ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա Դիալոգ»-ը՝ կոռուպցիոն սխեմաներում
2019-03-04 22:47:27

Լիտվական բանկից արտահոսած փաստաթղթերի վերջերս կատարված ուսումնասիրությունը բացահայտել է փողերի լվացման մեխանիզմ։

Այդ սխեմայի միջոցով են Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակները օրինականացրել իրենց ֆինանսները՝ օգտագործելով հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։

«Հետքը» Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) 20 գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել են 8,8 միլիարդ դոլար արժողությամբ մի ցանց, որը գործել է ռուսաստանաբնակ գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։ Լրագրողների մոտ են հայտնվել լիտվական «Յուկիո» բանկից (Ūkio bankas) արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր: Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» (Troika Laundromat) անվանումը։

Ցանցն ընդգրկում է նվազագույնը 80 օֆշորային ընկերություններ, որոնք կնքել են շինծու առք ու վաճառքի, վարկային և ներդրումային պայմանագրեր՝ օրինականացնելով միլիոնավոր դոլարներ։ Այդ գումարների ծագումը, սակայն, հայտնի չէ։

Այս ցանցը ոչ միայն հնարավորություն է ստեղծել Ռուսաստանի հարուստներին և ազդեցիկներին՝ իրենց ունեցվածքը թաքցնելու և հարկերից խուսափելու, այլ նաև միջոց է հանդիսացել, որ այդ փողերի իրական սեփականատերերը ձեռք բերեն սեփականաշնորհված էներգետիկ ընկերությունների բաժնետոմսեր, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ռոսնեֆթը» և «Ինտեռ ՌԱՕ»-ն։

Հետաքննության տվյալներով, «Տրոյկա լվացքատունը» օգտագործվել է նաև Ռուսաստանից այն գումրաները դուրս տանելու համար, որոնց ճակատագիրը փորձում էր պարզել 2009 թվականին մոսկովյան բանտում սպանված Սերգեյ Մագնիտսկին:

Հետաքննող լրագրողներին միավորող կազմակերպության պնդմամբ՝ այդ սխեմաները թույլ են տվել ռուսաստանյան քաղաքական և գործարար շրջանակներին գաղտնի մասնաբաժին ձեռք բերել պետական ընկերություններում և անշարժ գույք՝ արտասահմանում: Ընդ որում, ըստ բացահայտված փաստաթղթերի, կասկածելի գործարքներում օգտագործվում էին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած և գործարքներից գաղափար չունեցող հայերը:

«Տրոյկա Դիալոգի» գլխավոր բաժնետերը Ռուբեն Վարդանյանն էր, ով 2012 թվականին իր բաժնեմասը վաճառել է «Սբերբանկ»-ին: