ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր իրականությունում` առանց ոռոգման խնդիրների
2019-03-05 14:45:41

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Արմավիրի մարզի Խանջյան գյուղում ոռոգման համակարգի բարեկարգման և նոր խորքային հորերի հորատման կարիք կա: Գյուղը մասնագիտացված է հիմնականում պտղաբուծության մեջ և ոռոգման ջրի անբավարար մատակարարման պատճառով բերքի կորուստ են ունենում:

«Զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար պետությունը պետք է աջակցի գյուղացուն և կանգնի գյուղացու կողքին»-ասում են Արմավիրի մարզի Խանջյան համայնքի բնակիչները և պնդում, որ տարվա սկզբից իրենք այգիներում ու դաշտերում են մինչև խոր աշուն, չարչարվում են, սակայն լավ չեն ապրում:

Աշխատող ու արարող ժողովրդի հիմնական պահանջը ժամանակին բավարար քանակությամբ ոռոգման ջրի մատակարարումն է և ջրի խնայողաբար ու արդյունավետ ծախսումը: Նկատել են, որ ջուրն անխնա վատնվում է ապրիլ-մայիս և հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին, որոնք սելավ են առաջացնում դաշտերում ու փողոցներում, իսկ բերքի հիմնական սեզոնին ջուր չեն ունենում.

«Անձրևները, երբ գալիս են, սկսում են ջուրն անխնա օգտագործել: Ջուրը շատ է լինում, սկսում է կանալից թափվել: Պետք է ոռոգման համակարգը փոխվի, վերանորոգվի և ոռոգման ջուրը, թեկուզ անձրևների ժամանակ, օգտագործվի ճիշտ, չափավոր:

Մայիսին, անձրևներին ջրի պրոբլեմ չկա, բայց այդ ժամանակ մեզ պետք չէ: Հուլիս-օգոստոս ամիսներին, երբ պտուղը հասունանալու վրա է՝ ջուր չկա»:

Խանջյանում ոռոգման ջրի մատակարարման բարդությունները կապված են ցանցի անբարեկարգ վիճակի հետ: Համայնքի ներքին ցանցը բնակիչների պնդմամբ անկախացումից առաջ են փոխվել.

«Ջրատարները վնասված են և ջրի կորուստը շատ-շատ է»:

Բացի դա ամբողջովին վնասվել են ջրատարների բաժանարար կետերի սարքերը, որոնք դժվարացնում են ոռոգման ջրի ուղղության կարգավորումը.

«Կիսախողովակների վրա շլուզ չի մնացել, 40 տարի օգտագործվել է՝ կոմունիստների ժամանակներից: Տարին, որ մի 10 հատ նորոգվի՝ խնդիր չենք ունենա: Հիմա պիտի մեշոկ տանես, ցելոֆոն տանես, հող լցնես մեշոկի մեջը, քարեր դնես, որ ջուրը փոխես»:

Ոռոգման շրջանում Խանջյանում անհրաժեշտ է նոր խորքային հորերի հորատում:

Խանջյանցիները հույս ունեն, որ նոր ժամանակներում իրենց գյուղում փոփոխություն կլինի, քանի որ այն արդեն զգացել են: Հարցին՝ հեղափոխությունը հասավ իրենց գյուղ, Սահականուշ Արոյանը պատասխանեց.

«Հա, հասել է, մենք գյուղում առաջին անգամ արդար, լավ ընտրություններ ունեցանք: Մենք հիմա ավելի ուրիշ իրականության մեջ ավելի ճիշտ ու լավ կապրենք: Գյուղացին հավատում է, հույս ունի, որ ինչ որ բան կփոխվի»:

Նրանք հույս ունեն, որ կլուծվի ոռոգման համակարգի խնդիրները, իսկ գյուղատնտեսության մեջ հաջողություններ գրանցելու նպատակով, գտնում են, որ անհրաժեշտ է համակարգված աշխատանք:

0:00
0:00