ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցը համացանցում փոթորիկ է առաջացրել
2019-03-04 18:04:24

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Երեկվանից թեժ մթնոլորտ է համացանցում եւ ֆեյսբուքի հայկական տիրույթում: Դատապարտումների թիրախում հայտնվել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Հերթական անգամ նա արել է խնդրահարույց հայտարարություն, որը ընկալվել է իբրեւ «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտման փորձ:

Արցախից՝ դատապարտող հայտարարություններ, Հայաստանից՝ ներողությունների եւ արդարացումների շղթա: Պատճառը՝ Համլետ Ղուշչյանի հաղորդման ընթացքում երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի՝ արցախցիների վերաբերյալ արտահայտած մտքերն են:

Համացանցի օգտատերերը բաժանվել են երկու մասի՝ զգալի եւ մեծ հատվածը դատապարտում է երգահանին, մյուս՝ անհամեմատելի փոքր հատվածը, հիշեցնում երգարվեստում նրա ստեղծած արժեքները:   

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Հախվերդյանի հայտարարություններով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, Հայաստանի եւ Արցախի օմբուդսմենները դատապարտել են Հախվերդյանի կեցվածքը, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Արցախի հայրենակիցներից ներողություն է խնդրել ՖԲ-ում գրառման միջոցով. «Որոշ մարդիկ պետք է շուտ հեռանան, որ լեգենդը չդառնա դատարկ տարածություն: Ցավում եմ շատ եւ ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից»:

Այսօր արդեն Հախվերդյանը պարզաբանել է՝ իր ասածները չեն վերաբերել Արցախում ապրող հայերին: Նա իր խոսքն ուղղել է նրանց քաղաքական էլիտային:Հետաքրքիր է, որ շատերն այսօր քննադատում են, բայց քչերն են հիշում, որ դեռ 2013 թվականին՝ նախագահի ընտրություններից առաջ Հախվերդյանը կրկին նման հայտարարություններ էր արել եւ դրանից հետո կրկին ստիպված պարզաբանել:

«Ովքեր չեն հասկացել՝ իրենց գործն է: Սակայն, կուզեմ ավելացնել, որ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական գործիչ կայացել է սովետական Ադրբեջանում եւ նա օգնականն էր մի մարդու, ում անունն է Կեւորկով: Այդ Կեւորկովի պատճառով սովետական Միության ժամանակ բավականին հայաթափվեց Ղարաբաղը: Նրանք, ովքեր չեն հասկացել իմ այս համառոտ բացատրությունից հետո, կարծում եմ՝ բավարարված կլինեն»,-
 2013 թվականին ասել է երգահանը:

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է«Արտահայտությունը, թե «50 տարի էլ պետք է, որ թուրքանման տարրերը վերանան Արցախից» չի նշանակում, թե նկատի ունի` արցախցին թուրք է։ Եկեք ընդունենք վերջապես, որ Արցախում մեծ քանակով թուրքեր են ապրել և, այո, թուրքական մշակույթի տարրեր կարող են մնացած լինել։ Եվ դա նորմալ է… Ամեն բան չի կարելի այսքան պարզունակ կերպով վերլուծել … Դիվիդենտներ մի հավաքեք անկեղծ ու մաքուր մարդկանց սեւացնելով»։  

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիով՝ ներկայումս ստեղծվել է շատ զգայուն իրավիճակ, երբ յուրաքանչյուր հանրային դեմք պետք է պատասխանատու մոտենա իր արտահայտծ մտքերին:
 

«Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանական համակարգի մի շարք  շրջանակներ իրենց համար «խաղաքարտ» են փորձել դարձնել նաեւ այս «հայաստանցի-արցախցի» բաժանարար գծերի խորացումը: Մենք տեսնում ենք տարբեր հայտարարություններ, տարբեր խողովակներով ջանքեր՝ Արցախում անվստահություն, կասկած դավադրապաշտական մոտեցումներ առաջացնելու Հայաստանում տեղի ունեցածի հանդեպ:

Մենք տեսնում ենք նաեւ, որ այդ ջանքերը հասել են ընդհուպ մինչեւ ռուսդական հեռուտատեսություն: բոլորովին վերջերս հայտնի Սոլովյովի հաղորդումներից մեկում հայտարարվում է, որ Հայաստանում խտրականություն կա արցախցիների հանդեպ: Այս իրավիճակը տեսնելով ցանկացած հանրային դեմք՝ այդ թվում Ռուբեն Հախվերդյանը եւ կարծեմ նրան հրավիրող հեռուստաընկերությունը եւ հեռուստահաղորդավարը պետք է չափազանց պատասխանատու լինեն իրենց վարքագծի համար»:  

Չվերջացող քննարկում-դատապարտումների շղթայում կան նաեւ անձինք, ովքեր այս ամենը հիմք են համարում ոստիկանությանը դիմելու համար: Այդ նպատակով ֆեյսբուքյան «լայֆ»-ը բավարար միջոց է համարում սցենարիստ, կինոռեժիսոր, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը:

« Համացանցը ուղղակի լցված է պառակտման, ատելության կոչերով մեր իսկ  եղբայրների՝ արցախցիների նկատմամ եւ չեմ թաքցնի՝ Արցախում էլ կան մարդիկ, որ նույնը անում են, հայաստանցիներ են ասում, ավելի կոպիտ բաներ են ասում: Ամեն տեղ կա դրանցից: Բայց այստեղ կոնկրետ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: պարոն Վալերի Օսիպյան, որպես հաղորդագրություն ահնցագործության մասին ընդունեք այդ հեռուըստաընկերության, նրա վարողի եւ նրա հյուրի պահով: Հետաքննություն անցկացրեք եւ տեսեք, որ նրանք պարզ խախտել են օրենքը, ինչի համար 3-6 տարի  ազատազրկում է հասնում»:

Զաքարյանը նկատի ունի Քրեական օրենսգրքի 226 հոդվածը, որն առնչվում է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն:  

0:00
0:00