ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կեցցե Հայաստանը․ Հայաստանին նվիրված շքեղ ծրագիր՝ Բրազիլիայում (տեսանյութ)
2019-03-04 19:30:30

Բրազիլիայում ՀՀ դեսպանության անմիջական աջակցության և հայ համայնքի ակտիվ մասնակցության շնորհիվ ավանդական բրազիլական կառնավալի երկրորդ օրը՝ մարտի 3-ին Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում բեմականացվեց Հայաստանին նվիրված շքեղ ծրագիր: Ներկայացումն իրականացվել էր Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցի կողմից, որի տնօրեն Անժելինա Բազիլիոն նախապատրաստական փուլում՝ ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի հրավերով, 2018թ. պատվիրակությամբ այցելել էր Հայաստան և բազմաթիվ հանդիպումներ ունեցել պատկան մարմինների ղեկավարների, ազգագրագետների և լրատվամիջոցների հետ:

Աշխարհի 140 երկրում հեռարձակված 65 րոպե տևողությամբ ներկայացումն ունեցավ կարևորագույն քաղաքական, մշակութային, կրթական և քարոզչական նշանակություն: Ներկայացման սցենարի հեղինակ Անդրե Մաշադոն, անդրադառնալով Հայոց պատմության կարևորագույն շրջաններին՝ սկսած Նոյ նահապետից մինչև նորօրյա Հայաստանը, համապատասխան դեկորացիաներով և գունագեղ հայկական տարազներով, եռագույնով և զինանշանով, ներկայացրեց հինավուրց հայ մշակույթը և վերածնված Հայաստանը: Պարահանդես-շքերթի ողջ ընթացքում հնչում էր այս առիթով հատուկ գրված երգը, որը, ինչպես և ամբողջ ծրագիրը վերնագրված էր Կեցցե Հայաստանը (Viva Hayastan) փառաբանում էր հայ-բրազիլական բարեկամությունն ու հայ ժողովրդին:

Անհրաժեշտ է հատուկ նշել, որ Բրազիլիայի խոշորագույն լրատվամիջոց հանդիսացող Globo ընկերության լրագրողները մանրամասն մեկնաբանում էին բեմականացումը` հատուկ անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության պատմությանը և Մեծ Եղեռնից մազապուրզ եղած հայերի ճակատագրին, որոնց մի ստվար զանգված հաստատվել է Սան Պաուլոյում և մեծ ներդրում է բերում երկրի բարգավաճմանը:

Նախադեպը չունեցող այս պատմական իրողությունը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ների կողմից ` արժանանլով բարձր գնահատականի: