Մեծ Պահքի նախորդ օրը  նշվում է բարեկենդանի տոնը,  որտեղ թույլատրվում է չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր, ուտեստներ, իսկ հաջորդ օրվանից  անցնում են ծոմապահության: Բարեկենդանի հիմնական խորհրդանիշերn  են Ուտիս տատն ու Պաս պապը կամ Ակլատիզը:


Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցը կազմակերպել է Բուն Բարեկենդանի միջոցառում, որտեղ երեխաները տարբեր տաղավարներում հաց ոի գաթա էին  թխում, սպիտակ ձու խաշում, հալվա ու արիշտա պատրաստում:

Բարեկենդանի հիմնական խորհրդանիշներն  Ուտիս տատն  ու Պաս պապն են: Խորհրդանիշ տիկնիկներին պատրաստում էին ծղոտից, փայտից, գույնզգույն կտորներից, քարերից ու սոխից:


«Ուտիս տատը բարեկենդանի ճոխ կերակուրները հովանավորող տիկնիկն է:  Ակլատիզի թևերից կախել են 48 քար, որ պահքի 48 օրն է, իսկ ներքևից՝ սոխ, որի մեջ խրել են  7 փետուր: Այս փետուրները 7 կիրակիներն են, ամեն շաբաթվա ավարտին մեկ  փետուր հանում են, կոտրում ու դեն նետում»:

Պաս պապը կամ Ակլատիզը կատարում է Մեծ Պահքը հսկողի դեր: Դրանով երեխաներին վախեցրել ու թույլ չեն տվել գայթակղվել Ուտիս տատի կերակուրներով: Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Նազելի Պետրոսյանը ներկայացնում բարեկենդանի նշանակությունը.


«Տոնը խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, որտեղ վայելքների մեջ են եղել, հետո արտաքսվեցին  դրախտից, քանի որ ճաշակեցին չարի և բարու գիտության ծառի պտուղները»:

Բարեկենդանի տոնական միջոցառումն ավարտվում է թատերական ներկայացմամբ յուղն ու բրինձ բաշխելով ճամփորդին, որից մի մասն էլ ինձ հասավ:


Երեկ բարեկենդանի խրախճանք էր, իսկ այսօրվանից սկսվել է Մեծ Պահքը, որը հոգու և մարմնի  մաքրության  փորձաշրջան է: Բերաններս փակում ենք սպիտակ ձվով, աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելուն:  Ձեզ բարեկենդան, մեզ բարի զատիկ:

0:00
0:00