ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը մեծ նշանակություն ունի բարեփոխումների համար. Նիկոլ Փաշինյան
2019-03-05 11:25:12

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետի համար առաջին հնարավորությունն է խոսել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ուստի ես կցանկանայի, մասնավորապես, կենտրոնանալ այն հիմնարար փոփոխությունների վրա, որոնք արդեն տեղի են ունեցել եւ ներկայում տեղի են ունենում իմ երկրում: Ես կխոսեմ նաեւ մեր այսօրվա մարտահրավերների եւ ապագայի մեր նպատակների եւ պլանների մասին»,-Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ համագործակցության օրակարգի համատեքստում կցանկանար նշել նաեւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Գործընթացի սկիզբը մեծապես կնպաստի մարդկանց հետ շփումներին եւ ընդհանրապես երկկողմ համագործակցությանը:

0:00
0:00

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Եվրոպական խորհրդարան: Հայաստանի վարչապետին դիմավորել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը:

Իրենց բնույթով ու չափերով աննախադեպ փոփոխություններ՝ Հայաստանում: Մեր երկրի վարչապետը այսպես է բնութադրում քաղաքական ու տնտեսական լանդշաֆտը փոփոխող իրադարձությունները: Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում հիշեցրել է՝ անցյալ գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի հեղափոխություն.

«Հայ ժողովուրդը, առաջնորդվելով սիրո, հանդուրժողականության եւ եղբայրության կարգախոսներով, ոտքի ելավ՝ պաշտպանելու իր քաղաքական իրավունքները եւ կառուցելու հասարակություն՝ ըստ յուր նվիրական իդեալների եւ արժեքների: Նրանք ընտրեցին ժողովրդավարության եւ բազմակարծության, արդարության եւ հավասարության ուղին: Նրանք հանդես եկան կոռուպցիայի եւ քաղաքական համակարգի դեմ, որը հիմնված էր պատվիրատու-պատվիրող հարաբերությունների վրա: Քաղաքացիները ընդդիմացան երկրի քաղաքական էլիտային, որը մենաշնորհել էր երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքը: Նրանք ընդդիմացան օլիգարխիկ տնտեսությանը եւ նաև նրանց, ովքեր ստեղծել եւ շահագործում էին երկրի հանքարդյունահանող հաստատությունները»:

Թավշյա հեղափոխությունը վերականգնել է ժողովրդավարությունը Հայաստանում: Անդրադառնալով անցյալ դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ նա ասել է, որ դրանք ամրապնդել են ձեռքբերումները: Հեղափոխության ետեւում կանգնած քաղաքական ուժերը տարել են աննախադեպ հաղթանակ.

«Մենք ստացանք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը` ավելի քան 70 տոկոս ձայն: 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները որեւէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել: Նույնքան կարեւոր է ասել, որ վերջին ընտրություններն արժանացան եվրոպական դիտորդների լավագույն գնահատականներին, որոնք ողջունեցին դրանք որպես ազատ, արդար եւ թափանցիկ»:

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ժողովրդավարության հաղթանակը անխուսափելի է մեր երկրում: Այն հիմնված է նախ նրա վրա, որ ազատության եւ ժողովրդավարության գաղափարները խոր արմատներ ունեն մեր ժողովրդի հիմնական արժեքների մեջ: Բացի այդ, մեր հասարակության մեջ ժողովրդավարական փոխակերպումը հիմնված է հայ հասարակության բոլոր շերտերի եւ ամբողջ աշխարհում 6 միլիոնանոց սփյուռքից եկող լայն սոցիալական պահանջարկի վրա:

«Ժողովրդավարությունը մեզ համար սոսկ գոյատեւման տարբերակ չէ. այն մեզ համար անվտանգության հարց է: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի եւ մեր քաղաքական մշակույթի համար ճիշտ է ընդունել, որ ժողովրդավարությունը ապահովում է ավելի ուժեղ եւ ավելի արդյունավետ տնտեսական եւ քաղաքական ինստիտուտներ, որոնք հանդիսանում են երկրի զարգացման կարեւոր նախապայման: Հետեւաբար, մենք մերժեցինք նախկինում գոյություն ունեցող թերզարգացած պետական ինստիտուտների շքեղությունը: Դրանք հանգեցրին տնտեսական անարդյունավետության` խոչընդոտելով մեր երկրի առաջընթացին: Հայաստանում տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները խթանող ժողովրդավարությունը դարձավ հրամայական: Այսօր մենք այլընտրանք չունենք»,-ասել է ՀՀ վարչապետը:

Ուժեղ եւ կենսունակ միջին դասը Հայաստանում կայուն ժողովրդավարության հիմնական նախադրյալներից մեկն է եւ, հետեւաբար, պետք է գնալ տնտեսական հեղափոխության ուղիով, ինչը կառավարության հերթական նպատակն ու ծրագրի անկյունաքարն է:

Այս տեսանկյունից ընդունվել եւ արդեն սկսվել է իրականացվել հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Հայաստանի կառավարության ներկայիս առաջնահերթություններից են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը եւ բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ապահովումը:Կտրուկ միջոցներ կձեռնարկվեն հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխման ուղղությամբ.

«Ես հպարտ եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Հայաստանում մենաշնորհների եւ գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը արդեն իսկ նվազել է: Այսօր Հայաստանում չկա որեւէ մեկը, որն ի վիճակի է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելու համար»:

Հայաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է՝ Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար: Այս նախաձեռնության արժեքը եւ գրավչությունը ի հայտ կգան բացառապես բարեփոխումների իրականացման միջոցով: Հայաստան ԵՄ համագործակցության օրակարգի համատեքստում Հայաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Գործընթացի սկիզբը մեծապես կնպաստի մարդկանց հետ շփումներին եւ ընդհանրապես համագործակցությանը: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ ևւ հարթ կընթանան բարեփոխումները:

«Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: