ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ հարցեր են քննարկվելու վաղը մեկնարկելիք լիագումար նիստերում
2019-03-04 18:30:01

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մարտի 5-ին աշխատանքը կսկսի 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը: Սա, ըստ էության,  այս խորհրդարանի առաջին նստաշրջանն է, որի օրակարգը ձևավորեն պատգամավորների, խմբակցությունների ու կառավարության օրենսդրական նախաձեռնությունները:  Առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանը քննարկել է հարցեր, որոնք օրակարգային էին ԱԺ կանոնակարգ-օրենքի իմպերատիվ պահանջով:

Ի՞նչ հարցեր են քննարկվելու վաղը մեկնարկելիք լիագումար նիստերում,  ի՞նչ նախագծեր են շրջանառության մեջ դրել պատգամավորներն ու կառավարությունը:

Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի մեկնարկից առաջ պատգամավորները, խմբակցություններն ու կառավարությունը  շրջանառության մեջ են դրել 55 օրենսդրական նախաձեռնություն:

Դրանց կեսից ավելին՝ 35-ը, գործադիրի հեղինակած նախագծերն են, մնացածը՝ պատգամավորներինն ու խմբակցություններինը: ԱԺ խմբակցությունները համարյա հավասար քանակությամբ օրինագծեր են հեղինակել՝ յուրաքանչյուրը 1 տասնյակի մոտ:  

Առաջարկվող նախագծերում կան թեմատիկ կրկնությունները: Օրինակ և «Լուսավոր Հայաստանը», և Բարգավաճը շրջանառության մեջ են դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների 2 նախագիծ, որոնցով կարգավորում է նույն խնդիրը: 2-ն էլ առաջարկում են կալանքի ժամկետը հաշվարկել՝ պատժի 1 օրը 1.5 օր համարելով:

Տարբերությունն այն է, որ
Լուսավորն առաջարկում է միայն հետադարձ ուժով  կիրառել փոփոխությունը, իսկ   ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում էր դրույթը տարածել նաև ապագայում անազատության մեջ հայտնվող անձանց նկատմամբ:

Երկու նախագծերն էլ արժանացել են  նույն ճակատագրին՝ հանձնաժողովներում բացասալկան եզրակացություն են ստացել, դրանից առաջ դրական չի եղել  նաև կառավարության եզրակացությունը:

Շրջանառության մեջ դրված նախագծերից մի քանիսով պատգամավորները «Գովազդի մասին» օրենքում են կանոնակարգումներ առաջարկում: Օրինակ, կրթության և գիտության նախկին փոխնախարարն առաջարկում է օրենքում դրույթ ավելացնել, որով կարգելվի ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ և այլ նմանատիպ աշխատանքներ  պատրաստելու ծառայությունների գովազդը։

Այս նախագիծը դեռ ոլորտային հանձնաժողովում չի քննարկվել, փոխարենն այսօր հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կրթական մեկ այլ նախագծի, որի հեղինակը ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանն է: Նա առաջարկում է,  որ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը՝ ըստ ամիսների վճարելու հնարավորուրթյուն տրվի: Պատգամավորն ասում է, շատ պահանջված  նախաձեռնություն է:

Դրական եզրակացությամբ մարտի 5-ին մեկնարկող նիստերի օրակարգի նախագծում է նաև  զինվորական ծառայությանը վերաբերող օրինագիծը, որը  ներկայացվել է նաև նախորդ գումարումներում, ամեն տարի՝ սկսած 2003 թվականից:  

Խոսքն այն նախագծի մասին է, որը  հնարավորություն է տալիս  27 տարին լրացած քաղաքացիներին վերադառնալ Հայաստան, համապատասխան ընթացակարգերով վճարել սահմանված գումարը ու ազատվել բանակում չծառայելու համար նախատեսված քրեական հետապնդումից։

Ամեն տարի խորհրդարանն արձանագրում է,  որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում, բայց գնում է իրավիճակային լուծման, քանի դեռ գտնված չէ համարգայինը:

Մարտի 5-ին մեկնարկելիք նիստերի օրակարգում օրենքի  պահանջով այս պահին միայն մեկ հարց է՝  դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը: Տիգրան Մուկուչյանը պատգամավորներին կներկայացնի, թե ինչ խնդիրների են բախվել արտահերթ ընտրությունները կազմակերպելիս կամ բախվե՞լ են արդյոք, թե՞ ոչ: Սա կլինի Տիգրան Մուկուչյանի և այս գումարման խորհրդարանի առաջին հանդիպումը:

Օրենքի իմպերատիվ պահանջով մեկ հարց էլ կառավարությունն է ներկայցրել: Գործադիրը խորհրդարան արդեն ուղարկել է այն փաստաթուղթը, որով ներկայացնում է  2018 թվականի հունիսի 7-ին հավանության արժանացած ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները:

Խորհրդարանը դեռ նոր հաստատած Նիկոլ Փաշինյանի կառավարության նոր ծրագիրը, պետք է գնահատի, թե ինչպես է կատարվել նախորդը ՝ հունիսին ընդունվածը:

0:00
0:00