ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մի կտուրի տակ. կառուցապտողը փորձում է փարատել կասկածները
2019-03-04 18:47:41

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

«Մեկ կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի շուրջ առաջ եկած մտահոգություններին օրեր առաջ «Ռադիոլուրն» անդրադարձել էր՝ նշելով, որ հետամուտ է լինելու անպատասխան մնացած հարցերին պարզաբանում ստանալուն:  Գնալով թեմայի հետքերով՝ «Ռադիոլուրը» փորձել է ծրագրի պատասխանատուներից ճշտել՝ ինչո՞ւ է հետաձգվել շինարարության խոստացված մեկնարկը, ինչո՞ւ են որոշ համայնքների ղեկավարներ հայտարարում, որ իրենք շինարարության համար հողահատկացում չեն արել, ու ի վերջո՝ ինչո՞ւ սկսեց մասնավոր այս նախաձեռնությունը կասկածելի թվալ:

Հազարավոր քաղաքացիներին հետաքրքրած «Մեկ կտուրի տակ» ծրագիրն իրատեսական է ու վերահսկելի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում պնդում է բնակարանաշինական նախաձեռնության ղեկավար Մհեր Դերձյանը, որի հետ չէր հաջողվել խոսել մեր նախորդ անդրադարձը պատրաստելիս:

Մինչ այս՝ «Ռադիոլուրը» գնացել էր բազմաթիվ հարցեր ու կասկածներ առաջացրած թեմայի հետքերով ու նախ ստացել Քաղաքաշինության պետական կոմիտեի պարզաբանումը՝ իրենց ներկայացվել է ծրագիրը, բայց այդպես էլ չի ներկայացվել հիմնավորում, որ նոր կոնստրուկցիաներով բնակելի տներ կառուցելու նյութերը համապատասխանում են շինարարական նորմերին ու տեխնիկական բնութագրերին: Մինչդեռ ծրագրի ղեկավարը հակառակն է պնդում:

«Ո՞վ է նման բան ասում, ու ո՞վ է տեսել մեր շինանյութը: Այս նյութերով ամբողջ աշխարհում տներ են կառուցում՝ ՌԴ, Եվրոպա, Ամերիկա, Կանադա, ուղղակի սա մի փոքր տարբերվում է: Ես ընտրել եմ այն շինանյութերը, որոնք չեն այրվում եւ էկոլոգիապես մաքուր են»:

Քաղշինպետկոմից օրեր առաջ «Ռադիոլուրի» հետ զրույցում նաեւ շեշտել էին՝ սա պետական ծրագիր չէ, դրա ընթացքի ու վերահսկողության հետ կապված ռիսկերի պատասխանատուն իրենք չեն: Կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Արտավազդ Նազարեթյանը մանրամասնել էր՝ այս ծրագրով կառուցվելիք տների համար առաջարկված շինանյութի որակի գրավոր հիմնավորումներ չեն ներկայացվել, իսկ բանավոր ներկայացվածը հիմք ընդունելով կարելի է ասել, որ ընտրված շինանյութը հիմնական տների համար պիտանի չէ:

«Կառուցման դեպքում դրանք ընդամենը կարող են լինել ժամանակավոր շրջանառու բնակելի ֆոնդ՝ դրանցում ժամանակավոր բնակեցնելու, օրինակ, այն մարդկանց, ովքեր ապրում են վթարային շենքերում»:

«Մեկ կտուրի տակ» ծրագրի ղեկավարը հակառակն է պնդում: Մհեր Դերձյան՝«50 տարի այս տները հանգիստ ապրում են»:

Ծրագրին դիմողները «Ռադիոլուրի» հետ զրույցում փոխանցել էին իրենց մտահոգությունները, որ շինարարության՝ մարտի սկզբի համար խոստացված սկիզբը հետաձգվել է, իսկ նախապես մատնանշված որոշ բնակավայրերում հողահատկացում չի արվել:

Մինչդեռ Մհեր Դերձյանը հայտարարում է՝ առաջին քայլերն արված են, առաջին տան պատերը կան՝ Զովունիում են, եռակողմ առաջին պայմանագրերը նույնպես կան՝ իրենց, շինարարի ու հողատիրոջ միջեւ: Ծրագիրը կառավարում են հենց շահառուների ստեղծած կոոպերատիվները։ Իսկ համայնքների կողմից հողահատկացում չկա, քանի որ սա մասնավոր ձեռնարկ է, ու իրենք են առանձին հողատերերից հող գնում՝ պայմանավորվելով նրանց վճարել մեկ տարում:

« Հողահատկացում ո՞վ պետք է մեզ աներ, եթե ես կառավարությունից փող չեմ ուզում, ես անհատների հետ եմ խոսում»:

Ինչո՞ւ հանկարծ բնակարանաշինական այս ծրագիրն սկսեց այսքան կասկածելի թվալ՝ Դերձյանը իր հիմնավորումն ունի: Ասում է՝ ծրագիրն այնքան մրցունակ է բանկերի նույնատիպ ծրագրերի համեմատ, որ միտումնավոր է փորձ արվում սեւացնել այն: Բանկերը նման տներ կառուցում-վաճառում են հիփոթեքային վարկով, իսկ ինքն առաջարկում է նույնը՝ բայց առանց վարկի տոկոսների, միայն մայր գումարը մարելով:

«Սա կոնկրետ մարտավարություն է, որ ինձ հունից հանեն, ես ինչ-որ սխալ քայլեր անեմ»:

Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին՝ աղմկահարույց թեմայի շուրջ մամուլի հրապարակումները ուշադրության են առնվել: ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլի հրապարակումները ներկայումս ուսումնասիրման փուլում են, ինչի արդյունքում առաջիկայում կլուծվի դրանց հետագա ընթացք տալու հարցը:

«Մեկ կտուրի տակ» ծրագրի ղեկավարը, անդրադառնալով ծրագրի՝ խաբեության շղթա լինելու վերաբերյալ դիտարկումներին ու հրապարակումներին, ասում է՝

« Եթե նման խոսակցություններ են տանում, թե ես ինչ-որ մեկին խաբում եմ, ուրեմն մեր Հայաստանի համապատասխան կառույցները լավ չեն աշխատում: Իրենք տեսնում են այն բանկային հաշիվները, որոնց վրա գումարը նստած է, որ այն ոչ մի տեղ չի գնում, ոչ մի ավելորդ ծախս չի արվում: Մինչեւ էսօր ես գործում եմ, ինձ չեն բռնել, ոչ էլ ինձ մոտ եկել են»:

Ամեն դեպքում, լուրջ հետաքրքրություն առաջացրած այս ծրագրին դիմողները պետք է գիտակցեն՝ իրենք գործ ունեն մասնավոր սուբյեկտի հետ, որի հետ իրավահարաբերությունների պատասխանատուն պետությունը չէ: Ծուղակից խուսափելու ու դատարան չհասնելու համար ռիսկերը պետք է անձամբ ու առավել լրջորեն գնահատել:

0:00
0:00