ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հետևանքները ծանր կլինեն, եթե Անկարան չչեղարկի «S-400»-ի պայմանագիրը
2019-03-05 12:51:57

ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Թուրքիայի հրաժարվել ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից. ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի խոսնակ Էրիկ Փեհոնը զգուշացրել է, որ եթե Թուրքիան չչեղարկի Ռուսաստանի հետ կնքած «S-400»-ի վերաբերյալ պայմանագիրը, ապա Անկարայի համար հետևանքները ծանր կլինեն:

«Մենք ըմբռնումով ենք մոտենում, որ Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր օդային պաշտպանությունը, սակայն S-400-ների գնումը ծանր հետևանքներ կունենան ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա ռազմական համագործակցության համար», -ասել է խոսնակը:

Փեհոնը նաև հավելել է, որ այդ ամենից խուսափելու համար ամերիկյան կողմը Թուրքիայի հետ քննարկում է, թե բացի S-400-ներից այլընտրանքային ինչ տարբերակներ կան։
Նա զգուշացրել է, որ խոշոր զինատեսակներ ձեռբերելու ժամանակ կարևոր է հաշվի առնել, թե դրանք ինչպես կարող են ինտեգրվել ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգի մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ խոսել էր ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Էրդողանը բացատրելով, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի հետ կնքեց «S-400»-ների վերաբերյալ պայմանագիրը, ասել էր. «Անցյալում, երբ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը և «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) սկսեցին սպառնալ մեր սահմաններին, մենք մեր դաշնակիցներից ՀՕՊ համակարգեր պահանջեցինք։ Գիտե՞ք ինչ եղավ, մեզնից ետ վերցրեցին մեր ունեցածները և նոր ՀՕՊ համակարգեր էլ չտրամադրեցին։ Այդ պատճառով, մենք սկսեցինք փնտրել այլընտրանքային տարբերակներ։ «S-400»-ների պայմանագիրն այդ փնտրտուքի արդյունքն էր։ Եթե մեր դաշնակիցները ժամանակին տրամադրեին այն համակարգերը, որոնց կարիքը ունեինք, ապա այդ ամենի անհրաժեշտություն չէր լինի (S-400-ների առքը)։ Հիմա էլ մեզ ասում են, թե հրաժարվեք ռուսական ՀՕՊ համակարգերից։ Ինչո՞ւ հրաժարվենք»։

Էրդողանը նաև անդրադարձել էր Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին՝ ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ։ Նա Վաշինգտոնին մեղադրել էր այն բանի մեջ, որ ամերիկյան կողմը մինչև հիմա Թուրքիային չի փոխանցել «Patriot»-ների տեխնոլոգիաները, չի օժանդակել ֆինանսապես այդ հարցում և ոչ էլ առկա է համաձայնություն այդ համակարգերի համատեղ արտադրության շուրջ: