Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ակցիա՝ ընդդեմ Մարությանի ու Մեսչյանի. քանդվում է քաղաքի հին շենքերից մեկի ճակատը
2019-03-04 16:00:50

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի  դեմ են այսօր բողոքել մի խումբ ակտիվիստներ: «Վանդալիզմ» գրառմամբ պաստառներ են փակցրել Խորենացի փողոցի 13 հասցեում գտնվող  կրթության և գիտության նախարարության նախկին շենքի ցանկապատին:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ շարունակելու են հետևել քաղաքապետ Հայկ Մարությանի քայլերին և իրենց  բողոքի ձայնը բարձրացնել:

Խորենացի 13 հասցեում, Շիրակ հյուրանոցի հարևանությամբ գտնվող  կրթության և գիտության նախարարության  նախկին շենքի ճակատային հատվածն էլ արժանացավ մյուս ճարտարապետական արժեք ներկայացնող  շինությունների ճակատագրին:

Դեռևս 2004 թվականից ապամոնտաժված շենքի դիմային հատվածն էր միայն պահպանվել, սակայն դա էլ է քանդվում այժմ: Ակտիվիստները «Վանդալիզմ» պաստառներով  իրենց դժգոհություն էին հայտնում քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գործողությունների դեմ:


«Էս շենքը չեն քանդել նախկին իշխանությունները, սա քանդել եք Դուք պարոն Մարության և նմանատիպ շատ շենքեր եք քանդելու և ասելու եք, որ այս շենքերի քանդման ստորագրությունը  տվել է նախկին իշխանությունները: Էլ ի՞նչ են արել նախկինները: Դուք հրաժարական եք տալու  և դրանից հետո նաև պատասխանատվության եք ենթարկվելու այս շենքերն ու նմանատիպ այլ որոշումներ կայացնելու  համար:  Վստահ եմ նախկին իշխանությունները դեռ Ձեզ նման ժառանգություններ թողած կլինեն»:

2004 թվականին շենքը մասնավորեցնելուց հետո սեփականատերերը քաղաքապետարանին ներկայացրած նախագծով չեն  նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: Սա քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից մի հատված էր:  Իսկ քաղաքապետարանից մեզ ասացին, որ    պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեն:  


2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա:

Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է: Այս գրառմանն ակտիվիստը պատասխանում է:

«Անտրամաբանական է, որ  պետք է ավտոկայանատեղի սարքել, ճակատը խարխուլ է, հիմքերը խախուտ են, դա հիմնավորում չի: Ըստ էության Հայկ Մարությանն ինչ որ շահեր ունի այս շենքի հետ կապված: Թե ինչն է, պետք է ճշտել: Այսինքն՝ ում է ձեռնտու այս շենքի քանդելը: Միգուցե կողքի հյուրանոցին կամ չգիտեմ  միգուցե այս շենքի քանդման համար կաշառք են տվել: Պետք է պարզել»:


Շենքի ճակատը շատ ամուր ու դիմացկուն էր, «Ռադիոլուրի» հետ զրույցում պնդեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:


Մենք ինչպես միշտ մեր ունեցած արժեքներն անհետացնում ենք, քանդում ենք, բարբարոսաբար  ենք քանդում; Պատճառաբանելով, չզգուշացնելով,  չբացատրելով: Հնարավոր է, որ բացատրեին, ասեին, որ հնարավորություն չկա, ներդրողն արել է առավելագույնը: Բայց ոչ մի բան չեն ասում:

Ասում են ներդրողը չի ուզում, իսկ ներդրողը բացի իր շահերից պետք է ունենա նաև քաղաքի  շահերը, որը պետք է պահպանի քաղաքապետը կամ գլխավոր ճարտարապետը:  

Բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով շենքի ճակատը վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի կամ ներքին հարդարման մաս։

0:00
0:00